25 մասանոց նոր հեռուստասերիալ` Լիլի Միքայելյանի, Ռիփփիի և այլոց մասնակցությամբ

18:47 • 03.10.18

 

Հոկտեմբերի 13-ից Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի «Ես տեսնում եմ» 25 մասանոց ֆիլմը: Միստիկ տարրերով նկարահանված թրիլլերը կառուցված է մի աղջկա պատմության շուրջ, որն օժտված է սպասվող վտանգը տեսնելու գերբնական հատկությամբ: Tert.am Life-ը եղել է նկարահանման հրապարակում, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու զրուցել ֆիլմի ռեժիսոր Հայկ Կբեյանի հետ: 

 

Ֆիլմի սցենարի հեղինակը Դիանա Մարդանյանն է, օպերատորը՝ Արթուր Ուստյանը: Ռեժիսորն ընդգծեց, որ նախագծի շուրջ հավաքվել է տեխնիկական ու դերասանական լավ անձնակազմ, ինչի շնորհիվ ստեղծագործական աշխատանքն առավել հետաքրքիր է եղել և տվել ցանկալի արդյունքը:

 

«Ֆիլմի նախապատրաստական փուլը երկու ամիս է տևել: Նկարահանել ենք ֆիլմի ժանրին հարազատ ժամանակահատվածում` խոր աշնանը, որպեսզի կարողանանք համապատասխան մթնոլորտը ստանալ և բնությունն էլ մեր ներկայացրած պատմության մի մասը լինի: Հիմնականում քաղաքային նկարահանումներ ենք արել, մեկ օր էլ գյուղում: Ընտրել ենք այնպիսի վայրեր, փողոցներ, որտեղ քիչ մարդ կլինի, մի քիչ տարօրինակ միջավայարեր՝ ինչպես օրինակ՝ լքված գործարանն է»,-ասաց նա:

 

 

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ ասաց. «Մեր համագործակցությունն Արմենիա Պրեմիումի հետ շարունակվում է, իսկ դա նշանակում է, որ նոր եթերաշրջանում Ucom-ի հեռուստադիտողները հնարավորություն ունեն նոր ու նույնիսկ միստիկ տեսաբովանդակություն դիտելու։ Ինչպես միշտ, ամենահետաքրքրասեր հեռուստադիտողները յուրաքանչյուր նոր սերիալի հաջորդ մասն օր առաջ կկարողանան դիտել «Տեսավարձույթ» բաժնում»։

 

Ռեժիսորը նկատեց, որ գլոբալ առումով ֆիլմը ճակատագրի մասին է: Գլխավոր հերոսուհուն՝ Մարիին, մարմնավորում է Լիլի Միքայելյանը:  «Գլխավոր հերոսուհին տեսիլքներ է ունենում, որոնց միջոցով կարողանում է իմանալ մի քանի ժամ անց սպասվող դժբախտ պատահարի մասին: Դա իրեն ժառանագաբար փոխանցված կարողություն է, որից ինքը տանջվում է: Նրա մոտ նաև անորոշ տեսիլքներ են հայտնվում, որոնք կապված են հոր հետ: Նրա հայրը զոհվել է երկրաշարժի ժամանակ, իսկ մայրը՝ մահացել հիվանդության պատճառով։ Հերոսուհին կասկածների մեջ է ընկնում, որ գուցե հայրը ողջ է և սկսում է փնտրել նրան»,-պատմեց ռեժիսորը:

 

Ֆիլմում նկարագարվող հիմնական այս պատմությանը զուգահեռ այլ իրադարձություններ են զարգանում՝ հայտնվում են մարդիկ, որոնք փորձում են օգտվել Մարիի գերբնական կարողությունից, որոշներն էլ փորձում են օգնել նրան: Մարիի ընկերուհու դերում հանդես է գալիս երգչուհի Ռիփփին: Ֆիլմի մյուս կերպարներին մարմնավորել են Արմեն Մարգարյանը, Կառլոս Մուրադյանը, Սամսոն Ստեփանյանը, Կարինե Ջանջուղազյանը, Սամվել Օհանյանը, Ալիկ Սարգսյանը, Տրդատ Մակարյանը և այլք:

 

 

Ռեժիսորն ասաց, որ դերասանների ընտրության հարցում առաջնորդվել է այն սկզբունքով, որ նրանք հնարավորինս համահունչ լինեն կերպարին և կարողանան փոխանցել համապատասխան էներգետիկան: Նրա կարծիքով, միստիկ տարրերով նկարահանված ֆիլմը  հեռուստադիտողին կհետաքրքրի ու կստիպի լարված հետևել իրադարձությունների զարգացմանը. «Կարծում եմ, որ հետաքրքիր կլինի, որովհետև այդ ժանրն իր մեջ պարունակում է մի քանի ենթաժանրեր: Այստեղ կան նաև դետեկտիվ տարրեր, հոգեբանական պաուզաներ և ամենակարևորը փորձել ենք համապատասխան մթնոլորտը հաղորդել»:

 

25 մասանոց թրիլլերը իր հերթին բաժանված է երկու մասի: Ֆիլմի առաջին կեսում դերասանների մի խումբ է ներկայանում, երկրորդում ավելանում են նոր՝ առանցքային կերպարներ: «Ընդհանրապես, 25 մասանոց ֆիլմերը թե՛ տեխնիկական, թե՛ դերասանական կազմի համար շատ լավ ձևաչափ են: Դու ունենում ես սկիզբ ու վերջ, ավելի շատ ժամանակ աշխատելու համար: Սա նաև պարտավորեցնող է, որ կարողանաս մանրակրկիտ աշխատանք տանել»,- եզրափակեց ռեժիսորը:

 

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի