«ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնի բացումն ու հետաքրքիր դրվագները
«ՀԱՅ ՖԵՍՏ՝ անցում դեպի թատերաշխարհ» խորագրի ներքո սեպտեմբերի 28-ին մեկնարկեց «ՀԱՅ ՖԵՍՏ» 16-րդ միջազգային թատերական փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող փառատոնն այս տարի կանցկացվի մինչև հոկտեմբերի 5-ը: Tert.am Life-ը ներկա է եղել փառատոնի բացման արարողությանը, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու հյուրերին:
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի հյուրընկալել է 22 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի՝ ի դեմս հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների՝ Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, Հունգարիայից, Ճապոնիայից, Լեհաստանից և այլ երկրներից:
Մասնակիցներին և հյուրերին ողջունեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Նա թատերասերներին տեղեկացրեց, որ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակում հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ. «Տիկնայք և պարոնայք հիանալի է Ձեզ ասյտեղ տեսնել: Հուսով եմ, որ դուք կունենաք հիանալի տրամադրություն: Մոռացեք ձեր գործերի, ամեն ինչի մասին և եկեք դիտելու մեր ներկայացումները»:

Այս տարի փառատոնի շրջանակում երևանյան 13 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 40 ներկայացում: Փառատոնի նշանավոր ներկայացումներից են Գերմանիայի «Ֆաբրիս Մագլիահ» ընկերության՝ «Մամացցա» պարային ներկայացումը, Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի՝ «Բրոդվեյի հիթերը»: Այն ամբողջությամբ համապատասխանում է բրոդվեյան շոուի բոլոր պահանջներին՝ բալետային հրաշալի համարներ, բոցավառող երաժշտություն, վառ պատկերներ, անակնկալներ և տոնական տրամադրություն:
Ղրղզստանից ժամանած թատերախումբը արդեն երկրորդ անգամ է մասնակցում «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնին: Tert.am Life-ի հետ զրույցում Բիշկեքի «Место Д» թատրոնի դերասանուհի Ալեքսանդրա Բաղդասարովան նշեց, որ հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ մեծ է. «Մենք այստեղ առաջին անգամ եղել ենք 10 տարի առաջ: Այս անգամ փառատոնին մասնակացում ենք էքսպերիմենտալ ներկայացմամբ, որը խաղալու ենք ամբողջությամբ մթության մեջ»:

«ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի մեկնարկը տրվեց պարային ներկայացմամբ՝ Խորեոգրաֆիայի տարածքներ․ Յանկա Ռուդզկայի «Պոլիֆոնիաներ» նախագծով, որը լեհական, բրազիլական, հայկական եւ վրացական համատեղ նախագիծ է:
Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Միհր» և այլ թատրոններ: Հիմնական ծրագրից դուրս փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր, կլոր սեղաններ, հանդիպում-քննարկումներ:
«ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնն ամեն տարի կազմակերպում է նաև երկու հատուկ ծրագիր՝ «Եվրոպան փառատոների համար, և փառատոները՝ Եվրոպայի» ու «Պարարվեստի արևելյան ընկերակցություն»:










Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







