Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց Երևան. դերասանի անմիջական շփումն ու հրաշալի տրամադրությունը` Tert.am Life–ի անդրադարձում

06:13 • 15.09.18

 

Tert.am Life-ն իր ընթերցողների հայտնել է, որ հանրահայտ դերասան Ժան-Կլոդ Վան Դամը  գալիս է Հայաստան՝ մասնակցելու Comedy Club-ի երևանյան փառատոնին։

 

Քիչ առաջ դերասանը ժամանեց Հայաստան։ Tert.am Life–ը եղել է օդանավակայանում և ներկայացնում է դերասանի առաջին լուսանկարները մեր երկրից։

 

Դերասանը ժամանեց օդանավակայանի VIP սրահ ու անմիջապես ուղիղ եթերով միացավ Ֆեյսբուքի իր հետևորդներին։

 

«Ուրախ եմ տեսնել Ձեզ»,– ասաց Վան Դամն իրեն դիմավորողներին։ Դերասանը նշեց, որ թռիչքը հրաշալի է անցել, ինքն առաջին անգամ է Հայաստանում և շատ ուրախ է այստեղ գտնվելու առիթով։

 

 

Լուսադեմին Հայաստան ժամանած Վան Դամն աչքի ընկավ իր անմիջականությամբ։ Ի տարբերություն շատ հայտնիների` նա չխուսափեց շփվել ներկաների հետ։ Չնայած երկարատև թռիչքին` պատրաստակամ էր լուսանկարվել ցանկացողների հետ, ավելին, շնորհակալություն էր հայտնում բոլոր նրանց, ովքեր լուսանկարվելու ցանկություն էին հայտնում։

 

«Շառլ Ազնավուրն իմ լավ ընկերն է։ Ինչպես գիտեք, որ մոտ 8 մլն հայ կա, որն ապրում է Հայաստանից դուրս։ Ընկերներիս մեջ շատ հայ մարդիկ կան»,– ասաց նա։

 

57–ամյա դերասանը ժամանակին մեծ ճանաչում ուներ իր մարտաֆիլմերով, որոնցից առավել հայտնի են համարվում «Արյունալի սպորտը», «Քիքբռնցքամարտիկը», «Կրկնակի հարվածը», «Ունիվերսալ զինվորը», «Դժվար թիրախը», «Ժամանակի ոստիկանը», «ԺԿՎԴ»–ն։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի