«Պստո, արի խաղանք». ինտելեկտուալ 3 նոր խաղ փոքրիկների ու ընտանեկան ժամանցի համար՝ «Դե խաղա»-ի ստեղծողներից

16:38 • 23.10.18

 

Ուսուցում՝ խաղերի միջոցով, զվարճանք, ճանաչողական էքսկուրս ու վիրտուալ տիրույթից դուրս մարդկային շփման խրախուսում. այս նպատակով մոտ երկու տարի առաջ որպես հոբբի ձևավորվեց «Դե» նախաձեռնությունը, որը զբաղվում է սեղանի ուսուցողական և ժամանցային խաղերի արտադրությամբ: Նախաձեռնության հեղինակը Stand up նախագծի անդամ Հայկ Մկրտչյանն է, որը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց նոր խաղերի մասին:

 

Հոկտեմբերի 27-ին «Զանգակ» գրատանը «Դե»-ն կներկայացնի ևս երեք նոր խաղ այս անգամ փոքրիկների ու ընտանեկան ժամանցի համար: Մուտքն ազատ կլինի 15:00-ից սկսած: «Պստո, արի խաղանք» խորագրով շնորհանդեսի նպատակը, Հայկի խոսքով, ոչ ֆորմալ միջավայրում տարբեր ոլորտի մարդկանց, երեխաներին ու նրանց ծնողներին մեկ հարկի տակ համախմբելն ու խաղային կրթության նոր մշակույթին հաղորդակից դարձնելն է: Շնորհանդեսի ժամանակ նոր խաղերը տեղում կփորձարկվեն, կներկայացվի դրանց կառուցվածքն ու խաղալու եղանակները: 

 

«Արդեն մեկ տարի է՝ մեր խաղային ուղղվածությունը փորձում ենք թիրախավորել հենց երեխաների համար, զարգացնել խաղային մշակույթը, ինֆորմացիան փոքրիկներին փոխանցել զվարճանքի միջոցով: Երբ ուսումնասիրում ես, թե ինչպես է այս ոլորտն աշխատում, աշխարհում ինչ ուղղվածություններ կան, հասկանում ես, որ եթե նախկինում ինֆորմացիան կազմում էր խաղերի 80 տոկոսը, ապա հիմա ինֆորմացիան փոխանցելու համար մեկ նախապայմանը պետք է լինի զվարճանքը: Երեխայի մոտ երբեք չպետք է լինի այն գիտակցումը, որ իրեն ստիպում են նստել ու ինչ-որ բան սովորել: Այդ փաստերը հաշվի առնելով՝ արդեն 5 ամիս է մեր թիմը մշակում է մանկական խաղեր»,-ասաց Հայկը:

 

 

Նա հայտնեց, որ խաղերի հումորային ու զվարճանքի բաղադրիչն ինքն է ապահովում և նկատեց, որ մտահղացումը գործնական հիմքերի վրա դրվում է համապատասխան մասնագետների օգնությամբ, որոնք կամավոր սկզբունքներով աջակցում են խաղերի ստեղծմանը: Խաղերի վրա աշխատել են հոգեբաններ, մանկական լոգոպեդ, տարրական դասարանների ուսուցիչներ, ուսանողներ, դիզայներներ: Ի դեպ, խաղերի դիզայնի հարցում հաշվի է առնվել նաև փոքրիկների նախապատվությունը:  Հայկն ընդգծեց, որ խաղերը շուկա դուրս բերելուց առաջ, փորձարկում են երեխաների և նրանց ծնողների շրջանում:

 

Առաջին նոր խաղը կոչվում է «Փոքրատառ»: Այն նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների համար: Խաղի միջոցով երեխաները սովորում են հայոց այբուբենը, զանազանում պատկերները և դրանց անվանումները։ Խաղը ներառում է 18 խորանարդ, 150 խաղաքարտ, ավազի ժամացույց ու կանոնների գրքույկ։ Այն միաժամանակ 5 տարբեր խաղեր է առաջարկում, քանի որ կիրառության այլ եղանկաներ ևս ունի:

