Մանկական հեքիաթ ֆիլմ՝ Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի, Շուշաննա Թովմասյանի և այլոց մասնակցությամբ

13:06 • 25.09.18

 

 Դեկտեմբերին մեծ էկրաններ կբարձրանա նոր արկածային կատակերգություն հայտնի  դերասանների մասնակցությամբ: Մանկական լսարանին հասցեագրված հեքիաթ ֆիլմում խաղում են Լուիզա Ներիսյանը, Լևոն Հարությունյանը, Շուշաննա Թովմասյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը և այլք: Tert.am Life-ի հետ զրույցում ռեժիսոր Արմեն Սիմոնյանը որոշ մանրամասներ է պատմել ֆիլմի սյուժեի մասին և խոսել դերասանների հետ աշխատանքից:

 

«Ձյունանուշ» աշխատանքային անվանումով արկածային ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Արմեն Սիմոնյանն է: Այն ամանորյա հեքիաթ ֆիլմ է, որի նկարահանումները մեկնարկել են դեռ նախորդ տավա դեկտեմբերին. «Նախորդ տարի նկարահանեցինք ֆիլմի ձմեռային տեսարանները, իսկ այս օրերին նկարահանեցինք հեքիաթի հատվածները: Ֆիլմն այժմ հետարտադրական փուլում է, նոր նկարահանված հատվածներ են մոնտաժվում, ինչպես նաև երաժշտության, հատուկ էֆֆեկտների ավելացման ընթացքն է գնում:

 

 

Ֆիլմում գործողությունները ծավալվում են շատ արագ: Ռեժիսորի խոսքով ֆիլմը ամանորյա հրաշքների և դրանց իրականանալու մասին է: Գլխավոր հերոսների դերում երեխաներն են, որոնց մարմնավորել են Էլեն Կարապետյանն ու Ալեքսանդր Մանուկյանը: Հերոսուհու մայրիկի դերում հանդես է գալիս Լուիզա Ներսիսյանը, Ձյունանուշը՝ Շուշաննա Թովմասյանն է, իսկ Անդոն և Ռաֆոն ֆիլմում մարմնավորում են մեկ այլ՝ հեքիաթի աշխարհից հերոսների:

 

«Ըստ սցենարի երեխաները, որոնք սպասում են ամանորյա հրաշքին, նամակ են գրում Ձմեռ պապին, որ իրենց նվերները ստանան: Նրանց ընկերներից մեկը չի հասցնում իր նամակը ուղարկել և հերոսուհիներից մեկը փորձում է օգնել նրան: Այդ գործում երեխաներին օգնում է նաև Ձյունանուշը և երբ իրենք իսկապես հավատում են, ամեն բան ստացվում է: Ի վերջո մինչև ժամը 12-ը նրանք հասցնում են նամակն ուղարկել, իսկ Ձմեռ պապին նվերը հասցնում է երեխային»:

 

 

 

Ռեժիսորը նշեց, որ սա իր երկրորդ լիամետրաժ ֆիլմն է, բայց առաջինը՝ մանկական լսարանի համար: Հաշվի առնելով, որ փոքրիկ հանդիսատեսն ավելի բծախնդիր է, Արմենը ասաց, որ այդ տեսանկյունից թե՛ իր, թե՛ դերասանների համար պարտավորեցնող է եղել աշխատանքային ընթացքը:

 

«Ի սկզբանե , երբ որոշել էի անել մանկական ֆիլմ, արդեն իսկ դժվար էր: Բոլորն ասում էին, որ դա բավականին բարդ աշխատանք է լինելու: Ամբողջ ֆիլմում մի քանի ժամվա պատմություն է նկարագրված: Գործողությունները ծավալվում ենե երկոյան ժամը 8-ից մինչև նոր տարվա գիշերը՝ 12-ը: Այդ տեսանկյունից բավականին դինամիկ է ֆիլմը»,-ասաց ռեժիսորն ու ավելացրեց, որ ֆիլմում հատուկ էֆֆեկտներ օգտագործված են՝ ապահովելու հեքիաթի տպավորությունը, բայց մեծմասամբ շեշտը դրված է կենդանի խաղի վրա:

 

Ֆիլմը, Արմենի խոսքով, պատրաստ կլինի ամանորին ընդառաջ և մեծ էկրաններին կցուցադրվի դեկտեմբերին. «Ֆիլմի հիմնական ասելիքն այն է, որ եթե երեխաները հավատում են հրաշքին, այն անպայման կատարվում է»,-եզրափակեց նա:

 

 

Մանկական հեքիաթ ֆիլմ՝ Լուիզա Ներսիսյանի, Լևոն Հարությունյանի, Շուշաննա Թովմասյանի և այլոց մասնակցությամբ