Սիդնի Գրիգորյանը՝ 28-ամյակի առթիվ ամուսնու անակնկալի և խնջույք չկազմակերպելու պատճառի մասին
Երգչուհի Սիդնի Գրիգորյանն այսօր նշում է 28-ամյակը: Սիդնիի համար այս տարվա տարեդարձն առանձնահատուկ է, քանի որ այն նշում է մայրիկի կարգավիճակում: Դրանով պայմանավորված երգչուհին ի տարբերություն նախորդ տարիների, մեծ խնջույք չի նախատեսել: Tert.am Life-ի հետ զրույցում Սիդնին պատմել է՝ ինչպես է սկսել տոնական օրը և ինչ անակնկալ է մատուցել ամուսինը:
Սիդնին նշեց, որ տոնական օրն իր համար սկսվել է կեսգիշերից: Երգչուհուն առաջինը շնորհավորել է ամուսինը՝ Ցոլակը և գեղեցիկ անակնկալ մատուցել. «Բալիկի խնամքով պայմանավորված հոգնածության պատճառով շատ երկար չեմ կարողանում արթուն մնալ։ Արդեն քնած էի, երբ ամուսինս դուրս էր եկել տանից: Ժամը 12-ին ինձ արթնացրեց բարձր երաժշտությամբ, փուչիկներով, գեղեցիկ ծաղկեփնջով և նվերով: Նա տոնական սեղան էր պատրաստել՝ շամպայնով և տորթով: Իսկապես շատ հաճելի անակնկալ էր ինձ համար»:
Սիդնին չցանկացավ բացահայտել, թե ինչ նվեր է ստացել ամուսնու կողմից, միայն նկատեց, որ Ցոլակին հաջողվում է ամեն տարի գոհացնել իրեն: «Ինձ շատ լավ ճանաչելով, իմանալով իմ նախասիրությունները՝ ամեն տարի նվիրում է այն, ինչ ինձ իսկապես անհրաժեշտ է ու շատ կուրախացնի ինձ»,-ասաց նա:

Սինդին նշեց, որ այս տարի առանձնահատուկ երջանիկ է տարեդարձի օրը, քանի որ այն նշում է որդու՝ Դավթի հետ: Նրա խոսքով, թեև սիրում է տարեդարձը նշել տոնական մեծ խնջույքով, այս տարի բացառություն է արել. «Քանի որ բալիկս դեռ փոքր է և իրեն չէինք կարող մեզ հետ տանել նմանատիպ հավաքույթի, որոշեցինք այս տարի պարզապես նեղ ընտանեկան միջավայրում նշել: Երեկոյան միասին ինչ–որ տեղ կգնանք»:
Սիդնիի խոսքով` տարեդարձի օրն արած–չարածների մասին չի մտածում, դա անում է Նոր տարվա շեմին: Այդուհանդերձ, երգչուհին կարծում է, որ 28 տարիների իր ամենակարևոր ձեռքբերումը ընտանիք կազմելն ու բալիկ ունենալն է. «Տարիքի ավելացման հետ կապված մի փոքր տխրում եմ, բայց կարծում եմ` դա ավելի շատ կսկսվի 30-ից հետո: Այդ տարիքում սկսում ես գիտակցել, որ մեծանում ես»:
Իրեն ուղղված մաղթանքներից, Սիդնին առանձնացրեց առողջ ու երջանիկ լինելը, իսկ ինքն իրեն մաղթեց, որ իր կյանքում ոչինչ չփոխվի, լինի այնպես, ինչպես կա:









