«Չեմ սիրում խաբել հանդիսատեսին». Աղաս Մանուկյանի նոր սթենդ-ափ ներկայացումն ու անակնկալ հյուրը

17:50 • 05.10.18

 

Հոկտեմբերի 21-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Աղաս Մանուկյանի՝ «Ա ընչի՞ հըմար» խորագրով սթենդ-ափ ներկայացումը: Աղասը նշում է՝ ներկայացման խորագրի շուրջ երկար չի մտածել: Արդեն հայտնի արտահայտությամբ հումորիստը հարազատ քաղաքի հանդիսատեսին կներկայանա երրորդ անգամ, բայց նոր ծրագրով:

 

Tert.am Life-ի հետ զրույցում նա որոշ մանրամասներ է պատմել ներկայացման և հանդիսատեսին սպասվող անակնկալի մասին:

 

«Սթենդ ափ» քոմեդի շոու նախագծից հայտնի հումորիստը Վանաձորում վերջին անգամ ելույթ է ունեցել ամռանը: Նա նկատեց, որ այն ժամանակ հանդիսատեսի շարքերում եղել են նաև քաղաք այցելած բազմաթիվ զբոսաշրջիկներ, Երևանի և Լոռու մարզի մյուս քաղաքների բնակիչներ:

 

 

«Այս անգամ ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ենք ցուցաբերել թե՛ ադիմինստրատիվ հարցերի, թե՛ նախապատարաստական առումով։ Լինելու է ամբողջությամբ նոր ծրագիր, համարներ, որոնք մարդիկ չեն տեսել նաև հեռուստաեթերում: Չեմ սիրում հանդիսատեսին խաբել: Չեմ ուզում մարդը գա, նստի և ասի՝ ես այսպիսի բան արդեն տեսել եմ»,- ասաց նա:

 

Աղասը նշեց, որ ներկայացման սցենարի շուրջ իր հետ 4 հոգանոց թիմ է աշխատում: Ներկայացումը նախատեսված է 14 տարեկանից բարձր հանդիսատեսի համար. «Իմ նպատակն է Վանաձորում ակտիվացնել հումորային ժանրը: Ես չեմ վախենա այդ ձևակերպումից և կասեմ, որ թեև թատերական կյանքը Վանաձորում զարգացած է, հումորի ժանրը մահվան մոտ է: Քանի դեռ ես հումորի մեջ եմ ու քանի որ Վանաձորից եմ, փորձելու եմ երիտասարդների մեջ էլ պահել այդ ակտիվությունը»:

 

Թեև ներկայացումն արվում է Վանաձորում, հումորիստի խոսքով, դա դեռ չի նշանակում, որ բովանադակությունն ամբողջությամբ նվիրվում է վանաձորցիներին հատուկ թեմաներին: ««Ա, ընչի՞ հըմար» արտահայտությունը արդեն հուշում է, որ ներկայացման 80 տոկոսն այն մասին է, թե ինչու են մարդիկ անում այս կամ այն բանը: Դա հենց Լոռվա բարբառին հատուկ արտահայտություն է, բայց ես չեմ խախտել իմ սկզբունքը և Վանաձորում ելույթ ունենալով՝ բազմաթիվ կատակներ եմ անելու ոչ միայն լոռեցիների մասին, այլև օրինակ՝ Երևանի: Ես պատմելու եմ, թե ինչ եմ նկատում Երևանում, փորձելու եմ իմ պատկերացմամբ նշել Երևանի ու Վանաձորի միջև եղած տարբերությունները և ոչ միայն»,-ասաց նա:

 

 

Աղասը նաև ընդգծեց, որ Վանաձորի հանդիսատեսին սպասվում են բազմաթիվ անակնկալներ, որոնից մեկը սիրված, միաժամանակ, բոլորի համար անսպասելի հյուրի ներկայությունն է լինելու. «Չեմ կարող բացահայտել, թե ով է լինելու հյուրը, որպեսզի անակնկալը իսկապես հաջողվի, բայց պետք է նշեմ, որ Վանաձորի հանդիսատեսը նույնիսկ չի էլ պատկերացնում և դժվար թե կարողանա գուշակել հյուրին: Եթե մտածեն վարչապետն է լինելու, էլի գուշակած չեն լինի:) Շատ հաճելի ու լավ անակնկալ է սպասվում»:

 

Սթենդափերը նկատեց, որ տոմսերի վաճառքի գործընթացն այս անգամ բավականին ակտիվ է: Ներկայացումից օրեր առաջ տոմսերի մեծ մասն արդեն վաճառվել է: Նրա կարծիքով` դրան նպաստել է ոչ միայն բոլոր խմբերին հարմար գնային քաղաքականությունը, այլև իր հեռուստատեսային նոր դերակատարումը. «Այսքան ժամանակ դեռ նման ակտիվություն չի գրանցվել տոմսերի վաճառքում: Դա կապված է նաև «Ֆուլ Հաուս» նախագծում իմ մասնակցության հետ: Միանշանակ, իմ մուտքն այդ նախագիծ ունեցել է իր գործոնը»,-եզրափակեց նա:

 

«Չեմ սիրում խաբել հանդիսատեսին». Աղաս Մանուկյանի նոր սթենդ-ափ ներկայացումն ու անակնկալ հյուրը