Իվետա Մուկուչյանի անձնական պատմությունը` «Մարգո» եռագրությունում

13:35 • 09.10.18

 

Երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը «Մարգո» եռագրության առաջին մասն է։ Եռագրությունը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։

 

Այն ներկայացնում է հատվածներ Իվետա Մուկուչյանի անձնական պատմություններից։ Երգչուհու փոխանցմամբ` եռագրությունը ներկայացնում է զգացողություններ, որոնք իր համար կարևոր են այնքան, որ ցանկություն է ունեցել ներկայացնելու նաև հանրության լայն շերտերին։ «Այստեղ պատմություններ են ուժեղացող, ձևավորվող մարդու մասին, որը թեև պարբերաբար մութ տեղեր է ընկել, դժվարությունների միջով ստիպված եղել անցնել, բայց հաջողել է միշտ, կարողացել է վերին մի օգնությամբ ուժերը հավաքել ու դուրս գալ յուրաքանչյուր դժվարին իրավիճակից»,- ասում է երգչուհին։

 

Եռագրության առաջին հատվածը վերնագրված և նվիրված է Իվետա Մուկուչյանի տատին` մայրիկի մորը, որը մահացել է Իվետայի ծննդից առաջ։ Ըստ երգչուհու` թեև իրենք հանդիպելու և շփվելու հնարավորություն չեն ունեցել, իրենց միջև աննկարագրելի կապ է ստեղծվել, որը բառերով դժվար է բնութագրել. «Նա ինձ անսահման հարազատ մարդ է, իմ խիղճը, ճիշտ դատողության ուժը»։

 

 

Իվետայի խոսքով` այս նախագծով ցանկություն չի ունեցել զարմացնել վոկալային տվյալներով, երաժշտական լուծումներով։ «Ավելի ճիշտ կլինի ասել` սա իմ արտիստական սրտի բաբախն է։ Ես ինձ հետագայում ավելի հանգիստ կզգամ գիտակցելով, որ այս ամենը պատմել եմ»,– շեշտում է նա։

 

Երգում միքսված է նաև փոքրիկ հատված, որտեղ Իվետան կատարում է Կոմիտասի «Հով արեք սարեր ջան» երգը։ «Սա գերմանացի պրոդյուսերների ցանկությունն էր, որ անձնական պատմությունը զուգադրվեր այլ երգի մի հատվածով, որն իր մաքրությամբ ու բնույթով եզակի է։ Պետք է ասեմ, որ ինձ համար այն, կարծես, կատարսիս լիներ, մաքրագործում»,– ասում է երգչուհին։

 

Երաժշտության հեղինակը Իվետա Մուկուչյանն ու Բրեդ Քլերլին են, գործիքավորումն իրականացրել է Պաբլո Մատեոն (Բեռլին), երաժշտական ձևավորումն ու համագործիքավորումն արել է Դեիմոս Վիրգիլիտտոն, միքսը և մասթերինգը` Լևոն Նավասարդյանը, հագուստների ձևավորումն արել են Մուկուչյան քույրերը, դիմահարդարումը և վարսահարդարումը` Մարիաննա Մուկուչյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է, պրոդյուսերները` Ֆիլիպ Քաշմարեկը, Բրեդ Քլերլին և Իվետա Մուկուչյանը։

 

Եռագրության երկրորդ և երրորդ հատվածները երգչուհին կներկայացնի առաջիկայում։

 

Իվետա Մուկուչյանի անձնական պատմությունը` «Մարգո» եռագրությունում