Հակոբի պահանջները և Արմենի գնահատականը. տղաների նոր տեսահոլովակի հետաքրքիր դրվագները
Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան դուետը նոյեմբերի 1-ին լսարանին կհանձնի իր նոր երգն ու տեսահոլովակը: Հայրենասիրական, մարտական ոգով երգը հետաքրքիր նախապատմություն ունի, որի մանրամասները տղաները պատմել են Tert.am Life-ին և լուսանկարներ տրամադրել նկարահանման հրապարակից:
«Հով արեք» երգի երաժշտության և բառերի հեղինակը Քնար Մակարյանն է, գործիքավորումն արել է Գարիկ Առաքելյանը: Աշխույժ ռիթմերով, ազգագրական երգը Արմենի խոսքով, իրենց առաջարկել է հենց հեղինակը:
«Մոտ մեկուկես տարի է՝ երգը մեզ մոտ էր: Հեղինակը մեզ համացանցով էր ուղարկել այն և նշել, որ շատ կցանականար կատարենք: Մենք հավանեցինք երգը, բայց երբ որոշեցինք աշխատել դրա ուղղությամբ, հեղինակին կորցրեցինք` նա չէր արձագանքում մեր նամակներին: Մեր ծրագրերում ուրիշ աշխատանքներ էլ կային, բայց Գարիկն այս երգի համար այնքան ճիշտ գործիքավորում էր արել, որ անհնար էր այն չկատարել, տեսահոլովակ չնկարահանել: Որոշեցինք, որ մեզ համար տարվա եզրափակումը կլինի այս երգով: Հեղինակը վերջերս արձագանքեց, գտանք իրեն: Նա շատ էր ուրախացել, ասում է` չէր էլ պատկերացնում, որ մենք այս երգը տեսահոլովակով կներկայացնենք: Մենք ևս շատ ուրախացանք, քանի որ մեր երգացանակում այն շատ կարևոր տեղ է զբաղեցնում»,-ասաց Արմենը:

Նա նշեց, որ նոր երգը շեշտակի տարբերվում է իրենց նախորդ կատարումներից, թեև ժանրային առումով ժողովրդականն իրենց համար խորթ չէ: Երգիչը նկատեց, որ այս երգի կատարմամբ վերադառնում են երաժշտական այն ոճին, ինչից սկսել են իրենց համատեղ գործունեությունը: Տեսահոլովակի ռեժիսորը այս անգամ նույնպես Հակոբ Հակոբյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, մոնտաժային աշխատանքն արել է Կարեն Մելքումյանը: Տեսահոլովակում տղաները պրոֆեսիոնալ պարողների հետ հանդես կգան պարով, որի բեմադրիչը Ռաֆիկ Հարությունյանն է: Տեսահոլովակի մենապարուհին նրա կինը՝ Անժելա Բեյբությանն է:
Հակոբն ընդգծեց, որ տեսահոլովակում փորձել են մի քանի րոպեի մեջ խտացնել հայոց պատմության կարևորագույն ժամանակաշրջանները ու հերոսներին: Նկարահանումները տևել են մեկ օր` Սևանի ճանապարհին գտնվող դաշտավայրում:
«Երբ երգը լսեցի, գաղափար առաջացավ տեսահոլովակում անցնել մեր պատմության միջով, մի քանի տարբերակ ունեինք: Նկարիչների հետ քննարկումներից հետո գտանք այն վերջնական տեսքը: Ներկայացված է պատմություն, որը սկսվում է քրիստոնեական ժամանակաշրջանից, հայոց թագավորներից և հասնում մինչև մեր օրեր: Ժամանակը շատ քիչ էր, որպեսզի կարողանայինք մեր պատմության բոլոր կարևորագույն դեմքերին անդրադառնալ: Դժվար էր կողմնոորշվել՝ ո՞ր ժանակաշրջանն ու ում ներկայացնել: Տեսահոլովակում ես վազում եմ այդ պատմության միջով, իսկ Արմենը ցույց է տալիս այն սիմվոլները, որոնք կապված են պատմության այդ շրջանի ու նրա հերոսների հետ: Ամեն բան իր մեջ սիմվոլիկա է պարունակում: Գուցե առաջին անգամ դիտելիս այն ամբողջությամբ չընկալվի, թեև փորձել ենք հնարավորինս պարզ ներկայացնել»,-ասաց Հակոբը:
Տեսահոլովակում Հակոբն ու Արմենը կներկայանան երեք կերպարով՝ թագավորական հանդերձանքով, ազգային տարազ հիշեցնող հագուստով և ժամանակակից ոճով: Հագուստների դիզայնն իրենք են մտածել: Տղաները նշեցին, որ իրենց գործունեության ընթացքում սա ամենաաշխատատար տեսահոլովակն էր։ «Այս տեսահոլովակի վրա շատ ժամանակ ենք ծախսել և ծավալուն աշխատանք տարել: Տեսահոլովակի համար ամբողջությամբ կարվել են պարողների զգեստները, կոշիկները, անգամ ձիերի շորերն ենք կարել: Այդ առումով թե՛ երգի ու թե՛ իմիջային տեսնակյունից մեզ համար շատ կարևոր աշխատանք է և անհամբեր սպասում ենք»,-ասաց Հակոբը:
Արմենն էլ նկատեց, որ նախապես չեն կանխորոշում՝ ինչպիսին կլինի մարդկանց արձագանքը, քանի որ իրենց լսարանն անկանախատեսելի է, միաժամանակ, ընդգծեց, որ հայրենասիրական երգերի պահանջարկը կա: Խոսելով որպես ռեժիսոր Հակոբի հետ աշխատելու մասին` երգիչը նշեց, որ նկարահանման հրապարակում նա պահանջկոտ է. «Գաղտնիք չէ, որ Հակոբն առաջին մասնագիտացմամբ ռեժիսոր է։ Նա շատ պահանջկոտ է ու մանրակրկիտ է աշխատում: Դրա հետ մեկտեղ նրա հետ շատ հեշտ է աշխատել: Դժվար է, երբ դու և՛ ռեժիսորն ես, և՛ կատարում ես խնդիրը, և՛ պետք է կադրին հետևես, բայց նրան դա հաջողվում է: Նա շատ լավ է պատկերացնում, թե ինչ կարելի է ներկայացնել, ինչ է մեզ սազում: Այդ է պատճառը, որ այլ ռեժիսորների հետ չենք համագործակցում»:
Հակոբն իր հերթին փաստեց, որ տեսահոլովակում ներկայանալն ու միաժամանակ դրա ռեժիսոր լինելը բարդ է, բայց իր դրական կողմն էլ ունի. «Ես խոստովանում եմ, որ դա շատ դժվար է, բայց լավ է, քանի որ ես հստակ գիտեմ՝ ինչ է պետք և դժվար կլինի, որ մեկ այլ ռեժիսոր ինձ ուրիշ բան համոզի: Ես սիրում եմ, երբ արտիստն ամբողջությամբ վստահում է ռեժիսորին՝ այդպես գործն ավելի լավ է ստացվում: Չի բացառվում, որ վաղը մենք կունենանք համագործակցություն այլ ռեժիսորների հետ: Մի երգ կա, որի տեսահոլովակը հավանաբար կնկարահանի այլ ռեժիսոր, որպեսզի այլ մոտեցում, շունչ և փոփոխություն լինի։ Մենք շատ տաղանդավոր ռեժիսորներ ունենք»,-եզրափակեց նա:















