Հերմինե Ստեփանյանի առաջին դերակատարումը լիամետրաժ ֆիլմում. Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը կցուցադրվի Հայաստանում

13:36 • 15.09.18

 

Սեպտեմբերի 19-ին տեղի կունենա ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի նկարահանած հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին:  Գլխավոր դերերում հանդես են գալիս Լեռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը: Ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդրա  Պոլիտիկան, Օլեգ Վասիլկովը, Ժոզեֆին Ժապին և այլք: Tert.am Life-ի հետ զրույցում Հերմինե Ստեփանյանը պատմել է իր մարմնավորած կերպարի, ռուս ռեժիսորի հետ համագործակցության և խաղընկերների հետ աշխատանքի մասին, ինչպես նաև տրամադրել լուսանկարներ նկարահանման հրապարակից:

 

Ֆիլմում Հերմինեի հերոսուհին Գոհարն է, որն իր երեխայի հետ հայտնվում է փլատակների տակ: Դերասանուհին պատմեց, որ ֆիլմում նկարահանվելու համար անցկացվող քասթինգի մասին բավականին ուշ է իմացել և մասնակցել է վերջին պահին:

 

 

«Ես զանգահարեցի այն մարդկանց, ովքեր Հայաստանում կազմակերպել էին քասթինգը: Ինձ ասացին, որ մի քանի րոպե է՝ քասթինգը վերջացել է, բայց եթե 10-ը րոպեում հասցնեմ, կարող եմ գնալ և այդպես գնացի մասնակցեցի: Ամբողջական նյութն ուղարկել էին Ալեքսանդր Կոտտին, ինչից հետո նա պետք է  գար Հայաստան, հանդիպեր դերասանների հետ և փորձնական վիդեոնկարահանումն արվեր,-պատմեց նա և ավելացրեց, որ փորձնական նկարահանումն անցնելուց հետո երկար ժամանակ պատասխան չի ստացել,- Շատ լավ հիշում եմ, դեկտեմբերի 30-ն էր, հիվանդ պառկած էի և փորձում էի հասկանալ, թե տարին ինչով էր ինձ համար հետաքրքիր կամ ձեռքբերումների տարի էր թե ոչ: Հասկացա, որ պարզապես ընթացիկ տարի էր և հանկարծ զանգ ստացա դերասանական կազմի ղեկավարի կողմից: Նա ասաց, որ ինձ են հաստատել այդ դերի համար և մի վայրկյանում դա ինձ համար դարձավ ձեռքբերումների ու հաջողությունների տարի»:  

 

Դերասանուհու համար «Սպիտակ» ֆիլմը դեբյուտային էր լիամետրաժ ֆիլմում նկարահանվելու առումով: Հերմինեն այն հաճելի սկիզբ է համարում: Խոսելով իր կերպարի մասին՝ նա նշեց, որ մինչ նկարահանումների մեկնարկը բազմաթիվ փաստավավերագրական ֆիլմեր է դիտել և նյութեր ուսումնասիրել մասնագիտական աչքով:

 

 «Ինձ համար մի հետաքրքիր պատմություն գտա, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ մի կին կրծքով կերկարվող երեխայի հետ մնում է փլատակների տակ: Երբ երրորդ օրն արդեն հասկանում է, որ ուժասպառ է լինում, չի կարողանում գոռալ, որ իրեն գտնեն, նա ապակիով կտրում է մատը և իր արյամբ կերակրում սոված երեխային: Մի տեսակ այդ կնոջ կերպարը հիմք հանդիսացավ իմ կերպարը կերտելու համար, որովհետև իմ հերոսուհին էլ գամված է փլատակների տակ ու չի կարողանում իր երեխային օգնել, չնայած որ երեխան մի քիչ ավելի մեծ է տարիքով,-ասաց Հերմինեն և ավելացրեց, որ  այդ կերպարը մարմնավորելը որոշակի բարդություններ է առաջացրել,-Բարդությունը նրանում էր, որ ֆիզկապես գամված վիճակում էի և շատ մեծ հնարավորություններ դերը ինձ չէր տալիս, բայց ես ունեի մի խաղընկեր՝ Ալեքսանդրա Պոլիտիկան, որն օգնում էր ինձ մինիմալ ֆիզիկական շարժման մեջ հնարավորինս շատ բան անել»:

 

 

 

Հերմինեն առաջին անգամ էր աշխատում Ալեքսանդր Կոտտի հետ: Դերասանուհին նշեց, որ նրա հետ աշխատանքը բավականին հետաքրքիր էր. «Ի տարբերություն շատ ռեժիսորների նա շատ երկար չի աշխատում դերասանի հետ: Խոսում է լակոնիկ, խնդիրները տալիս է շատ հստակ և հասկանալի, ինչպես նաև դերասանին տալիս է ծով ազատություն, որ անի այն, ինչ ուզում է»:

 

ֆիլմի սցենարով Հերմինեի և Լեռնիկի հերոսներն ամուսիններ են: Թեև կերպարները փոխկապակցած են, սակայն ֆիլմի ընթացքում նրանք միասնական տեսարան չեն ունեցել: «Նա մի անգամ այդ առիթովհումոր արեց, ասաց՝ մարդ էլ այսքան սիրուն կին ունենա ու մի տեսարան իր հետ չլինի: Լեռնիկի հետ շատ մտերիմ ենք: Մենք նաև կուրսընկերներ ենք եղել»,-ասաց դերասանուհին:

 

«Սպիտակ» -ի փառատոնային պրեմիերան կայացել է ապրիլին մոսկովյան միջազգային կինոփառատոնի ժամանակ, որում Ալեքսանդր Կոտը ճանաչվել է լավագույն ռեժիսոր:  Հերմինեն նշեց, որ անհամբերությամբ կսպասեն նաև հայ հանդիսատեսի արձագանքին ֆիլմի պրեմիերայից հետո: