Տեներիֆեում ապրող և ստեղծագործող հայ տենոր Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

17:07 • 20.09.18

 

Հոկտեմբերի 12-ին` ժամը 19:00-ին,Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա օպերային երգիչ, տենոր Դավիթ Հովհաննիսյանի մենահամերգը: Շուրջ 6 տարի Տեներիֆեում ապրող և ստեղծագործող երաժշտի մենահամերգը նվիրված է մայրաքաղաքի 2800-ամյակին:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Դավիթը մանրամասներ է պատմել մենահամերգին սպասվող երաժշտական ծրագրի մասին, ինչպես նաև խոսել է դրսում իր ծավալած գործունեության և Հայաստան վերադառնալու նպատակի մասին:

 

Դավիթը մասնագիտությամբ միջազգայնագետ է: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով, իսկ երգել սկսել է 2011 թվականից: Ասում է՝ երաժշտության ճանապարհով գնալը շատ պատահական ստացվեց և փոփոխությունների սկիզբ դրեց իր կյանքում: Նա տեղափոխվել է Տեներիֆե, որտեղ ուսանել է Կոնսերվատորիայում՝ Կարմեն Ակոստայի, այնուհետև Հռոմի Օպերային թատրոնի երգչուհի՝ Ռենատա Լամանդայի մոտ: Դավիթը հանդիսանում է Տեներիֆեում հայտնի Union Artistica El Cabo երգչախմբի մենակատարը: Մեծ մասամբ հանդես է գալիս բարեգործական համերգներով:

 

 

Երևանում օպերային երգչի մենահամերգը նույնպես կոմերցիոն նկատառումներ չունի, մուտքը լինելու է հրավիրատոմսերով, որոնք կբաժանվեն բոլոր ցանկացողներին. «Ցանկացա համերգի տեսքով նվեր մատուցել իմ քաղաքին և այն վերածվեց մի նախագծի, որը նվիրվում է Երևանի 2800-ամյակին»:  

 

Դավիթը Հայաստանում առաջին անգամ համերգով հանդես է եկել 2015-ին: «Այդ ժամանակ Հայաստան էինք եկել շատ հայտնի սոպրանո, իսպանուհի օպերային երգչուհի Կարմեն Ակոստայի հետ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես եկանք համերգով, որը տեղի ունեցավ իմ կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում»,-ասաց նա:

 

Երգիչը ներկայանում է դասական Crossover երաժշտական ժանրում, որը երաժշտական տարբեր ոճերի համադրություն է՝ դասական մոտիվներով: Այն իր մեջ կարող է ներառել ֆոլք երաժշտության տարրեր, փոփ, ռոմանս, եվրոպական շանսոն, բալլադ եւ այլն:

 

 

«Դասական Crossover ժանրը շատ դասականների կողմից չէր ընդունվում, բայց հիմա այն արդեն հիմնովին ձևավորված ժանր է: Շատ արտիստներ կան, որ ներկայանում են այդ ոճում: Ամենահայտնիներից մեկը Անդրեա Բոչելին է: Հայ հանդիսատեսին սա խորթ ոճ է, ընդ որում և՛ նրանց համար, ովքեր փոփ երաժշտություն են նախընտրում, և՛ դասական երաժշտություն լսողների համար: Այդ տեսանկյունից փոքր-ինչ դժվար է նման երաժշտություն մատուցելը, բայց հուսով եմ, որ երաժշտական այս ոճը նախընտրողների մի հատված կձևավորվի: Սա ավելի թեթև և հեշտ ունկնդրելի ժանր է, իսկ թե քանի տոկոսն այն կընդունի, ցույց կտա ժամանակը»:  

 

Դավիթը նշեց, որ երևանյան համերգին նրան կնվագակցի Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը, իսկ երեկոն կվարի Արա Ղազարյանը. «Համերգի սկզբում կկատարեմ Կոմիտասի «Կռունկ»-ը, կհնչեն տարբեր երգեր, իսպանական, իտալական շատ հայտնի գործեր ինչպես դասական, այնպես էլ դասական Crossover ժանրում: Համերգի ընթացքում կկատարեմ նաև Երևանին նվիրված իմ երգը, որը Քրիստ Մանարյանի հետ համատեղ ենք ստեղծել»:

 

 


Երգչի մենահամերգը կնշանավորվի նաև տեսահոլովակի պրեմիերայով: Տեներիֆեի վերաբերյալ երգի տեսահոլովակն առաջին անգամ կցուցադրվի  Հայաստանում մենահամերգի ժամանակ: Տեսահոլովակի ռեժիսորը հանրահայտ Ֆրան Կազանովան է: 

 

Թեև Դավիթն իր ամբողջ երաժշտական գործունեություն ծավալում է դրսում, բայց նշեց, որ հայրենիքի հետ կապը երբևէ չի ընդհատվում, ավելին՝ հեռահար նպատակներ ունի վերադառնալու։

 

«Կապը Հայաստանի հետ մշտապես կա: Իմ ընտանիքն ու բոլոր ընկերներն այստեղ են: Տարին մեկ անգամ գալիս եմ Հայաստան: Ի սկզբանե նպատակս այնտեղ գնալ և ուսում ստանալն էր, իսկ հետո այստեղ գալն ու աշխատելը, բայց ժամանակի հետ հասկացա, որ ավելի լավ է արդեն որպես արվեստի կայացած գործիչ վերադառնամ և հուսով եմ այդ օրը շուտ կմոտենա: Մի օր անպայման կվերադառնամ, պարզապես վերադառնալու եմ այնպես, որ ավելի շատ ներդրում ունենամ Հայաստանում»,-եզրափակեց նա: 

 

 

Տեներիֆեում ապրող և ստեղծագործող հայ տենոր Դավիթ Հովհաննիսյանը մենահամերգով հանդես կգա Երևանում