Կանանց ու տղամարդկանց բարդ ընկալումները` Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակում
Երգչուհի Իվետա Մուկուչյանի եռագրության երկրորդ հատվածի Ritch Bitch–ի պրեմիերան Tert. am Life–ը ներկայացրել է իր ընթերցողներին։ Ինչպես եռագրության առաջին մասը` «Մարգո»-ն, այնպես էլ երկրորդ հատվածը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։
Այս աշխատանքով Իվետան ներկայացրել է աշխարհում կնոջ դիրքի, դիրքի փնտրտուքի, երբեմն, տղամարդկանց շրջանում առկա սխալ ընկալումները։ Երգչուհին կարևորում է, որ տեսահոլովակում կնոջ կերպարն ուժեղ է, չի հանձնվում, շարունակում է իր ուղղությունը, է պայքարել և հաստատել աշխարհում գոյության իր իրավունքը։
Ինչպես եռագրության առաջին, այնպես էլ այս հատվածում, առկա է թագուհու կերպարը, որը շարունակում է քայլել, անհաղորդ մնալ իրեն ուղղված առաջարկներին։ Թե որտեղ կամփոփվի նրա ճանապարհը, պարզ կդառնա եռագրության հաջորդ հատվածում միայն։

Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Իվետա Մուկուչյանը, գործիքավորումն իրականացրել է Դարքո Բիթսը, երաժշտական ձեւավորումը` Դեիմոս Վիրգիլիտտոն, միքսը և մասթերինգն իրականացրել է Լեւոն Նավասարդյանը, հագուստների ձեւավորումը` Մարիաննա եւ Իվետա Մուկուչյանները, դիմահարդարումը եւ վարսահարդարումը` Մարիաննա Մուկուչյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է, պրոդյուսերներ` Բրեդ Քլերլի եւ Իվետա Մուկուչյան։
Եռագրության երրորդ` եզրափակիչ հատվածը երգչուհին կներկայացնի առաջիկայում։
«Մարգո» եռագրությունը ներկայացնում է հատվածներ Իվետա Մուկուչյանի անձնական պատմություններից։ Երգչուհու փոխանցմամբ` եռագրությունը ներկայացնում է զգացողություններ, որոնք իր համար կարևոր են այնքան, որ ցանկություն է ունեցել ներկայացնելու նաև հանրության լայն շերտերին։ Եռագրության առաջին հատվածը վերնագրված և նվիրված է Իվետա Մուկուչյանի տատին` մայրիկի մորը, որը մահացել է Իվետայի ծննդից առաջ։ Ըստ երգչուհու` թեև իրենք հանդիպելու և շփվելու հնարավորություն չեն ունեցել, իրենց միջև աննկարագրելի կապ է ստեղծվել, որը բառերով դժվար է բնութագրել. «Նա ինձ անսահման հարազատ մարդ է, իմ խիղճը, ճիշտ դատողության ուժը»։












