Տոնական տրամադրություն Երևանում. ՀՀ անկախության 27-ամյակի միջոցառումները` ֆոտոշարքով
Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության 27-ամյակը: Տոնական տրամադրությունը մայրաքաղաքում նկատելի է վաղ առավոտից: Սա թերևս այն օրերից է, երբ փողոցների փակ լինելը վարորդներին ու քաղաքացիներին նյարդայնանալու առիթ չի տալիս՝ պատճառը հարգելի է: Փոքրից մեծ՝ ՀՀ բոլոր քաղաքացիները ուրախանում էին ու միմյանց շնորհավորում:
Tert.am Life-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, ֆիքսել օրվա տոնական տրամադրությունը, հետաքրքիր միջոցառումներն ու մարդկանց:
Հանրապետության հրապարակը տոնական միջոցառումների կիզակետն է: Նկարների ու քանդակների ցուցահանդես, տարբեր բեմահարթակներ, որոնք առաջարկում են համերգային տարբեր ծրագրեր` ըստ նախասիրությունների, թատերական ներկայացումներ: Քաղաքում կարելի է տեսնել բազմաթիվ ժպտացող դեմքերի:

Օրվա տարբերակիչ նշանը ՀՀ պետական դրոշն է, որ քաղաքացիներից շատերը, իսկ փոքրիկները առավելապես՝ դաջել են իրենց դեմքերին: Երեխաները մայրաքաղաքի գլխավոր հրապարակը գունազարդում էին իրենց պատկերացումերով՝ նկարելով կավճի օգնությամբ: ՀՀ քաղաքացիների հիմնական մաղթանքը՝ ապրել խաղաղ երկնքի ներքո ու իսկապես արժևորել ձեռքբերված անկախությունը:
Հրապարակում էին նաև հանրային, ճանաչված դեմքեր, որոնք քաղաքացիների հետ լուսանկարվում էին: Երգչուհի Սոֆի Մխեյանը Tert.am Life-ի հետ զրույցում իր շնորհավորանքն ուղղեց անկախության տոնի առթիվ և ասաց, որ այս տարի նույնպես տոնական օրն անցնելու է աշխատանքային մթնոլորտում. «Ոչ միայն կոնկրետ այսօր, այլև ընդհանարպես, մենք մեր գործն ենք անում, մեր սերը տարածում ենք երգի միջոցով: Շնորհավո՛ր տոնդ, անկախ Հայաստան: Աստված թող պահապան լինի մեր ազգին, մեր ժողովրդին: Մաղթում եմ սեր, առողջություն, երջանկություն և թող ամենակարևորը՝ խաղաղ երկինք լինի թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում»:

Անկախության տոնին Երևան համայնքի բոլոր վարչական շրջանների պուրակներում տեղադրված են բեմեր և տարբեր ժամերին սպասվում են միջոցառումներ: Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ 20-ից ավելի բեմահարթակ է տեղադրվել մայրաքաղաքում: Նա նկատեց, որ հաջողվել է ապահովել օրվա տոնական տրամադրությունը. «Բոլորն ուրախ են, կարևորը՝ մարդկանց դեմքին ժպիտ կա: Մեր՝ կազմակերպիչներիս խնդիրը մարդկանց ժպիտ և տրամադրություն փոխանցելն է, որը կարծում եմ, մինչ այս պահը ստացվել է: Մենք հպարտ ենք կրում մեր 27–ամյա անկախությունը: Մաղթում եմ, որ մեզնից երբեք չպակասի մեր հպարտությունը»:
Հյուսիսային պողոտայի տարածքում տեղադրված են էլեկտրոնային երաժշտության բեմահարթակներ: Հայտնի դիջեյները մինչև ուշ երեկո քաղաքացիներին ակումբային ռիթմեր ու պարային տրամադրություն կփոխանցեն:
Տոնական օրվա եզրափակիչ ակորդները կլինեն Հանրապետության հրապարակում՝ 23:00-ին սպասվող հրավառությամբ:








՛


















Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







