Օլգա Բուզովան, Լիլի Սարգսյանը, Գոհար Հարությունյանը և այլ հայտնիներ` Comedy Club-ում. փառատոնի երկրորդ օրվա հետաքրքիր դրվագներն ու մանրամասները
Հումորային տոն Երևանում ու անսպառ ծիծաղ. Comedy Club-ի հայաստանյան փառատոնն անցավ հենց այս մթնոլորտում: Սեպտեմբերի 16-ին՝ փառատոնի երկրորդ օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսատեսին սպասվում էր բոլորովին այլ ծրագիր՝ կրկին աստղային հյուրերի մասնակցությամբ:
Tert.am Life-ը ներկա է եղել հումորային ակումբի երկրորդ ելույթին, զրուցել հայտնի հյուրերի հետ:
«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի գլխավոր տնօրեն, Comedy Club production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը նշեց, որ դեռ տարեսկզբին է ծնվել Երևանում Comedy Club-ի փառատոն կազմակերպելու գաղափարը:

«Comedy Club-ի փառատոնը անցավ շատ բարձր մակարդակով, ինչի համար շատ շնորհակալ ենք առաջին հերթին հայ հանդիսատեսին: Մեր առաջին խնդիրը, որի համար Comedy Club փառատոնը կազմակերպել ենք Հայաստանում, եղել է տուրիզմի զարգացմանը խթանելը, որովհետև կարծում ենք, որ այսպիսի մեծ եթերային հարված հայկական տուրիզմը երբևէ չէր ստացել: Մենք շատ ուրախ ենք, որ ունենք հնարավորություն գովազդելու ամբողջ Հայաստանը, որովհետև այստեղ ամբողջ շոուի ընթացքում կարմիր թելով անցնում են հայկական տարբեր թեմաներ՝ հայկական խոհանոցից մինչև հայկական մշակույթի էլեմենտներ, նույնիսկ հայկական քաղաքական որոշակի ելևէջներ կան»,- ասաց Ջանիբեկյանը:
Comedy Club-ը հատուկ հայ հանդիսատեսի համար մտածված ծրագրով է ներկայանում, որտեղ առանցքային տեղ ունի անդրադարձը Երևանին և երևանցիների, չէ՞ որ Երևանի 2800-ամյակը փառատոնի կազմակերպման հիմնական շարժառիթներից մեկն է:
Comedy Club–ի փառատոնը մեկնարկեց կարմիր գորգի հանդիսավոր արարողությամբ: Փառատոնի հատուկ հյուրն էր հաղորդավարուհի և երգչուհի Օլգա Բուզովան: Օլգան իրեն հատուկ անմիջականությամբ անցավ կարմիր գորգով, ժպտաց տեսախցիկներին ու լրագրողների հետ կիսվեց իր տպավորություններով: Հեռուստաաստղն առաջին անգամ է այցելում Հայաստան, ասաց, որ տպավորված է Երևանի ջերմ եղանակով ու ընդունելությամբ, որը նկատել է դեռ հյուրանոցից. «Ինձ դիմավորեցին «բարի գալուստ, Օլգա ջան» գրությամբ, սեղանին դրված էր կարմիր գինու շիշ, որն ինձ հետ անպայման կտանեմ Մոկսվա ու գեղեցիկ ծաղկեփունջ: Ես երջանիկ եմ այստեղ գտնվել: Երևանը շատ հյուրընկալ ու ջերմ, արևային քաղաք է»:

Tert.am Life-ի հարցին՝ Բուզովան նախատեսո՞ւմ է Երևանում հանդես գալ մենահամերգով, երգչուհին պատասխանեց. «Իհարկե կան նման պլաններ, ընդ որում շատ մոտ ապագայի համար»:
Comedy Club-ի միակ իգական սեռի ներկայացուցիչը՝ Մարինա Կռավեցը, ասաց, որ հասցրել է շրջել մայրաքաղաքով, Կասկադի աստիճաններն է բարձրացել։ «Մինչև հիմա ոտքերս ցավում են»,-ասաց նա: Մարինան նշեց, որ շատ է ցանկանում լինել նաև Ազգային պատկերասրահում և Փարաջանովի տուն-թանգարանում: Դերասանուհին շնորհավորեց նաև Երևանի 2800-ամյակը «2800-ը ծաղկման տարիք է, շատ նոր բան դեռ առջևում է»: Մարինան ասաց, որ առաջին օրվա ելույթից հետո բավականին տպավորված է և ոգևորված հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությունից: Նույն կարծիքին էր նաև ակումբի մյուս անդամ Դեմիս Կարիբիդիսը. «Հիանալի ելույթ ունեցանք, մեր պատրաստած բոլոր համարները շատ լավ անցան: Ակնհայտ էր, որ հանրությունը զգում էր հումորային լավ ծրագրի կարիք, ի պատասխան` մեզ տվեցին ջերմ ծափահարություններ»:
Ռուս դերասան, երգիչ Գոշա Կուցենկոն ասաց, որ արդեն հասցրել է փորձել հայկական կոնյակը, ինչը և ցանկանում էր անել. «Ողջ գիշեր դրանով եմ զբաղված եղել և ինչպես տեսնում եք՝ ողջ եմ»: Նա նույնպես շնորհավորեց Երևանի 2800-ամյակը և նշեց, որ Հայաստանը մեգատուրիստական երկիր է. «Երբ Մոսկվայում իմացան, որ գալիս ենք Երևան Comedy Club-ի փառատոնին, շատերն էին ցանկանում գալ: Ձեզ մոտ իսկապես հրաշալի է»:

Comedy Club-ի փառատոնը Երևանում նշանավորվեց նաև նրանով, որ Գարիկ Մարտիրոսյանը վերադարձավ բեմ: Նրա կինը՝ Ժաննա Մարտիորսյանը պատմեց ամուսնու ապրումների մասին հայրենիքում ելույթ ունենալուց առաջ. «Դեռ ամիսներ առաջ, երբ իմացանք, որ փառատոն է անցկացվելու Երևանում, Գարիկը սկսել էր վատ քնել, նորմալ չէր սնվում: Նա ասում էր՝ դա իմ կյանքի ամենապատասխանատու միջոցառումն է լինելու, որովհետև իմ հայրենիքում պետք է ելույթ ունենամ: Նրանք մի քանի ամիս, օրը 24 ժամ սցենար էին գրում, փորձեր անում: Տղաները շատ ուժեղ են նախապատարստվել: Հպարտ եմ բոլորով, Գարիկով՝ հատկապես»:
Comedy Club –ը հյուրընկալել էր ինչպես ռուսաստանյան, այնպես էլ հայ հայտնի արտիստներին՝ Նատալյա Եփրիկյանին, Արարատ Քեշյանին, Թաթա Սիմոնյանին, Իվետա Մուկուչյանին: Փառատոնի հյուրերի թվում էին հայ գեղեցկուհիները՝ «Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանը, «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը, «Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանը և «Միսս Տիեզերք» մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Էլիզա Մուրադյանը: Նրանց հետ հետաքրիր հարցուպատասխանն ու անմիջական շփումը Գարիկ Մարտիորսյանի և Պավել Վոլյայի հետ կարող եք հետևել TНТ-ի աշնանային եթերաշրջանում:
Մանրամասները՝ տեսանյութում.