 

«Հոգեբանների կողմից գնահատական է տրված, որ այս խաղը զարգացնում է երեխաների հիշողությունն ու երևակայությունը: Ճիշտն ասած, այս խաղը ստեղծելիս փոքր-ինչ ոգևորվել ենք 3/OFF նախագծի խաղերից մեկից, երբ բառն ասում են ու փորձում մեծ խորանարդերով այն կազմել, այս դեպքում ուղղակի շրջում են խաղաքարտերը, փորձում են խորանարդերի օգնությամբ հավաքել այնտեղ թաքնված բառի տառերը»,– ասաց նա։

 

 

Հաջորդը երիտասարդներին արդեն ծանոթ «Դե խաղա»-ի մանկական տարբերակն է, որը կոչվում է «Դե խաղա, պստո»: Այս խաղը նախատեսված է ընտանեկան ժամանցի համար, միտված է ուրախ ու անմիջական մթնոլորտ ապահովելուն և հեղինակի խոսքով, հանդիսանում է առաջին հայալեզու ընտանեկան խաղը:

 

«Մի հետաքրքիր փաստ կա. «Դե խաղա»-ի շնորհիվ երկու զույգ ծանոթացել և ամուսնացել են: Խաղն ամբողջությամբ հումորային ֆորմատի է եղել, և մենք որոշեցինք նրա ընտանեկան տարբերակը ստեղծել: Խաղում այնպիսի հարցեր ու առաջադրանքներ են ներառված, որոնք կօգնեն ընտանիքի անդամներն իրար լավ ճանաչել  ու բացահայտել: Հարցերից են օրինակ՝ ի՞նչն է ընտանեկան զբաղմունքի իմ ամենասիրած տարբերակը, ի՞նչ կփոխեի իմ առօրյայում, ի՞նչն եմ ստիպված անում, իսկ առաջադրանքներից շատերը հումորային բնույթի են, օրինակ՝ գրիր ճակատիդ «հորքուրի գանձ» ու այդպես մնա մինչև խաղի ավարտը»,-ասաց հեղինակը:

 

Երրորդ նոր խաղը «3 ույու 4» -ն է, որը մաթեմատիկական խաղ է և ունի բարդության 4 մակարդակ, խաղալու 5 տարբերակ։ Այն նախատեսված է 8 տարեկանից բարձր տարիքի երեխաների, նաև ուսանողների համար: Խաղը թվերի, հաշվարկների մասին է և ուղղված է միտքը մարզելուն:  

 

 

Հայկը նշեց, որ ցանկացած նոր խաղ ստեղծելիս ուսումնասիրում են շուկան, գործունեության համար ազատ դաշտը գտնում են, իսկ գաղափարն իրացնելու համար անհրաժեշտ ֆինանսական բաղադրիչն ապահովում են օգտվելով սոցիալական ուղղվածության գրանտային ծրագրերից, անհատ մարդկանց աջակցությամբ, երբեմն էլ, պարտքային միջոցների հաշվինЖ)

 

«Կարծես դոմինոյի շղթա լինի, ինչ-որ խաղից ստացված ֆինանսը գալիս է ու ներդրվում է մեկ այլ խաղի ստեղծման մեջ,- ասաց նա և ավելացրեց, որ հետագայում նպատակ ունեն խաղերը ներդնել դպրոցներումб որպես այլընտրանքային ուսուցման մեթոդ,- Ներկայումս Կրթության ազգային ինստիտուտի կողմից խաղերը փորձաշրջան են անցնում, հասկանալու համար թե որքանով կարող են այլընտրանքային ուսուցման միջոց դառնալ: Մենք նպատակ ունենք խաղերը նաև դպրոցներում կիրառել, որպեսզի հետագայում դրանք դասապրոցեսի մի մաս դառնան»:

 

Հայկը նկատեց, որ խաղերը խաղալու կարևոր նախապայմաններից մեկը բարձր տրամադրությունն է: 3 խաղն էլ շնորհանդեսից հետո հասանելի կլինի Հայաստանի գրեթե բոլոր գրախանութներում: