Խորեն Լևոնյանի, Արաքսյա Մելիքյանի և այլոց մասնակցությամբ «Սասնա ծռեր» ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

13:15 • 28.09.18

 

Հերոսական անպարտելի ոգին ու հայ ժողովրդի կողմից թշնամիների դեմ մղված դարավոր պայքարը՝ մայր թատրոնի բեմում. սեպտեմբերի 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմ բարձրացավ «Սասնա ծռեր» ներկայացումը: Երկու մասից բաղկացած բեմադրության հիմքում «Սասնա ծռեր» հայ ժողովրդական էպոսն է՝ իր չորս ճյուղերով: Tert.am Life-ը ներկա է եղել մայր թատրոնում կայացած առաջնախաղին, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:

 

Հայ թատրոնի պատմության մեջ ժողովրդական էպոսն առաջին անգամ է բեմադրվում: Ներկայացման բեմադրող ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը պրեմիերայից հաշված րոպեներ առաջ ետնաբեմում դերասաններին վերջին ցուցումներ էր տալիս: Նա չթաքցրեց՝ հուզմունքը մեծ է. «Միշտ, երբ ներկայացում ես բեմադրում, դու այն սպասումներով ես, որ ներկայացումը կկառուցի հանդիսատեսի հետ դիալոգը և դահլիճի հետ կոնտակտը կհաջողվի: Որքան էլ ռիսկերը հաշվարկես, հանդիսատեսի արձագանքը, միևնույն է, անկանխատեսելի է»,-ասաց նա:

 

 Սամսոնի խոսքով, ժողովրդական էպոսը բեմ են բարձրացնում ժամանակակից լուծումներով և նոր մոտեցումներով. «Առաջին հերթին ժամանակակից լուծումը դերասանների խաղին է վերաբերվում ոչ թե բեմական կամ տեխնիկական, տեքստային լուծումներին: Դերասանների խաղը, միմյանց հետ կապը փորձել ենք այնպես ստանալ, որ այսօրվա հանդիսատեսին հետաքրքիր լինի: Նույնիսկ էպոսից հատվածներն ընտրել ենք՝ հաշվի առնելով ժամանակի զգացողությունը: Այնքանով է հետաքրքիր, որ չկա մի բան, որ մեզ՝ հայերիս չվերաբերվի: Չորս մասերն էլ ներառված են, բայց յուրաքանչյուրից ես վերցրել եմ այն կտորները, որոնց ասելիքը արդիական է: Համոզվում  ես, որ դարեր ի վեր մեր ժողովուրդը չի փոխվել մտածողության առումով»:  

 

  

 Ներկայացման նկարչական ձևավորումն արել է Վիկտորիա Հովհաննիսյանը, զգեստների նկարիչը՝ Անժելա Գալստյանն է,  կոմպոզիտորը՝ Վաչե Շարաֆյանը, իսկ պարերի բեմադրության հեղինակը՝ Աիդա Սիմոնյանն է։ Սասունցի Դավթի պատմությունն ավելի մեծ է տեղ է զբաղեցնում ներկայացման մեջ, ինչպես և էպոսում: Նրան մարմնավորում է ՀՀ վաստկավոր արտիստ Խորեն Լևոնյանը: Նա և ներկայացման մեջ ընդգրված բոլոր դերասանները միաժամանակ երկու կերպար են մարմնավորում: Սա տեխնիկապես բարդ խնդիր է թե՛ ռեժիսորի, թե՛ դերասանների համար, բայց Սամսոնի խոսքով, առանց դժվարության արված աշխատանքը հետաքրքիր չէ: «Սասնա ծռեր»-ի դերասանական կազմում մայր թատրոնի երիտասարդ կազմն է խաղում՝ Հովհաննես Գասպարյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Դավիթ Գասպարյանը, Արաքսյա Մելիքյանը, Լուսինե Կոստանյանը և այլք: Կային նաև հրավիրյալ դերասաններ, ինչպես օրինակ Սոնա Մաթևոսյանը:

  

Արաքսյա Մելիքյանը ներկայացման մեջ մարմնավորում է արաբ թագուհուն՝ Իզմիր Խաթունին. «Շատ լավ կերպար, նայած ում համար բացասական, ինձ համար արդարացված՝ ամեն ինչով: Խոհեմ, խելացի, նպատակասլաց, իր երկրի և իր սերնդի մասին մտածող կին: Վատ չէր լինի, որ հայ կանայք պետք եղած ժամանակ մի քիչ նմանվեին նրան»:

 

Դարավոր պատմությունը հանդիսատեսին ներկայացվեց երկու ժամում: Ներկայացման պրեմիերային ներկա էին Սունդուկյան թատրոնի դերասանները, ավագ սերնդի արվեստագետները: Թատերասեր հասարակությունը ծափողջյուններով դիմավորեց մայր թատրոնի նոր աշխատանքը:

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի