«Հաճույքով եմ դուրս գալու բեմ». «Ոսկե դպրոցից» Իլոնան մեկնել է Իսպանիա` մասնակցելու Costa Blanca fashion week մրցույթին

17:23 • 09.10.18

 

Իսպանիայում այսօր մեկնարկում է «Կոստա Բլանկա միջազգային նորաձևության դիզայներական շաբաթ» (Costa Blanca fashion week) մրցույթը, որին մասնակցում է նաև «Ոսկե դպրոց» սիթքոմից հայտնի դարձած Իլոնա Նուրբեկյանը։ Նա ներկայացնում է Կովկասի տարածաշրջանը:

 

Tert.am Life–ի հետ զրույցում Իլոնան ասաց, որ առաջին օրերին վայելել են ծովափնյա քաղաքի գեղեցկությունը, ծանոթացել մշակույթին, հետո սկսել են մրցույթի նախապատրաստական աշխատանքները։

 

«Ամեն ինչ հիանալի է անցնում։ Ընկերացել ենք բոլոր մասնակիցներով ու պարզապես հրաշալի ժամանակ ենք անցկացնում։ Ամեն օր ունենք հստակ գրաֆիկ, որը շատ հագեցած է` փորձերով, դիզայներների հետ հանդիպումներով»,– ասաց Իլոնան։

 

 

Այսօր երեկոյան տեղի է ունենալու գալա–համերգը, որով կազդարարվի միջոցառման բացումը։ Մրցույթը կկայանա հոկտեմբերի 11-13–ը։ Չնայած դերասանուհին պոդիումում ներկայանալու փորձ չունի, մրցույթի ընդառաջ չի հուզվում։

 

«Ինչ խոսք, պատասխանատու է ներկայացնել Կովկասը, բայց տարօրինակ հանգստություն կա մեջս։ Երևի, նրանից է, որ մեծ սիրով ու հաճույքով եմ դուրս գալու բեմ»,– ասաց նա ու հավելեց, որ մրցույթին ընդառաջ աշխատել են նաև ճիշտ քայլվածքի ուղղությամբ։ Դերասանուհու խոսքով` քայլվածքի դասերը փոքր–ինչ բարդ էին, քանի որ տեխնիկան տարբերվում է, սակայն անհանգստություն չունի։

 

Իլոնան հայտնեց, որ մասնակցելու է Շրի Լանկայի և Պերուի դիզայներների ցուցադրություններին։

 

Նշենք, որ Costa Blanca Fashion Week — International Best Male and Female World-2018 մրցույթին կմասնակցեն ևս 3 հայ։ Դերասան, մոդել Հովհաննես Սեմերջյանը կներկայացնի Կովկասը, Հայաստանը մրցույթում կներկայացնեն երգչուհի Անուշիկ Ավագյանը և մոդել Աշոտ Կարապետյանը:

 

«Հաճույքով եմ դուրս գալու բեմ». «Ոսկե դպրոցից» Իլոնան մեկնել է Իսպանիա` մասնակցելու Costa Blanca fashion week մրցույթին