Հայկ Մարությանի մասնակցությամբ նոր կատակերգությունն այսօրվանից բոլոր կինոթատրոններում է

18:39 • 04.10.18

 

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ Հայկ Մարությանը, Նատաշա Ռուդովան, Հրանտ Թոխատյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արևիկ Սանթրոսյանը, Յուրի Իգիթխանյանը և այլք նկարահանվել են «Счастья! Здоровья!»  հայ-ռուսական  համատեղ կատակերգությունում:

 

2016-ին նկարահանված ֆիլմն այսօրվանից կլինի Երևանի բոլոր կինոթատրոններում։ Հայաստանում այն ներկայացնում է «Շարմ» հոլդինգը, սակայն պաշտոնական պրեմիերա չի կազմակերպվել։

 

Ֆիլմի գլխավոր դերակատարը Հայկ Մարությանն է, որը սեպտեմբերի 23–ին ընտրվեց Երևանի քաղաքապետ։

 

Այն պատմում է, թե ինչպես են անցնում հարսանիքները տարբեր երկրներում: Հայկը մարմնավորում է Արթուրին: Վերջինս իր ընկերուհու հետ գալիս է գյուղ և տատիկի հորդորներով այնտեղ էլ հանպատրաստից կազմակերպում հարսանիքը։

 

Ֆիլմը բաղկացած է 3 մասից: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում: Հայկական հատվածի ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը: Հայաստանյան նկարահանումների ժամանակ ստեղծագործական թիմը 15 օր նկարահանում է իրականացրել Դիլիջանում։