Սուրեն Առուստամյանը՝ 36-ամյակը Աթենքում նշելու և լավագույն նվերի մասին

13:26 • 26.10.18

 

Դերասան, հաղորդավար Սուրեն Առուստամյանը երեկ նշել է 36-ամյակը: Դերասանը նկատում է՝ արդեն ավանդույթ է դառնում տարեդարձի օրը Հայաստանից դուրս լինելը: Այս տարի Սուրենը ծննդյան օրը մեկնել է Հունաստան:

 

Նա Tert.am Life-ին լուսանկարներ է տրամադրել ուղևորությունից և պատմել մեկնելու պատճառի ու տարեդարձին ստացած լավագույն նվերի մասին:

 

Սուրենը նշեց, որ Աթենքում է ոչ թե տարեդարձը տոնելու, այլ գործնական նպատակով։ Թե կոնկրետ ինչ աշխատանքով է Հունաստանում, դերասանն առայժմ չի մասնրամասնում, սակայն նշում է, որ ուրախ է այս համընկման համար. «Հատուկ ծնունդս նշելու նպատակով չեմ այստեղ, բայց հաճելի համընկնում էր: Բացահայտեցի Աթենքը, մասնավորապես Հին Հունաստանը։ Անցած տարի տարեդարձս նշեցի Մոսկվայում, այս տարի` Աթենքում: Հետաքրքիր է՝ մյուս տարի որտեղ եմ լինելու»:

 

 

Դերասանը նկատեց, որ ծննդյան օրը մշտապես ուրախանում է, իսկ մեծանալը երբևէ տխրելու առիթ չի տալիս: Նա նշեց, որ տոնական օրվա առաջին շնորհավորանքը ստացել է կնոջից, իսկ ստացած նվերներից առանձնացրեց երկուսը. «Ամեն առավոտ կնոջս ու երեխաներիս ժպիտն ամենամեծ նվերն է, որ ստանում եմ: Հավատացեք, անկեղծ գրված ամեն շնորհավորանք ընկերներիս կողմից ամենաթանկ ու կարևոր նվերներից է»:

 

Միաժամանակ, Սուրենը փոքրիկ հուշում արեց բոլոր նրանց, ովքեր դեռ չեն որոշել իրեն ինչ նվիրել. «Ես սիրում եմ նվերներ ստանալ: Ի դեպ, հարուստները կարող են ինձ գիրք նվիրել, իսկ ովքեր գումարից նեղվում են՝ iphone XS Max:)»:

 

Դերասանի խոսքով, ինչպես անցնող, այնպես էլ այս տարվա ընթացքում բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր և նպատակներ ունի, որոնց մասին առայժմ չի բարձրաձայնում և առաջարկում է հետևել դրանց իրագործմանը: