Աճպարարական հետաքրքիր հնարքներով շոու` «Արմենիա TV»–ի եթերում

15:00 • 05.10.18

 

Հոկտեմբերի 7–ից «Արմենիա TV»–ի եթերում կմեկնարկի «Աճպարարության վարպետները» նախագիծը, որն աճպարարական հնարքների սիրահարներին հնարավորություն է տալիս հետևելու հետաքրքիր շոուի և «գլուխ կոտրելու», թե որ համարի տակ ինչ հնարք էր թաքնված։ Անհնարին թվացող հնարքները գաղտնիքների սիրահարներին հաստատ կհետաքրքրեն:

 

Academy Films ֆիլմարտադրող ընկերության համահիմնադիրն ու տնօրեն Արամ Թորոսյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ այս նախագիծը հիմնականում ցուցադրվում է ԱՄՆ կաբելային հեռուստաալիքներով։ Այն ցուցադրվել է աշխարհի 126 երկրում և արժանացել է ավելի քան 100 մլն հեռուստադիտողների համակրանքին։ «Արմենիա TV»–ն ձեռք է բերել այն ցուցադրելու համար պաշտոնական իրավունք։

 

«Հետաքրքիր ծրագիր է, որի շրջանակում աճպարարները ցույց են տալիս իրենց հնարքները։ Այն նաև հարթակ է նոր մարդկանց համար, որպեսզի կարողանան ցույց տալ իրենց հնարավորությունները», – ասաց Արամը։

 

 

Նախագծի ցուցադրությունի ակնկալիքների մասին խոսել նա չի շտապում, սակայն, լսարանի արձագանքից է կախված հետագա ճակատագիրը։ «Մեկնարկից առաջ կանխատեսումներ չէինք անում, թեև հեռուստատեսությունն ունի նախնական գնահատման մեթոդաբանություն։ Կարծում եմ, կհետաքրքրի մարդկանց»,– նկատեց նա։

 

Եթե շոուն հետաքրքրի տեղացիներին, լավ արձագանքների արժանանա, թիմը կմտածի այն նաև տեղայնացնելու մասին. «Գուցե, փորձենք կենդանի կատարմամբ շոուն բերել Հայաստան։ Ուսումնասիրել` հնարավո՞ր է  նման բան կազմակերպել տեղացիների մասնակցությամբ։ Սակայն սրանք դեռ նախնական խոսակցություններ են»,– ասաց Արամը։

 

Աճպարարական հետաքրքիր հնարքներով շոու` «Արմենիա TV»–ի եթերում