Ամուսնու և որդու անակնկալը՝ Նազիկ Ավդալյանի 32-ամյակին

18:19 • 31.10.18

 

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այսօր նշում է ծննդյան 32-ամյակը: Տոնական օրը նրա համար սկսվել է դեռ կեսգիշերից` ամուսնու մատուցած անակնկալով: Նազիկին յուրօրինակ նվեր է պատրաստել նաև որդին: Tert.am Life-ի հետ զրույցում ծանրորդուհին պատմել է անակնկալների, այս տարի ծննդյան օրը նշելու տարբերակի և առաջիկա ծրագրերի մասին:

 

Նազիկն ասաց, որ առաջինն իրեն շնորհավորել է ամուսինը, հետո՝ մայրիկը: Տոնական տրամադրությունը սկսվել է կեսգիշերից. «Երեկոյան, ուղիղ ժամը 12-ին ամուսինս աշխատանքից տուն վերադարձավ ծաղկեփնջով և նվերով: Չգիտեմ, այդպես ստացվե՞լ էր, թե նախապես էր պլանավորել, բայց շատ հաճելի անակնկալ էր, -ասաց նա, սակայն չցանկացավ բացահայտել ամուսնու նվերը,-Այնպիսի նվեր է, որն ինձ անհրաժեշտ էր: Մենք արդեն խոսել էինք և նա իմ ցանկությամբ էր նվերն ընտրել: Ընդհանրապես, միմյանց այնքան լավ ենք ճանաչում, որ լավ գիտենք՝ ինչ նվիրել»:

 

Ծանրորդուհին նշեց, որ 4 տարեկան որդին էլ անհմաբերությամբ սպասել է մայրիկի տարեդարձին, որպեսզի նրան նվեր մատուցի: «Միայն նրա ուրախությունը տեսնելու համար, ինքս էլ սպասում եմ այս օրվան: Մենք թեթևակի զրույց ունեցանք: Ասաց՝ ուզում էի քեզ անակնկալ անել, հարցրի՝ ի՞նչ անակնկալ, պատասխանեց՝ դեռ չգիտեմ: Հետո ասաց, եթե փող տաս, կիմանամ ինչ անակնկալ անեմ: Ավելի ուշ որոշեց ինձ գեղեցիկ ծաղիկ նվիրել բացիկի մեջ դրված, որը ինքն է պատրաստելու մանկապարտեզում»,-ասաց նա:

 

 

Նազիկի խոսքով, ինքն առանձնապես մեծ խնջույքներ չի սիրում և նախընտրում է նման կերպ տոնել միայն հոբելյանական տարիները, իսկ այս տարի տարեդարձը կնշի տանը՝ հարազատների ու մտերիմ մարդկանց միջավայրում. «Այս տարի այնքան զբաղված եմ եղել, որ նույնիսկ մոռացել էի՝ տարեդարձս է մոտենում: Մի քանի օր առաջ եմ հիշել այդ մասին՝ հարազատներիս վերաբերմունքից հասկանալով»:

 

Նրա համոմզամբ, անկախ տարեթվերից մարդ հոգով պետք է իրեն մշտապես երիտասարդ զգա. «Եվս մեկ տարով մեծանալը ցավալի չեմ տանում: Այդպես էլ պետք է լինի: Դա կյանքի բնականոն ընթացք է»:

 

Նազիկն այս տարիների իր ամենակարևոր ձեռքբերումը մասնագիտական նվաճումներից բացի համարում է ընտանիք կազմելն ու բալիկ ունենալը: Ի դեպ, ծանրորդուհին նշեց, որ առայժմ չի մտածում ընտանիքի համալրման մասին: 32 տարեկանում էլ նա մի շարք ծրագրեր է նախանշել, որոնցից մեկը՝ աշխատանքային նախկին ռիթմին վերադառնալն է:

 

 

«Վերջին երկու տարին կարելի է  ասել ինձ համար պասիվ շրջան էր, քանի որ ինձ ամբողջությամբ նվիրեցի ընտանիքիս, փոքրիկիս, հիմա արդեն ուզում եմ աստիճանաբար վերադառնալ հին առօրյային, ավելի շատ աշխատանքային կյանքին: Ուզում եմ աշխատել, քնաի որ ես չեմ կարող բացառապես տնային տնտեսուհի լինել: Մտածում եմ՝ եթե աշխատեմ, ավելի շատ բան կհասցնեմ անել տանը, քան հիմա: Թեև, ինձ թվում է՝ կարողացել եմ մի որոշ չափով լրացնել այն պակասը, որը ուսումնամարզական հավաքների ժամանակ ընտանիքս ունեցել էր»,-ասաց նա:

 

Նազիկը դեռ դժվարացավ նշել, թե որ ոլորտում կշարունակի գործունեությունը, բայց կարծում է ՝ սպորտի բնագավառում չի լինելու. «Ինչպես նշել եմ, մեծ սպորտ վերադառնալ այլևս չեմ պատրաստվում, քանի որ և՛ վնասվածքներս դա թույլ չեն տալիս, և՛ բալիկս արդեն առանց ինձ չի կարողանում մնալ ու դա շատ դժվար կլինի: Դեռ չգիտեմ որ ոլորտում կաշխատեմ: Ամեն դեպքում շատ ծրագրեր կան, որոնց մասին առայժմ չեմ ուզում բարձրաձայնել, որպեսզի չլինելու դեպքում, հարցեր չլինեն»,-եզրափակեց նա: