Արևիկ Ալավերդյանի 32-ամյակի խնջույքն ու ամուսնու անակնկալը

15:50 • 03.11.18

 

Փարիզաբնակ երգչուհի Արևիկ Ալավերդյանը հոկտեմբերի 31-ին նշել է ծննդյան 32-ամյակը: Ֆրանսիայում բնակություն հաստատելուց հետո Արևիկն արդեն երրորդ անգամ է տարեդարձը նշում հայրենիքում: Երգչուհին ծննդյան օրվա առթիվ փոքրիկ ընտանեկան խնջույք է կազմակերպել, որի լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և պատմել տոնական օրվա անակնկալների մասին:

 

Արևիկն ասաց, որ տարեդարձի առաջին շնորհավորանքն ամուսնու կողմից է եղել. «Կեսգիշերին ամուսինս ինձ շնորհավորեց գեղեցիկ ծաղկեփնջով և անակնկալ նվերով: Նվերը չեմ ցանկանա բացահայտել, բայց կնշեմ, որ նա գրեթե միշտ ինձ նվիրում է այն, ինչ ես ցանկանում եմ»:

 

Երգչուհու խոսքով, այս տարի առանձնապես մեծ խնջույք կազմակերպելու ցանկություն չի ունեցել և նախընտրել է  տարեդարձը նշել ամուսնու, քրոջ ու հարազատների միջավայրում: Տոնական տորթի և ձևավորման հեղինակն Արևիկն է: «Ես հենց տեղում շատ արագ ամեն բան գեղեցիկ կերպով դասավորեցի: Փոքրիկ ընտանեկան հավաքույթ ստացվեց: Այս տարի ցանկացա մտերմիկ միջավայրում անցկացնել ծննդյանս օրը»,-ասաց նա:

 

 

Արևիկը նշեց, որ իր ամենատպովրիչ տարեդարձը եղել է 30-ամյակը, որը կրկին Հայաստանում է նշել. «Այդ ժամանակ մեծ խնջույքով տոնեցինք: Ես հղի էի և մեկ ամիս էր մնացել, որ որդիս լույս աշխարհ գար: Դա երևի թե իմ ամենահիշարժան տարեդարձներից մեկն էր, քանի որ մայրիկի կարգավիճակում էի ու բոլորովին այլ սպասումներով էի»:

 

Տոնական տորթը փչելիս երազանք պահելու ավանդույթը Արևիկը ևս պահում է. «Ես արդեն մի քանի տարի է՝ մոմերը փչելիս միշտ մի բան եմ ցանկանում, որ ծնողներս առողջ լինեն և մեր կողքին»:

 

Իրեն ուղղված բազմաթիվ բարեմաղթանքներից երգչուհին առանձնացրեց առողջ լինելն ու ընտանեկան երջանկությունը պահպանելը. «Ինձ գրեթե միշտ մաղթում են այն, ինչ ինքս ինձ եմ ցանկանում: Ամուսինս էլ մաղթանք ասելիս՝ միշտ վերջում կատակով ավելացնում է՝ բազմաթիվ ֆոտոշարքեր եմ քեզ ցանկանում: Նա գիտի, որ ֆոտոշարքեր անել շատ եմ սիրում»,-եզրափակեց Արևիկը:

 

 

Արևիկ Ալավերդյանի 32-ամյակի խնջույքն ու ամուսնու անակնկալը