Հայտնի մայրիկները` «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսին

17:55 • 27.09.18

 

Մերի Սարիկյանն Ինստագրամում մայրիկներին հայտնի է որպես Emily&Mommy, քանի որ մոտ երկու տարի առաջ` իր հղիության լուրն իմանալուց հետո, սկսել է հետևորդներին պատմել իր ապրումների, բացահայտումների, մայրանալու նախապատրաստական փուլի մանրուքների մասին։ Այսօր արդեն Մերին հրատարակել է իր առաջին գիրքը` «Մայրիկի օրագիրը» խորագրով։ Այս առիթով նա ներկա և ապագա մայրիկների հետ բրանչ էր կազմակերպել, որի ժամանակ քննարկեցին մայրիկներին հուզող մի շարք հարցեր։ Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման մանրամասները։

 

Մերին հոգացել է, որպեսզի գիրք կարդալը ոչ միայն ինֆորմացիա ստանալու միջոց, այլև հաճելի ընթացք լինի մայրիկների համար։ Գրքում զետեղել է ուղեցույց–բրոշյուրներ,որպեսզի, օրինակ, հղիության ընթացքում և հղիությունից հետո ճիշտ մարզվելու, սննդակարգ պահելու և այլ հարցերում կողմնորոշվելու համար ամեն անգամ գիրքը բացելու և էջը գտնելու կարիք չլինի։

 

Մերին ապրում է Գերմանիայում։ Մայրանալու լուրը նրա կյանքի կարևորագույն պահերից էր։ Հղիության մասին իմանալուց հետո նա սկսել է հաճախել մայրիկների դպրոց, ուսումնասիրել մասնագիտական գրականություն։ Միաժամանակ սկսել է այդ ամենի մասին պատմել Ինստագրամում` հետզհետե հայտնվելով մայրիկների ուշադրության կենտրոնում։

 

 

«Մայրիկի օրագիրը» Մերիի առաջին գիրքն է։ Մասնագիտությամբ իրավաբանն ասում է, որ սա իր համար երազանք էր դարձել։ «Մոտ 2 տարի է` Ինստագրամում վարում եմ իմ բլոգը, որտեղ ներկայացնում էի իմ մտքերը ու բավականին մեծ արձագանքներ էի ստանում։ Մայրիկներն ինձ քաջալերում էին և ասում, որ, անպայման, պետք է գիրք գրեմ։ Գերմանիայում` Մայրիկների դպրոցում, մասնակցեցի «Մայրիկի լավագույն օրակարգը» խորագրով մրցույթին և հաղթեցի, ինչն ինձ հնարավորություն տվեց տարբեր սեմինարներ վարելու և ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերել այս ամենին։ Ինձ համար դա շատ ոգևորիչ էր։ Մրցույթի տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին մասնակցում, բայց կրկին հայ մայրիկն առանձնացավ իր տեսակով։ Մրցույթն առիթ դարձավ, որպեսզի ավելի լուրջ և մասնագիտորեն մոտենամ այս հարցին»,– ասաց նա։

 

Գրքի մի մասը ներկայացված է օրագրի տեսքով, որտեղ Մերին գրել է իր հույզերի մասին, իր օրինակով ներկայացրել նորաթուխ մայրիկների խնդիրները։ Մասնագիտական հատվածը գրելիս Մերին խոսել է տարբեր մասնագետների հետ։ Մասնավորապես, սննդակարգ ներկայացնելիս համագործակցել է Վարդանուշ Մարտիրոսյանի հետ։ Հեղինակը նկատեց, թե որքան կարևոր  է հղիության ընթացքում ճիշտ սնվելը, որովհետև միֆը, թե հղիության ընթացքում պետք է սնվել երկուսի փոխարեն հաճախ հակառակ ազդեցություն է ունենում։ Իրականում, պետք է ճիշտ սնվել։

 

 

Մերին նկատեց, որ համացանցում մեծ քանակությամբ տեղեկություն կա ցանկացած թեմայով, սակայն հաճախ այն ավելի է շփոթեցում մարդուն, քանի որ տեղեկությունները բազմազան են, հաճախ` հակասական։ Գրքում ներկայացված է զտված տեղեկություն, որը նորաթուխ մայրիկներին հնարավորություն կտա արագ կողմնորոշվել ցանկացած հարցում։ Մերին չի անտեսել նաև հայրիկների գործոնը, քանի որ անկախ նրանից,թե որքան հեքիաթային է երեխայի ծնունդը, այն իր հետ նաև որոշակի բարդություններ է բերում։ Հեղինակը հուսով է` իր խորհուրդներով և փորձով կարող է օգտակար լինել մյուս մայրիկներին թե՛ երեխայի խնամքի, թե՛ սննդակարգի և օրակարգի կազմման, թե՛ ընտանեկան զանազան հարցերում ճիշտ լուծում գտնելու համար։

 

Մերիի փոքրիկն արդեն 1 տարեկան 10 ամսական է։ Գիրքը ներկայացնում է հղիության սկզբից մինչև երեխայի 10 ամսականն ընկած ժամանակահատվածը։ Հետագա զարգացման մասին նա պատմում է իր բլոգում։

 

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Հայտնի մայրիկները` «Մայրիկի օրագիրը» գրքի շնորհանդեսին