Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Մկոյի մասնակցությամբ «Գործակալ 044» ֆիլմի պրեմիերային
Անհաջողակ գործակալի կերպարը հաճախ է օգտագործվում ֆիլմերում, սակայն Մկրտիչ Արզումանյանն այն ներկայացնում է իր գույներով ու իրեն բնորոշ նուրբ հումորով։ «Գործակալ 044» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Tert.am Life–ը ներկայացնում է պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու մանրամասները։
Ֆիլմը կառուցվել է Մկրտիչ Արզումանյանի կերպարի շուրջ։ Դերասանը նշեց, որ կարևորում էին, որ ինքը նորովի ներկայանա։ Բազմազան դերեր կերտելուց հետո դա փոքր-ինչ բարդ է, այնուամենայնիվ, ըստ դերասանի, կարողացել են գտնել կերպարային նոր գիծ, որը հետաքրքիր կլինի լսարանի համար։
Մկոն հույս հայտնեց, որ կերպարն իր շարունակությունը կունենա։ Կերպարը կշարունակի՞ ապրել, արդյոք ֆիլմը կունենա իր երկրորդ մասը, կախված է լսարանի արձագանքից։

Նկարահանումների ընթացքում դերասանը նաև բարդ փորձեր է ունեցել։ Օրինակ, շենքի տանիքից պարանով իջել է մի քանի հարկ։ Այս տեսարանում նաև կասկադյոր է նկարահանվել, սակայն հիմնական հատվածում նկարահանվել է հենց Մկրտիչ Արզումանյանը։
Ֆիլմի հիմքում Գեղարդի գողությունն է, որի բացահայտման ուղղությամբ էլ աշխատում է անհաջողակ գործակալը՝ հայտնվելեվ զավեշտալի իրավիճակներում։
Ստեղծագործական թիմը նշում է, որ գողության առարկայի շուրջ տարբեր քննարկումներ են ունեցել, ի վերջո, ընտրել են Գեղարդը, քանի որ տարբեր քննարկումների արդյունքում հասկացել են, որ շատերը չգիտեն Գեղարդի նշանակությունը, այն ասոցացնում են եկեղեցու հետ։ Ամիսներ առաջ քննարկումներ ծավալվեցին, որ Հայաստանում ցուցադրված չէ Գեղարդի օրիգինալ տարբերակը։ Ռեժիսոր Հայկ Կբեյանի խոսքով՝ սցենարը մշակել էին դեռ ձմռանը։ Երբ տեսել են այս թեմայով հրապարակումները, զարմացել են, բայց այն ազդեցություն չի ունեցել սցենարի վրա։
Ստեղծագործական թիմը պատրաստվումը է ֆիլմը ներկայացնել նաև Հայաստանի մարզերում։ Արտերկրում ցուցադրություններ կլինե՞ն, թե՞ ոչ, նույնպես կախված է լսարանի արձագանքից։



































