«Հայ մայրեր»-ի բարեգործական Գալա ընթրիքն ու հայտնի հյուրերը

15:15 • 08.11.18

 

Վեց տարի առաջ իր գործունեությունը սկսած «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ն երեկ կազմակերպել էր ամենամյա  Բարեգործական Գալա ընթրիք, որի նպատակն է մի հարկի համախմբել կազմակերպության աջակից անհատներին՝ միասին ամփոփելու ընթացիկ տարիներին կատարված աշխատանքը, գրանցած արդյունքներն ու հետագա անելիքները: Միջոցառմանը ներկա էին առաջին տիկին Աննա Հակոբյանը, հասարակական գործիչներ, գործարարներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ ու բազմաթիվ այլ անհատներ:

 

Tert.am Life-ը ներկա է եղել երեկոյին և ներկայացնում է հայտնի հյուրերին ու կարևոր մանրամասները:

 

Բարեգործական երեկոն վարում էր «Հայ Մայրեր» ՀԿ խորհրդի անդամ և մշտական աջակից Նազենի Հովհաննիսյանը: Նազենին նկատեց, որ նմանատիպ երեկոների ընթացքում ամենակարևորը՝ բարության դրսևորումն է և նախատեսված դրամահավաքը պարզապես հանգանակություն չէ, այլ մարդկային պարզ շփում ու առաջնահերթ իրազեկում, որը հանգանականությունից առավել կարևոր է:

 

«Մարդը պետք է իմանա՝ ի՞նչ է մանկական ուղեղային կաթվածը, առաջին հերթին, որ դա վարակիչ չէ, վերջնական, վատ, մահացու հիվանդություն չէ: Սա խնդիր է, որը, այո՛, ունի իր որոշակի առանձնահատկությունները, բայց լուծելի է. Ցանկացած երեխա ինքն իրենով արդեն երջանկություն է բերում: Այո՛, գուցե նա ունի հենաշարժողական ապարատի խնդիր, բայց մի՞թե մենք կարող ենք թերագանահատել մարդուն իր ֆիզիկական այս կամ այն արատի պատճառով. Այն, ինչ մենք կոչում ենք խնդիր, շատերի համար դառնում է օրհնություն, որովհետև 8 տարի առաջ ծնված Գարիկը, որը ունի մանկական ուղեղային կաթված, դարձավ փրկօղակ 270–ից ավելի երեխաների, նրանց ընտանիքների մայրերի ու հայրերի համար: Այնպես որ, մեծ հարց է՝ ո՞վ ունի խնդիր՝ մենք, որ չենք կարողանում ընկալել որևէ ֆիզիկական խնդիր ունեցող երեխաների, թե նրանք, որոնք ուղղակի այդպես են ծնվել, և մենք պարտավոր ենք հասկանալ «ինչու»-ները և «ինչպես»-ները, ինչպես նրանց օգտակար լինել: Այս երեկոն հենց դրա մասին է»,- ասաց Նազենին:

 

 

Նախորդ տարվա ամենամեծ ձեռքբերումը Նազենին համարեց կազմակերպության բոլոր ընկերներներին, որոնք իրենց ժամանակն ու հնարավորությունները ներդնում են «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնում շահառու երեխաների համակարգային բուժմանը նպաստելու համար. «Ես ինքս չունեմ երեխա, պատկերացնում եմ, թե ինչքան բարդ է ընդհանրապես երեխա մեծացնելը, և, չունենալով այդ հոգսը, ես կարողացա ներառվել այդ ամենի մեջ, ինչ կարող է ունենալ երեխայատեր մայրը: Այստեղ էական չէ երեխան խնդիր ունի, թե ոչ: Այն ընկերությունը, որ ունենում ենք այս երեկոների ընթացքում և ամուր պահում ենք հետագայում սա է մեծագույն ձեռքբերումը»:

 

