««Խոստումը» ֆիլմը շատ կարևոր էր աշխարհին ևս մեկ անգամ Եղեռնի մասին պատմելու համար». Էրիկ Իսրայելյանի և Ջին Բլոքի այցը Երևան և հանդիպումն ուսանողների հետ
Ամերիկահայ անվանի բժիշկ, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 18-ին եռօրյա այցով ժամանել են Երևան, որի շրջանակում հանդիպումներ են ունեցել նաև տարբեր բուհերի ուսանողների և ղեկավար կազմի հետ, քննարկել համատեղ կրթական, բարեգործական ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Tert.am Life–ը ներկա է եղել նրանց հանդիպման Բժշկականի ուսանողների հետ և ներկայացնում է մանրամասները։
«Շատ ուրախ եմ, որ պարոն Սարգսյանը հրավիրել է մեզ: Ինձ համար պատիվ է ձեր կողքին լինելը, քանի որ համոզված եմ՝ դուք մեր երկրի առողջապահության ոլորտի ապագա առաջնորդներն եք: Այն, թե ինչպես ենք մենք հոգ տանում մեր հիվանդների մասին, աշխարհին շատ բան է պատմում մեր մասին: Ինձ համար ոգեշնչող է տեսնել մասնագիտության հանդեպ այն նվիրվածությունը, որը կա Հայաստանում,– ասաց Էրիկ Իսրայելյանը և նկատեց, որ բժիշկ լինելն առավելություն է, քանի որ այն առաջին հերթին հնարավորություն է ծառայելու մարդկանց: –Ինձ երբեմն հարցնում են` ինչպե՞ս է ինձ հաջողվել անել այս կամ այն բանը, չէ՞ որ բժիշկ եմ, ինչին ես պատասխանում եմ, որովհետև ես բժիշկ եմ»:

Հանդիպման ընթացքում ուսանողները բազմաթիվ հարցեր տվեցին պրոդյուսերին, զրուցեցին նաև «Խոստումը» ֆիլմի մասին։ Ուսանողները նրանից հետաքրքրվեցին՝ արդյոք իր բժիշկ լինելով էր պայմանավորված, որ «Խոստումը» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը ևս բժիշկ էր: Նրա խոսքով` սա այն մասնագիտությունն է, որն օգնում է մարդկանց, իսկ դա այն էր, ինչը ցանկացել է թե՛ ինքը, թե՛ իր ընտանիքը:
«Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցություն ունենալ այնպիսի նախագծում, ինչպիսին «Խոստումը» ֆիլմն էր: Այդ ամենը ստեղծվեց շնորհիվ Քըրք Քըրքորյանի մեծահոգության և նվիրվածության. նա ցանկանում էր ստեղծել այս ֆիլմը, որպեսզի այն կարողանար կրթել սերունդներ: Շատ պատմաբաններ մեծ աշխատանք են կատարել՝ Հայոց Ցեղասպանությունը աշխարհին պատմելու համար, որպեսզի մարդիկ չմոռանան դա ու իմանան ճշմարտությունը։ Այս մասշտաբի ֆիլմի առկայությունն էլ շատ կարևոր էր աշխարհին ևս մեկ անգամ այդ մասին պատմելու համար: Իմ նախապապերը Պատմական Հայաստանից էին: Այս ֆիլմում ես տեսնում եմ նաև իմ ընտանիքի պատմության արտացոլումը, և մեզանից շատերը դա տեսած կլինեն: Ցավոք, շատերիս նախնիներն են զոհ գնացել ցեղասպանությանը: Այդպիսով, մենք փորձել ենք հնարավորինս ցայտուն նկարագրել այն ամենը, ինչ եղել է»,– ասաց նա։
Իր տպավորություններով կիսվեց նաև ակադեմիկոս Ջին Բլոքը: Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը նկատեց, որ իրենց համալսարանում սովորում են հայազգի բազմաթիվ ուսանողներ, իր համար շատ հետաքրքիր և հաճելի է այցելել իր ուսանողների հայրենիք:














