«Ամեն ինչ խառնվեց ու ստիպված եղանք սցենարը փոխել». Նարեկն ու Սերգեյը՝ «Իմ մեծ, չաղ, հայկական Stand-up» ներկայացման մասին

19:41 • 26.10.18

 

Հայաստանի գլոբալ խնդիրները, յուրահատկությունները, վերջին կես տարվա քաղաքական իրադարձություններն ու հայկական բնավորության տարբեր դրսևորումները իրենց հատուկ հումորային փաթեթավորմամբ ու շեշտադրմամբ կներկայացնեն ArmComedy-ի տղաները՝ Նարեկն ու Սերգեյը: «Իմ մեծ, չաղ, հայկական Stand-up» խորագրով ներկայացման առաջնախաղը նոյեմբերի 9-ին կկայանա Գյումրիում, նոյեմբերի 11-ին՝ Վանաձորում և վերջում՝ նոյեմբերի 17-ին Երևանում՝ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:

 

Tert.am Life-ի հետ զրույցում տղաները պատմել են Stand up-ի մտահղացման մասին: Սերգեյը նշեց, որ ներկայացումը մարզերից սկսելը պատահական որոշում չի եղել. «Քանի որ մենք քաղաքական ուղղվածության նախագիծ ենք ներկայացնում, մտածեցինք տրամաբանական կլինի օգտագործել քաղաքական վերջին կես տարվա մոդելը, որ ամեն ինչ սկսվում է Գյումրիում, շարունակվում Վանաձորում և վերջում գալիս Երևան: Դա նաև հետաքրքիր ակնարկ կլինի վերջին կես տարվա քաղաքական զարգացումներին»:

 

Նարեկն է նկատեց, որ սա իրենց ամենածավալուն  սթենդ-ափն է, որ անելու են երեք քաղաքում. «Մարզերում ներկայանալու ցանկություն շատ վաղուց կար, բայց կազմակերպչական խնդիրների պատճառով չէինք կարողանում անել: Այս անգամ ստացվեց: Մեր սթենդ-ափի պատմության մեջ ամենամեծ դահլիճում ենք անում ներկայացումը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, որը նախատեսված է մոտ 1200 հանդիսատեսի համար և շատ հարմար դահլիճ է հանդիսատեսի հետ անմիջական կապ հաստատելու առումով»:

 

 

Տղաները պատմեցին, որ Stand-up-ի մտահղացումն ավելի վաղ են ունեցել և պետք է դեռ մայիսին իրականացնեին, բայց հեղափոխությունն իր ազդեցությունն ունեցավ նաև նրանց վրա։ «Շաբաթն ուրբաթից առաջ եկավ, ամեն ինչ խառնվեց, ստիպված եղանք մեր սցենարն անսպասելի փոփոխությունների ենթարկել,-ասաց Սերգեյը և ավելացրեց, որ սցենարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, որպեսզի հնարավորինս արդիական ծրագրով ներկայանան հանդիսատեսին,- Քանի որ ամեն օր ինչ-որ բան փոխվում է, մենք պահում ենք մինչև վերջին վայրկյանը փոփոխություններ մտցնելու հնարավորությունը, որ ներկայացումը լինի ակտուալ ու հետաքրքիր հանդիսատեսի համար»:

 

Նարեկի խոսքով` ներկայացումը հետաքրքիր ու դիտարժան կլինի նաև այն հանդիսատեսի համար, որն առանձնապես հետաքրքրված չէ քաղաքական զարգացումներով, քանի որ շոշափվող թեմաները տարաբնույթ են լինելու. «Խոսելու ենք ոչ միայն քաղաքական զարգացումներից, այլև մեր կենցաղային, նեղ մասնագիտական հայկական թեմաներին ենք անդրադառնալու»:

 

Սերգեյն էլ ավելացրեց, որ բովանդակային առումով սթենդ–ափը ներկայացնելու է Հայաստանի վերջին տարիների բոլոր յուրահատկությունները, կանդրադառնան գլոբալ հայկական հարցերի, որոնք հազարամյակների պատմություն, հայկական բնավորություն ունեն: Կփորձենք հասկանալ, հետադարձ հայացքով, ժպիտով, տեսնենք ինչ է կատարվել ու կատարվում Հայաստանում և՛ վերջին կես տարում, և՛ հազար տարում»:

 

 

Անդրադառնալով սթենդ–ափի համար ընտրված խորագրին` տղաներն ասացին, որ այն իսկապես համահունչ է ներկայացման բովանդակությանը։ «Ես վստահ եմ, որ եթե  Դիանա Գրիգորյանը լսել է վերանգրի մասին, սիրով և ջերմությամբ է այն ընդունել: Այդ վերնագիրը մի քանի ուղերձ ունի. նախ որ մեծ է, հետո շատ հայկական և այն հարցերի մասին է, որ բոլորիս հետ կապված են, բոլորիս հուզում են և մեր երկրի ծոցից դուրս եկած խնդիրների մասին է»,-ասաց Սերգեյը, Նարեկն էլ նկատեց. «Հանրահայտ արտահայտությունների  գործածման համար հեղինակային իրավունքի խնդիր չի առաջանում, ինչպես գողությունը գողանալը չէ արտահատության դեպքում: Այո,  որոշակի չափով աչքով ենք անում այդ հայտնի հաղորդմանը, բայց դրանով նմանություններն ավարտվում են»:

 

Տղաները փաստեցին, որ հեռուստատեսային ձևաչափում հաճախ տեղ չեն գտնում իրենց մի շարք մտահղացումներ, այդ ամենը փորձել են ամփոփել սթենդ-ափի ժանրում։

 

 

«Բազմաթիվ մտքեր են կուտակվել այս ընթացքում թե՛ իմ, թե՛ Նարեկի մոտ, որոնք հեռուստատեսային ձևաչափում հնարավոր չէր ներկայացնել, դա կանենք բեմից: Բեմում այն շփումն է, որը մենք կարոտել էինք: Արդեն երկու տարի է` չենք շփվել մարդկանց հետ բեմից: Դրա համար նախևառաջ այս կերպ մեր կարոտն ենք առնում: Երկրորդը՝ ստուգում ենք մարդկանց զարկերակը: Դա ամենաանկեղծ եղանակն է, որովհետև հանդիսատեսի արձագանքը, ծիծաղը կամ դժգոհությունը բեմից արագ ես զգում: Բեմը քեզ պահում է ավելի սթափ, ավելի պատրաստ, ավելի մրցունակ: Մենք ակնկալում ենք շատ անկեղծ շփում հանդիսատեսի հետ և ելնելով նախապատրաստական աշխաատնքներից՝ կարծում ենք՝ բուռն պետք է լինի այդ շփումը»,-ասաց Սերգեյը:

 

Նրանք նաև ասացին, որ ներկայացման ժամանակ փոքրիկ տեսանյութեր կներկայացնեն, սակայն  այլ մանրամասներ չբացահայտեցին, որպեսզի հանդիսատեսի հետաքրքրությունը չպակասի: Կախված հանդիսատեսի արձագանքից՝ տղաները կորոշեն, ներկայացումը շարունակական կլինի՞, թե՞ ոչ, բայց նշեցին, որնաև ԱՄՆ-ում հանդես գալու ծրագրեր կան:

 

«Ամեն ինչ խառնվեց ու ստիպված եղանք սցենարը փոխել». Նարեկն ու Սերգեյը՝ «Իմ մեծ, չաղ, հայկական Stand-up» ներկայացման մասին