Comedy club-ի կազմակերպած հումորային տոնը Երևանում. կարմիր գորգն ու հետաքրքիր մանրամասները
Երևանում երեկ և այսօր հումորային մեծ տոն է։ Պատկերացնո՞ւմ եք Comedy Club–ի մոտ 3 ժամանոց ծրագիր, որի զգալի մասը նվիրված է հայերին և հնարավորություն է տալիս մեզ նայել կողքից։ Իհարկե, չափազանցություններով և շատ ծիծաղելի։
«Comedy Club»–ը Երևանում փառատոնն արդեն իրականություն է. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախ կայացավ կարմիր գորգի արարողությունը, այնուհետև շոու ծրագիրը։ Tert.am Life–ը ներկայացնում է կարմիր գորգի արարողության մանրամասները։ Բացի Comedy club–ի ամբողջական կազմը Հայաստան էին ժամանել նաև մի շարք հայտնի մարդիկ։ Նրանց թվում էր Ժան Կլոդ Վան Դամը։ Ակումբի հայտնի հյուրերի շարքերում էին նաև Հովհաննես Ազոյանը, Լիլի Մորտոն, սահակյանցները և այլք, որոնց հետ Պավել Վոլյան ու Գարիկ Մարտիրոսյանը հումորային զրույց ունեցան։ Առաջին շարքում էին նստած «Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի գլխավոր տնօրեն, Comedy club–ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը և Ռուբեն Վարդանյանը։
Comedy club-ին ամբողջական կազմով Երևանում երկար էին սպասել` 15 տարի։ Քանի որ այցը երկար սպասված էր, հումորիստները մանրակրկիտ էին պատրաստվել երևանյան ելույթին։ Պավել Վոլյան նույնիսկ նախապես եկել էր Հայաստան, որպեսզի ուսումնասիրի Երևանն ու հատուկ մոնոլոգ գրի Երևանի մասին։ Ինչ խոսք, Վոլյայի աչքերով Երևանի մասին հետաքրքիր բացահայտումներ կան, որոնք հոկտեմբերին կարող եք անել ТНТ–ի եթերում, եթե հնարավորություն չեք ունեցել հետևել շոուին դահլիճից։

«Ուրախ եմ բոլորիդ տեսնել այստեղ։ Սա հրաշալի իրադարձություն է Երևանում։ Մենք մեզ շատ լավ ենք զգում, համեղ ուտում ենք, տարբեր վայրեր ենք գնում։ Առանձնահատուկ շնորհակալություն լավ եղանակի համար»,– ասաց Վոլյան և հավելեց, որ առաջին անգամ չէ, որ գալիս է Հայաստան, պարզապես վաղուց չէր եղել Երևանում։ Իր հայտնի «փող չկա» արտահայտությանն անդրադառնալով` հումորիստը հույս հայտնեց, որ փառատոնից հետո Հայաստանում իրավիճակը կփոխվի։
Գարիկ Մարտիրոսյանը Tert.am Life–ին հայտնել էր, որ հայրենիքում ելույթը յուրատեսակ քննություն է լինելու իրենց համար և բավականին անհանգստացած է ելույթից առաջ։

«Մենք եկել ենք Երևան, որպեսզի ցույց տանք, որ հայկական հումորն ամենալավն է ամբողջ աշխարհում: Իհարկե, Խառլամովի ուժերով, բայց ամեն դեպքում որոշեցինք ցույց տալ:)»,– ելույթին ընդառաջ ասաց շոումենը։
Իր հերթին Գարիկ Խառլամովը հայերիս բարևեց «ոնց ես ախպեր» արտահայտությամբ և ասաց, որ Մարտիրոսյանն իրեն սովորեցրել է նաև «ես սոխ եմ» արտահայտությունը։ Նա նկատեց, որ շշուկները, որ Մարտիրոսյանն իրենց ուժով է բերել Հայաստան, համապատասխանում են իրականությանը։ «Իհարկե, նա մեզ ամեն ինչ ստիպում է անել։ Ես տանը կպառկեի կարտոֆիլ, չիպս կուտեի»,– կատակեց նա:) Այս թեմայով հայերիս համար առավել հաճելի պատասխան տվեց Պավել Վոլյան. «Կարծում եմ` բոլորը հաճույքով են եկել այստեղ»։)





























































Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







