Հայ-վրացական նոր կատակերգություն` Ստեփան Ղամբարյանի, Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի և այլոց մասնակցությամբ

18:54 • 13.09.18

 

Վրացի ռեժիսորը որոշում է ֆիլմ նկարահանել Երևանում, որի ընթացքն ուղեկցվում է զավեշտալի իրավիճակներով. սա հայ-վրացական համատեղ արտադրության կարճամետրաժ նոր ֆիլմի սյուժեի հիմքն է: Ֆիլմում հանդես են գալիս Ստեփան Ղամբարյանը, Լևոն Հարությունյանը, Լուիզա Ներսիսյանը, Արտաշես Մխիթարյանը, Սոնա Մաթևոսյանը և այլք։

 

Ռեժիսոր Տաթև Մկրտչյանի՝ «Խաչապուրի» աշխատանքային վերնագրով կատակերգությունը փառատոնային ֆիլմ է: Tert.am Life-ի հետ զրույցում գլխավոր դերակատարներից մեկը` Ստեփան Ղամբարյանը, պատմեց, որ ֆիլմի ստեղծագործական թիմում ընդգրկված են հայ և վրացի մասնագետներ, վրացուհիներից մեկն էլ այնտեղ փոքրիկ դերակատարում է ունեցել:

 

Ֆիլմի նկարահանումները տևել են 4 օր և իրականացվել են Թեղենիկ գյուղում: 

  

 

 

«Հետաքրքիր մտածողությամբ, իրավիճակային կատակերգություն է: Վրացի ռեժիսորը, որն ունի ծեր սիրուհի, որոշում է Երևանում ֆիլմ նկարահանել: Սիրուհին է սցենարներ գրում նրա համար, բայց վատ սցենարներ է գրում, նա էլ տարբերակ չունի դրանք չնկարելու: Սիրուհին ֆինանսավորում է, որպեսզի այդ ֆիլմը նկարահանվի ու այդպես շատ հետաքրքիր պատմություն է ծավալվում»,-պատմեց նա:

 

Ստեփանը մարմնավորում է վրացի ռեժիսորի կերպարը։ Նա նշեց, որ նոր դերը և ստեղծագործական այդ կազմով աշխատանքն իր համար բավականին հետաքրքիր էր։ «Ֆիլմում հիմնականում խոսել եմ ռուսական ակցենտով ու հատուկ կերպով: Փորձել եմ չխաղալ մեր իմացած վրացական ակցենտով, որը «Միմինո»-ի օրինակում է: Բոլոր հայերի մեջ այդ շաբլոնն է նստած: Ես փորձեցի ամեն ինչ անել, որպեսզի լինեմ ավելի օրգանական և միտում չլինի նմանվելու,-ասաց նա և ավելացրեց, որ վրացու մարմնավորելը հետաքրքիր էր նաև լեզվական տեսանկյունից,- Վրացուհի մի աղջիկ կար՝ Մարիամը, որն ինձ շատ էր օգնում՝ վրացերեն ռեպլիկներ էր ասում ևնախադասություններ կազմում հատուկ ինձ համար: Աշխատում էի այնպես անել, որ հնչողությունը հնարավորինս անթերի լինի, որպեսզի Վարստանում դիտելիս մարդկանց մոտ թերահավատություն չառաջանա ու չմտածեն՝ դե հայ է խաղում: Թե որքանով է ստացվել, պարզ կինի ֆիլմը դիտելիս: Ի վերջո, ես միշտ ասել եմ՝ ֆիլմը չկտրված ձմերուկի պես մի բան է, մինչև չկտրես, չես իմանա ինչպիսի համ ունի»:  

 

Ֆիլմում շեշտադրված են նաև հայ-վրացական փոխհարաբերությունները՝ համեմված զավեշտալի դրվագներով: Նկարահանումներն արդեն ավարտված են, ֆիլմն այժմ մոնտաժային փուլում է: Նախատեսված է այն ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ «Շատ լավ կազմ էր ներգրավված ֆիլմում: Անկեղծ ասած, շատ տպավորված և ոգևորված եմ: Անհամբեր սպասում եմ՝ տեսնեմ, ինչ է ստացվել»,- ասաց Ստեփանը և հույս հայտնեց, որ փառատոնային ցուցադրման համար նախատեսված ֆիլմը մեծ հաջողություններ կունենա: