Չորս ընկերոջ արկածները` հեռավոր գյուղում. «Անմոռանալի օր» կատակերգության պրեմիերան ու հայտնի հյուրերը

13:06 • 09.11.18

 

Կատակերգության և մելոդրամայի ժանրում նկարահանված գեղարվեստական ֆիլմ, որը պատմում է չորս ընկերոջ արկածներով լի ու անմոռանալի օրվա  մասին. նոյեմբերի 8-ին կայացավ ռեժիսոր և պրոդյուսեր Հենրի Քոչարյանի՝ «Անմոռանալին օր» ֆիլմի պրեմիերան:  Tert.am Life-ը ներկայացնում է պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:

 

Ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Հենրի Քոչարյանը նշեց, որ մտահղացումը տարիներ առաջ է ունեցել, սակայն իրագործել է ամռանը: Սցենարի համահեղինակը Արմեն Վարդանյանն է, օպերատորը՝ Եղիշե Սողոմոնյանը: Ռեժիսորի խոսքով, ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են նոր դեմքեր, մարզային դերասաններ, որոնցից շատերի համար սա գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջին փորձն է եղել:

 

«Այնպես ստացվեց, որ կերպարների մեծ մասը լոռեցիներ են: Ես ի սկզբանե որոշեցի, որ  լոռեցիներին պետք է մարմնավորեն հենց լոռեցիները ու դրա համար քասթինգներ արեցինք և՛ Վանաձորում, և՛ Ալավերդիում, և՛ Երևանում ու այդպես ձևավորվեց դերասանական կազմը: Դերասանների ընտրության հարցում ես չեմ առաջնորդվել այն սկզբունքով, որ նրանք հայտնի լինեն: Մեծ մասն առաջին անգամ է նկարահանվում գեղարվեստական ֆիլմում, բայց կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ թե նրանց դերասանական տաղանդի մեջ է, այլ ուղղակի շատերը մինչև այսօր հնարավորւթյուն չեն ունեցել երևալու: Կարծում եմ՝ այս ֆիլմից հետո հանդիստաեսը իր համար նոր դեմքեր կբացահայտի: Ուզում եմ դերասանական կազմից հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանին: Երբ իմացա տիկին Ռոզայի տարիքը, ես զարմացել էի: Նա 87 տարեկան է»,-ասաց ռեժիսորը:

 

 

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Երևանից 200 կմ հեռավորության վրա գտնվող Լոռու մարզի Ակներ գյուղում: Ստեղծագործական ու դերասանական կազմի անդամները մոտ մեկ ամիս մնացել են գյուղում: Ըստ սյուժեի, հասնելով հեռավոր եւ ժամանակակից կյանքից կտրված գյուղ՝ 4 տղաներից մեկն անսպասելի սիրահարվում է և այդտեղից էլ սկսվում են նրանց անհավանական արկածները: Տղաները փորձում են ամեն բան անել՝ օգնելու իրենց սիրահարված ընկերոջը շահել այդ աղջկա սիրտը և ընթացքում ստիպված են լինում հաղթահարել փոքրիկ փորձություններ: Սիրահարված տղայի դերում հանդես է գալիս երիտասարդ դերասան Գոշ Հակոբյանը: Սա Գոշի համար գեղարվեստական ֆիլմում նկարհանավելու առաջին փորձն է:

 

«Առաջին անգամ են ներկայանում գեղարվեստական ֆիլմում և միանգամից գլխավոր դերով: Սա ինձ համար թե՛ փորձի փոխանակման, թե՛ նոր ինֆորմացիա ստանալու շատ լավ հնարավորություն էր այն առումով, որ կինոյի մասին շատ բաներ եմ իմացել, որոնք մինչ այժմ չգիտեի: Այն մարդիկ, որոնք ինձ ճանաչում են սիթքոմային կերպարներով, հուսով եմ այստեղ ինձ կբացահայտեն փոփոխված ու այլ տեսանկյունից»,-ասաց նա:

 

 

Գոշը պատմեց, որ ինչպես կադրում, այնպես էլ կադրից դուրս, նկարահանումների ընթացքում բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ են եղել. «Երևի թե 3 շաբաթվա ընթացքում, որ անցկացրել ենք այդ գյուղում, ես անընդհատ փորձում էի կերպարիս մեջ մտնել և անգամ մինչև վերջին պահը Հենրին մտածում էր, որ գուցե ես չպիտի մարմնավորեմ  գլխավոր հերոսին, բայց ինչպես տեսնում եք, ստացվեց: Նկարահանումներն, ընդհանուր առմամբ, տևել են մեկ ամիս և այդ ընթացքում ես հասցրել եմ 6 անգամ հիվանդանալ, մեքենայիս հետ կապված էլ պարբերաբար ինչ-որ բան էր խափանվում, անսարքություն էր առաջանում, բայց դա չկանգնեցրեց մեր ստեղծագործական թիմին»:

 

Աղջիկը, ում Գոշը սիրահարվում է ֆիլմում, իրենից 7 տարով փոքր է, սակայն դերասանի խոսքով, դա չի խանգարել խաղընկերուհու՝ Էլեն Գևորգյանի հետ արդյունավետ ու հեշտ աշխատանքին:


Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են նաև դերասաններ՝ Արթուր Սիմոնյանը, Թաթուլ Բոստանչյանը, Մովսես Նիկողոսյաը, Նարեկ Մախսուդյանը և այլք:

 

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Չորս ընկերոջ արկածները` հեռավոր գյուղում. «Անմոռանալի օր» կատակերգության պրեմիերան ու հայտնի հյուրերը