Կազմակերպության հիմնադիր Նարինե Մանուկյանը, ողջունելով ներկաներին և յուրաքանչյուրի կատարած ներդրումը, մանրամասն հաշվետվություն ներկայացրեց կատարված աշխատանքի մասին: Նարինեի խոսքով, միայն այս տարվա ընթացքում 526 վերականգնողական կուրս է տրամադրվել «Երազի տան»  փոքրիկներին  և 47 միավոր անհրաժեշտ պարագաներ, իսկ 19 մայրերի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տրամադրվել է ամբողջական հոգեբանական աջակցություն:

 

«Ամենաուրախալի փաստն այն է, որ կազմակերպության շահառու 11 երեխա արդեն քայլում է: Դուք բոլորդ մեծ լույս եք բերում մեր կյանք ձեր հավատով ու վստահությամբ, և ես խոստանում եմ, որ մենք երբևէ վստահությունը չենք չարաշահի: 2012-2018 թվականներին մենք տրամադրել ենք 2299 վերականգողական բուժում 270-ից ավել մանկական ուղեղային կաթված ունեցող փոքրիկներին: Ամեն երեխա հնարավորություն է ունեցել գալ «Երազի տուն», ստանալ համալիր բուժում, ջրային թերապիա, հոգեբանի, լոգոպեդի աջակցություն և գնալ մի փոքր ավելի կամ շատ վերականգնված: 545 օրթոպեդիկ կոշիկներ ենք նվիրել, որպեսզի փոքրիկների ոտքերը չդեֆորմացվեն և նրանք սկսեն ավելի լավ քայլել կամ գոնե չունենան ցավեր, որոնք լինում են մկանների դեֆորմացիայի դեպքում և 209 միավոր գույք ենք նվիրել՝ սայլակներ, քայլակներ, հենակներ»,- ասաց Նարինեն:

 

 

«Հայ մայրերի» կողքին արդեն 4 տարի կանգանծ են Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը: Tert.am Life-ի հետ զրույցում Գրիգորը նկատեց, որ ի սկզբանե Հռիփսիմեն է ակտիվ համագործակցել և աջակցել Նարինե Մանուկյանի նախաձեռնությանը, ինքն էլ չէր կարող այդ ամենին անմասն մնալ. «Եթե կա նմանատիպ նախաձեռնություն, անպայման պետք է ներգրավված լինենք, որովհետև սա բարի գործ է, որի միջոցով կարողանում ենք ապահովել բազմաթիվ երեխաների ու նրանց ընտանիքների երազանքը՝ հաշվի առնելով, որ սոցիալ-տնտեսական այս պայմաններում շատերը դժվարանում են հաղթահարել իրենց խնդիրը: Հոգեբանական աջակցությունը ևս շատ կարևոր է:  Դա ոգևորիչ է, որի շնորհիվ երեխաներն իրենց մեջ ուժ են գտնում, հասկանում են, որ չեն առանձնանում հասարակությունից և ունեն իրենց ուրույն դերը»:

 

Երեկոյին ներկա «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը ծառայեցվում է իր նպատակին: «Ինձ համար ուժեղ մարդու օրինակը Նարինեն է, երբ ունենում ես խնդիր ու այդ խնդրից այնպես ես դուրս գալիս,  որ 270 երեխայի, ընտանիքի այսօր կարողանում ես օգնել, սատարել ու լինել նրանց կողքին: Տարիներ շարունակ յուրաքանչյուր հարցում թե՛ ես, թե՛ քույս «Հայ մայրերի» կողքին ենք և ամեն անգամ, երբ այս ընթրիքը լինում է, լսում ես, թե մեկ տարվա ընթացքում քանի երեխայի է օգնություն տրվել, որքան ընտանիքներ կան, որ դեռ չեն հասցրել օգտվել այդ օգնությունից, դու հասկանում ես, որ դեռ շատ անելիքներ կան»,-ասաց նա:

 

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ բարեգործական աճուրդ-դրամահավաք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Հայ մայրեր» ՀԿ-ի շահառուների՝ մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ծնողների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին։ 

 

Միջոցառման  երաժշտական մասում ելույթ ունեցան  Գարիկ և Սոնա  դուետը, Սարոն, Կարեն և Սևակ դուետը, «Մոնարխ» երաժշտախումբը: