Ալեքսանդր Պլատոյի երևանյան առաջին մենահամերգն ու հայտնի հյուրերը
Առաջին ալիքի «Առավոտ լուսո» նախագծի հաղորդավար Ալեքսանդր Պլատոն երեկ Կամի ակումբում ներկայացավ իր առաջին մենահամերգով, որով ազդարարվեց նաև նրա առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը։ Tert.am Life–ը ներկայացնում է էներգետիկ երեկոյի մանրամասներն ու ֆոտոշարքը։
Իր էներգետիկայով աչքը ընկնող Ալեքսանդրին լսարանը ճանաչեց «Դեպի եվրատեսիլ» նախագծով։ Թեև նա Եվրատեսիլ չգնաց, Առաջին ալիքի հետ համագործակցությունը շարունակական դարձավ ու սկսեց վարել «Առավոտ լուսոն»։ Ալեքսանդրը երգում է, պարում, գրում, զբաղվում է պրոդյուսինգով հաղորդավարությամբ և այսպես շարունակ, սակայն շեշտում է, որ չի ուզում լսարանի կողմից ընկալվել, որպես ամեն ինչից մի քիչ գլուխ հանող մեկը։
«Միշտ երազում էի փոքրիկ մենահամերգ ունենալու մասին, տարբեր առիթներով երգել եմ, սակայն ուզում էի իմ երեկոն ունենալ։ 12 տարի է` Հայկ Մելիքյանի պրոդյուսինգով եմ զբաղվում, որը միշտ դասական ժանրում է։ Երաժշտական ասպարեզում այդպիսի պրոֆեսիոնալի հետ աշխատելով` ինձ շատ դժվար էր ուղղակի մտնել այս ոլորտ։ Որպեսզի ես այսօր այստեղ երգեմ, 5 տարի չարչարվել եմ։ Չեմ ուզում մարդիկ մտածեն` լավ տղա է, մի քիչ գրում է, մի քիչ մարքեթինգ անում, մի քիչ համալսարանում է դաս տալիս, հետն էլ երգում է։ Այսօրվա համերգը ինձ համար կարևոր էր, որպեսզի պրոֆեսիոնալ ներկայանալու նիշը դնեի»,– ասաց նա ու հավելեց, որ համերգն է առիթ հանդիսացել, որպեսզի մտածի նաև իր երգերը ձայնասկավառակում զետեղելու մասին։

Ձայնասկավառակ թողարկելն այսօր խորհրդանշական բնույթ է կրում։ Երգիչներն ավելի հաճախ դա անում են իրենց պորտֆոլիոյի մասին։ Ալեքսանդրը շեշտում է, որ չի էլ մտածել վաճառքի մասին, սա ավելի շատ իր համար էր. «Ձայնասկավառակ թողարկեցի, որ ամբողջ կյանքում մնա։ Այն խորհրդանշական է, ուղղակի ցանկացա ամփոփել աշխատանքս»։
Ալեքսանդրը նկատեց, որ մի քանի տարի առաջ սկսեց փիլիսոփայել, մտքերը թղթին հանձնել, արդյունքում այսօր ինքն է հեղինակում իր երգերի խոսքերը։ Ալեքսանդրը համերգի ընթացքում էլ զրուցում էր հանդիսատեսի հետ։
«Ես գիտեմ, որ շատ անկեղծ ստացվեց։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, բեմից ասում էի այն, ինչ մտքիս կար։ Շատ ուրախ եմ, որ կան նաև դրա համախոհները, և հանդիսատեսից ստանում էի համապատասխան արձագանքը»,– նշեց նա։

Ակումբային համերգն անցավ ջերմ մթնոլորտում։ Հանդիսատեսին շատերը նրա ընկերներն էին և բավականին ակտիվ էին։ Ալեքսանդրը նկատեց, որ անկախ նրանից հանդիսատեսի շարքերում իր ընկերներն են, թե ոչ, Երևանում հանդիսատեսը շատ ջերմ է։ «Երևանյան հանդիսատեսին ինչ տալիս ես, եռապատիկը ստանում ես։ Էդ ջիգյարն ուրիշ տեղ չկա։ Էստեղ հանդիսատեսն ամեն ոճ ըմբռնում է։ Այն էսքսպերիմենտները, որ էստեղ անում եմ, ուրիշ տեղ չեմ կարող անել»,– նկատեց նա։
Տարբեր աշխատանքներով զբաղվելը մի կողմից բնութագրական է Ալեքսանդրի տեսակի ու մի քանի «ես»–երի համար, մյուս կողմից ունի իր բացասական հետևանքը։
«Դա էլ իմ կյանքի բարդ խնդիրն է։ Ես հասկացել եմ, որ կյանքի բանալին այն է, որ պետք է կենտրոնանաս արածդ գործի վրա, որպեսզի համապատասխան ծավալով էլ արձագանք ստանաս։ Ես կենտրոնանում եմ մի քանիսի վրա։ Դա իր գինն ունի, բնականաբար, արձագանքը կարող է նույն ծավալով չլինել, սակայն ես հասկացել եմ, որ այլ կերպ չեմ կարող»,– եզրափակեց նա։


















Լուսանկարները` Էլեն Գասպարյանի







