«Լուիզա Ղամբարյանի ուղևորն անակնկալ մատուցեց նրան». Taxi Battle նախագծի հետաքրքիր դրվագներն ու եթերաշրջանի ավարտին սպասվող անակնկալը
Հայտնի դեմքերը տաքսու վարորդի կարգավիճակում: «Շանթ» հեռոուստաընկերության նոր եթերաշրջանում մեկնարկած Taxi Battle նախագծում յուրաքանչյուր շաբաթ 2 հայտնի մարդ հանդես է գալիս տաքսու վարորդի կարգավիճակում. Նրանք նաև մրցում են միմյանց հետ՝ միավորներ վաստակելու համար: Tert.am Life-ի հետ զրույցում հաղորդման վարող Ռաֆայել Ղազանչյանը պատմել է նախագծի ընթացքում գրանցվող հետաքրքիր դեպքերի, ուղևորների ու վարորդների շփումների և եթերաշրջանի ավարտին սպասվող անակնկալի մասին:
Ռաֆայելի խոսքով, պատվիրատուն երբեք նախապես չի իմանում, որ իրեն սպասարկելու է հայտնի մարդ: «Նկարահանումները տեղի են ունենում իրական ժամանակում: Սա այն ձևաչափն է, որը նկարահանվում է առանց սցենարի: Հաղորդման ընթացքն ամբողջությամբ թողնում ենք իմպրովիզների վրա, ինքներս էլ չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում թողարկման ընթացքում»:

Նա նկատեց, որ հաղորդման հաջողված ու հետաքրքաշարժ ընթացքը կախված է ինչպես հայտնի հյուրից, այնպես էլ ուղևորից: Ի դեպ, հայտնի լինելը դեռ քիչ է նախագծի շրջանակում որպես վարորդ ներկայանալու համար՝ հարկավոր է առնվազն մեկ տարվա վարորդական փորձ ունենալ. «Այստեղ գործ ունենք մարդկային կյանքի հետ և պետք է հնարավորինս անվտանգ երթևեկություն ապահովենք ուղևորների համար: Նա անցնում է թեստավորում, որը տևում է մոտավորապես 20 րոպե, պարզապես, դա եթեր չենք հեռարձակում: Այդ ընթացքում նա պետք է պատասխանի տարբեր հարցերի և միայն դրանից հետո իրավունք է ստանում տաքսի վարել»,-ասաց Ռաֆայելը:
Նրա խոսքով՝ հայտնի մարդիկ հեշտությամբ են համաձայնում մասնակցել նախագծին, թեև կան նաև հրաժարվողներ. Հաղորդավարը վստահեցնում է, պատճառը ոչ թե տաքսու վարորդի կարգավիճակից խուսափելն է, այլ, օրինակ, վարորդական իրավունքի վկայական չունենալը կամ համապատասխան փորձի պակասը: Ուղևորների շրջանում էլ լինում են մարդիկ, որոնք հրաժարվում են նկարահանվել, բայց չեն զրկվում հայտնի մարդու ուղեկցությամբ փոխադրվելու հնարավորությունից. «Երբ ուղևորը նստում է տաքսի, մինչ նկարահանումը զգուշացնում ենք, որ ծրագիր ենք նկարահանում: Եթե ուղևորը դեմ է լինում, հայտնի հյուրը իրեն տեղ է հասցնում առանց նկարահանման: Հիմնականում մարդիկ հրաժարվում են այն պատճառաբանությամբ, որ իրենց տեսքն այն չէ, տղամարդիկ՝ ասենք սափրված չեն կամ կանայք առանց շպարի են: Իհարկե, նման մարդիկ ավելի քիչ տոկոս են կազմում»:

Հաղորդման ընթացքում հաղորդավարը շփվում է հայտնի հյուրերի հետ, նրանց հետաքրքիր հանձնարարականներ տալիս և օգնում վաստակել միավորներ: Հաղթում է այն մասնակիցը, որն ավելի շատ գումար է աշխատում՝ նաև թեյավճարի հաշվին։ «Եթերաշրջանի ավարտին Երևանի լավագույն հայտնի տաքսու վարորդի տիտղոսն ենք շնորհելու այն հյուրին, որն ամենաշատ գումարն է վաստակել»,-ասաց հաղորդավարը և նշեց, որ հաղորդման ընթացքում հավաքագրվող գումարը ծառայելու է բարեգործական նպատակներին:
Հաղորդավարը պատմեց, որ Taxi Battle-ում լինում են բազմաթիվ հետաքրքիր դրվագներ, երբ օրինակ՝ ուղևորը հայտնի հյուրին առաջարկում է իր հետ գնալ ծննդյան արարողության կամ շոփփինգի. «Օրինակ՝ մեր վերջին նկարահանման ժամանակ, որը եթեր կհեռարձակվի շաբաթ օրը, Լուիզա Ղամբարյանի ուղևորը շատ էր սիրում դերասանուհուն, դիտել էր նրա մասնակցությամբ բոլոր ներկայացումները: Նա ճանապարհին անակնկալ մատուցեց Լուիզային, խնդրեց կանգ առնել խանութի մոտ ու ծաղիկներ գնեց Լուիզայի համար»:
Լինում են նաև դեպքեր, երբ ուղևորը հայտնի վարորդին չի ճանաչում, մեծ հաշվով դա պատահում է զբոսաշրջիկների պարագայում: Հաղորդման ընթացքում ուղևորներ են եղել Ռուսաստանից, Հնդկաստանից, Իրաքից, Քուվեյթից, Վրաստանից:









