Թարմացված հաղորդացանկ և նոր ձևաչափեր. ինչ նախագծեր են սպասվում «Արմնյուզ»-ի նոր եթերաշրջանում

11:17 • 06.09.18

 

Սեպտեմբերի 2-ից մեկնարկել է «Արմնյուզ»  հեռուստաընկերության նոր եթերաշրջանը: Հեռուստաընկերությունն իր գործելաոճին համաձայն՝ նոր եթերաշրջանում թարմացրել է հաղորդացանկը, նոր ձևաչափեր ու ծրագրեր ավելացրել արդեն գործող հաղորդաշարերի կողքին: Tert.am Life-ը ներկայացնում է արդեն եթեր հեռարձակվող և սպասվելիք նախագծերը:

 

Սեպտեմբերի  8-ից  «Արմնյուզ»-ի եթերում կլինի նոր հաղորդաշար՝ «Հայերն ապրում են» խորագրով: Սփյուռքի հայ համայնքի  իրական կյանքը և ցավոտ խնդիրները վեր հանելու առաքելությամբ  հաղորդման հեղինակ, լրագրող և ռեժիսոր Սուրեն Արեենցը կներկայացնի սփյուռքը Հայաստանին և հայաստանաբնակներին: Նրա խոսքով, հաղորդման գերնպատակներից է այն, որ արտերկրում ապրող հայերը իմանան, թե սփյուռքն ի՞նչ ցավերով է ապրում, քանի որ հեղինակի պնդմամբ  հենց սփյուռքը  տեղյակ չէ իր շուրջը ապրող մյուս սփյուռքահայերի խնդիրներից և ձեռքբերումներից. «Մենք ամպագոռգոռ հայտարարություններ ենք անում 10 միլիոնանոց սփյուռքի մասին, բայց այն պետք է իրար կապել, և կապող օղակը պիտի լինեմ , ինչու չէ ես՝ Հայաստանի քաղաքացիս»-ասաց նա:

 

Հաղորդման առաջին նկարահանումներ արվել են Լիբանանի հայ համայնքում: Ստեղծագործական թիմը Լիբանանում 7 օրվա ընթացքում 16 հաղորդում է նկարահանել: Հաղորդաշարի առաջին թողարկումը նվիրված է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի թագադրման 50 ամյակին և  շատ հերոսներ ևս ունի, ովքեր իրենց գործունեությամբ հայի տեսակ են ձևավորում: Նախագծի առաջին եթերը հեռուստադիտողին խոստանում է հոգևոր առաջնորդի հետ  կապված նոր բացահայտումներ, որոնց մասին առաջին անգամ խոսվում է հենց  այս նախագծում:  

 

 

Հեռուստաընկերության նոր հաղորդումներից է նաև «20 հարց Համլետ Առաքելյանի և Արփինե Հակոբյանի հետ» ծրագրիրը:  Հաղորդավարները փորձելու են 20 հարցի միջոցով ամեն հաղորդման ընթացքում ամփոփել մեր երկրի համար կարևոր ոլորտները: 

 

«Արմնյուզի» նոր եթերաշրջանում հեռուստադիտողին վաղ առավոտից դրական լիցքեր ապահովելու գործառույթը կշարունակի իրականացնել առավոտյան ծրագիրը, որը մատուցում է թարմ տեղեկատվություն և ունենում հետաքրքիր հյուրեր: 

 

Հեռուստաընկերության լրատվական բաժինը աշխատում է օպերատիվ և թարմացված տեղեկատվություն տրամադրելու սկզբունքով: «Արմնյուզ»-ի լուրերը եթեր են հեռարձակվում յուրաքանչյուր ժամը մեկ, իսկ երեկոյան հիմնական թողարկումն ամփոփում է օրվա լրատվական քրոնիկոնը:

 

 

Հեռուստաընեկրության կրթական ծրագրերից կշարունակվի հեռարձակվել «Հայոց արքաների երկիրը» ֆիլմաշարը: Նոր եթերաշրջանում այն կներկայացնի նոր 10-ը սերիա, որը եթերում կլինի շաբաթը մեկ անգամ:

 

«Արմնյուզի» երեկոյան եթերում Արտակ Վարդանյանը, Դիանա Մալենկոն, Էմմա Հակոբյանը  ուղիղ միացումներով կապ կհաստատեն Լոս Անջելեսի գործընկերների հետ: «ՊանԱրմենիան» TV –ն յուրաքանչյուր աշխատանքային երեկո կլինի «Արմնյուզի» եթերում: Ի դեպ, Արտակ Վարդանյանը պատրաստվում է ներկայացնել իր հեղինակային նոր ծրագիրը, որը եթերում կլինի ավելի ուշ` եթերաշրջանի երկրորդ կեսին:

 

Այսպիսով, «Արմնյուզ»-ը թարմացված հաղորդացանկով և նոր ռիթմով դիտարժան րոպեներ է խոստանում հեռուստադիտողներին:

 

 

 

Թարմացված հաղորդացանկ և նոր ձևաչափեր. ինչ նախագծեր են սպասվում «Արմնյուզ»-ի նոր եթերաշրջանում