Խորեն Լևոնյանի, Ծովինար Մարտիրոսյանի, Լիլի Էլբակյանի և այլոց մասնակցությամբ մայր թատրոնի բեմ կբարձրանա «Սասնա ծռեր» էպոսը

14:42 • 10.09.18

 

Սեպտեմբերի 27-ին մայր թատրոնի բեմ կբարձրանա «Սասնա ծռեր» էպոսը: Երկու մասից բաղկացած բեմադրության հիմքում «Սասնա ծռեր» հայ ժողովրդական էպոսն է իր չորս ճյուղերով: Ներկայացման մեջ ընդգրկված է թատրոնի երիտասարդ կազմը: Ներկայացման պրեմիերային ընդառաջ Tert.am Life-ի հետ զրույցում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը պատմել է ներկայացման մեջ իր մասնակցության, մարմնավորած կերպարի և խաղընկերների հետ աշխատանքի մասին:

 

«Սասնա ծռեր» -ում գլխավոր հերոսին՝ Սասունցի Դավթին, կմարմնավորի ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը: Ներկայացման մեջ ընդգրկված են Հովհաննես Գասպարյանը, Սոնա Մաթևոսյանը, Լիլի Էլբակյանը, Դավիթ Գասպարյանը, Արաքսյա Մելիքյանը, Լուսինե Կոստանյանը և այլք: Վարկածի և բեմադրության հեղինակը ռեժիսոր Սամսոն Մովսեսյանն է, նկարչական ձևավորումն արել է Վիկտորիա Հովհաննիսյանը, զգեստների նկարիչը՝ Անժելա Գալստյանն է,  կոմպոզիտորը՝ Վաչե Շարաֆյանը, իսկ պարերի բեմադրության հեղինակը՝ Աիդա Սիմոնյանն է։

 

Հերոսական անպարտելի ոգի, դյուցազունների սխրանքներ և հայ ժողովրդի կողմից թշնամիների դեմ մղված դարավոր պայքարը հանդիսատեսին կներկայացվի նոր մոտեցումներվ, ժամանակակից լուծումներով: Ծովինարի խոսքով, «Սասնա ծռեր» -ում խաղալը իր դերասանական գործունեության ընթացքում  որակապես նոր ասելիքով և ոճով ներկայանալու հնարավորություն է:

 

 

 «Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս ներկայացման մեջ, ոորվհետև սա ինձ համար նոր ոճ է և նոր որակ: Շատ մեծ ասելիք ունեցող ներկայացում է: Ի դեպ, սա առաջին դեպքն է, որ «Սասնա ծռեր» էպոսը ներկայացված է նոր մտածողությամբ, որը մեզ՝ դերասաններիս, դուր է գալիս: Ներկայացումը բավականին հետաքրքիր ձևաչափում է, չէի ցանկանա շատ գաղտնիքներ բացել, որպեսզի հանդիսատեսին հետաքրքիր լինի: Դերասանների խոսքը հեշտացված կերպով է ներկայացվում, որ հանդիսատեսի համար առավել հասկանալի լինի ասելիքը»,-ասաց նա:

 

Դերասանուհին նշեց, որ ներկայացման մեջ գրեթե բոլոր դերասաններն ունենալու են միաժամանակ երկու դերակատարում: Ծովինարը մարմնավորում է Չմշկիկ Սուլթանին, միաժամանակ՝ Մսրա Մելիքի քրոջը:

 

«Մի ներկայացման մեջ երկու դեր խաղալը շատ բարդ է, բայց նաև դա է իր հետ բերում նոր ոճ և մեզ տալիս ստեղծագործական ոգեշնչում: Դու փորձում ես ավելի լավ աշխատել և ճիշտ գնահատել իրավիճակը: «Սասնա ծռեր»-ում համախմբվել են մայր թատրոնի երիտասարդ ուժերը: Շնորհակալ ենք թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին և գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին, որ երիտասարդներիս տվեցին այս հնարավորությունը»,-ասաց դերասանուհին և ավելացրեց, որ խաղընկերներից ոչ բոլորի հետ է առիթ ունեցել բեմում ներկայանալու,-Բոլորը ինձ շատ հարազատ մարդիկ են: Ուրախ եմ, որ այդ կազմով հանդես ենք գալիս ասելիք ունեցող ներկայացմամբ: Շատ կուզեի՝ երիտասարդները հաճախեին թատրոն և դիտեին ներկայացումը: Ես կարծում եմ՝ հանդիսատեսին դուր կգա»,-եզրափակեց նա: