«Այս տարեդարձս ուզում եմ մենակության մեջ անցկացնել». Իննա Խոջամիրյանը՝ 23-ամյակին խնջույք չկազմակերպելու պատճառի և ստացած անակնկալի մասին

18:12 • 25.09.18

 

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այսօր նշում է ծննդյան 23-ամյակը: Տոնական օրն Իննայի համար սկսվել է դեռ կեսգիշերից՝ ընկերների մատուցած անակնկալով: Թեև գրեթե ամեն տարի Իննան տարեդարձը տոնել է խնջույքով, սակայն այս տարի դերասանուհին նման ցանկություն չունի: Tert.am Life-ի հետ զրույցում Իննան պատմել է, թե ինչպես է սկսվել տոնական օրը, ինչ անակնկալներ է ստացել ու ինչպես է այն շարունակվելու: 

 

Դերասանուհին դժվարացավ նշել, թե առաջին շնորհավորանքն ում կողմից է ստացել, միաժամանակ նկատեց, որ կեսգիշերից իր տոնական տրամադրությունն ապահովել են բազմաթիվ անակնկալներով: Դերասանուհուն անակնկալ կերպով այցելել են մտերիմ ընկերները, որոնց թվում են եղել նաև «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից որոշ գործընկերներ: «Կեսգիշերին լոգարանում էի ու չէի էլ նկատել, որ արդեն ծնունդս է: Մինչ ես այնտեղից դուրս կգայի, բոլոր ընկերներս հավաքվել էին հյուրասենյակում: Ամեն մեկը մի աթոռի ու բազկաթոռի տակ թաքնվել էին, որ ինձ դիմավորեին: Ինձ գեղեցիկ անակնկալ մատուցեցին նաև ծաղրածուն և մուլտհերոսները՝ բարձր երաժշտոթյամբ, ծաղիկներով, փուչիկներով, որ այդպես էլ չիմացա ում կողմից էր»,-ասաց Իննան:

 

 

Տոնական օրը դերասանուհին շարունակել է  աշխատանքային մթնոլորտում, նկարահանումների մեջ: Իննան ասաց, որ այս տարի տարեդարձի առթիվ որևէ խնջույք չի նախատեսել: «Գրեթե ամեն տարի տարեդարձս նշել եմ: Եթե անգամ նշելու պլաններ չեմ ունեցել, ընկերներս են օրս տոնի վերածել, բայց այս տարի կտրականապես, չգիտեմ ինչու, տրամադրված չեմ նշելու: Այս տարեդարձս ուզում եմ մենակության մեջ անցկացնել, իհարկե ոչ բառացի մենակության, պարզապես լռություն եմ ուզում: Հույս ունեմ, որ մշտական լռության կարիք 45-ն անց կունենամ:)»,-ասաց Իննան և ավելացրեց, որ նման նախընտրության համար որևէ էական պատճառ չկա,- Փոքր էի, երբ կարդացի Ռոնալդոյի հարցազրույցը: Նա իր 30-ամյակը նշել էր բացարձակ մենակության մեջ՝ պատահական մտնելով Մադրիդի ռեստորաններից մեկը: Նա միայնակ փչել էր տորթի մոմերն ու այն ամբողջությամբ կերել: Նա նշում էր, որ դա իր կյանքի ամենահիշարժան տարեդարձներից մեկն է եղել: Դա այնքան ուժեղ էր իմ մեջ տպավորվել, որ երևի վերջիվերջո մի օր պիտի իրականացնեի ծննդյան օրն այդ կերպ նշելու տարբերակը:  Ծրագրում եմ այսօր այդպես էլ անել գործերս ավարտելուց հետո»:

 

Դերասանուհին նշեց, որ երբևէ չի տխրում ծննդյան օրը՝ հատկապես տարեթվի ավելացման հետ կապված. «Սնահավատ չեմ որպես այդպիսին, բայց չգիտեմ ինչու , 23-րդ տարեդարձին ինչ-որ խորհրդավորություն հաղորդում եմ:  Փոքր ժամանակ մատծում էի՝ եթե աղջիկները մինչև 23 տարեկան չամուսնացան՝ վերջ: Հիմա հույս ունեմ այդպես չէ :)»:

 

 

 

Իննայի խոսքով, տարեդարձի օրը իր համար լավ առիթ է ընթացիկ տարում արածն ու չարածը վերլուծելու համար: Ամփոփելով անցնող տարին՝ դերասանուհին նկատեց. «22-23 ընկած ինտերվալը ինձ համար շատ բուռն էր հատկապես աշխատանքային առումով: Ես ուզում եմ, որ աշխատանքային ստաբիլությունը, ինչը ես կարողացա ձեռք բերել այս տարվա ընթացքում, այդպես էլ մնա, կամ որ ավելի լավ է՝ աճ լինի»:

 

Թեև այսօր դերասանուհին հասցրել է մի քանի տորթերի մոմեր փչել, բայց երազանք դեռ չի մտապահել. «Չեմ կարծում, որ ես երազանք չունեմ:  Չկա մարդ, որ երազանք չունենա, բայց երևի թե հասել եմ որոշակի ստաբիլության, որտեղ երազանքներից անցում է կատարվել նպատակների ու մտածում եմ, որ առանց մոմերի էլ կարող եմ դրանք իրականացմնել»,-եզրափակեց Իննան:

 

 

«Այս տարեդարձս ուզում եմ մենակության մեջ անցկացնել». Իննա Խոջամիրյանը՝ 23-ամյակին խնջույք չկազմակերպելու պատճառի և ստացած անակնկալի մասին