Հռիփսիմեի սիրո խոստովանությունը Մարտինին և որդու հետ զուգերգը. երգչուհու մենահամերգի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերը

12:51 • 12.11.18

 

Տարիների երազանք, որը դարձավ իրականություն. սա Հռիփսիմե Հակոբյանի առաջին խոստովանությունն էր «Խոստովանություն» խորագրով համերի ժամանակ: Նոյեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մենահամերգին հնչեց հին ու նոր 24 երգ, իսպանալեզու կատարումներ, Սայաթ-Նովայի երգերից և զուգերգեր:

 

Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանը, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:

 

Մենահամերգին Հռիփսիմեն ներկայացավ մի քանի տարբեր զգեստով, որոնց հեղինակը Մերի Ստեփանյանն էր: Համերգի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, ոճաբանը՝ Արայիկ Գաբաջյանը: Պարային բեմադրություններն ապահովեցին «Ամարաս» պարային համույթն ու «Հավանա» շոու բալետը: Երգչուհին համերգի սկզբում կատարեց իր մեղեդային երգերը: Նրան նվագակցում էր Կարեն և Սևակ դուետը:

 

Առաջին երգից հետո նա խոստովանեց՝ երկար է սպասել այս օրվան ու շատ հուզված է. «Հավասարակշռությունս բեմում պահում է ձեր ջերմությունը: Տարիներ շարունակ երազել եմ այս օրվա մասին, ուզում եմ` հուզմունքս հանկարծ չխանգարի ներկայացնել այն ամենը, ինչ պատրաստել ենք»:

 

 

Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը  երգչուհու «Մայրիկ» երգի կատարումն էր. «Մինչև ծնող չես դառնում, չես հասկանում` ինչ է մայր լինելը: Լեոն իր ծննդով ինձ հասցրեց 7-րդ երկինք, իր ծիծաղով, ժպիտով, երգով և խաղով ամեն օր ինձ ուրախացնում է և էլ ավելի պարտավորեցնում, որ նույնն անեմ իմ մայրիկի համար: Միակ երգն է, որի խոսքերը ես եմ գրել: Մամ, շնորհակալ եմ, որ ես կամ, և շնորհակալ եմ, որ հենց քո աղջիկն եմ: Սիրով այս երգը նվիրում եմ իմ, Մարտինի մայրերին և բոլոր մայրիկներին»,-ասաց նա, ապա բեմ հրավիրեց որդուն՝ Լեոյին, որի հետ էլ կատարեց այդ երգը:

 

Երգչուհին զուգերգերի շարքը բացեց Արկադի Դումիկյանի հետ կատարմամբ, այնուհետևկատարեց Հայկոյի ու Ռազմիկ Ամյանի հետ զուգերգերը: Համերգի ամբողջ ընթացքում Մարտին Մկրտչյանն առաջին շարքում նստած քաջալերում էր կնոջը. Հռիփսիմեն հատուկ շնորհակալություն հայտնեց ամուսնուն՝ այս տոնն իրեն նվիրելու համար ու սիրո խոստովանություն արեց. «Որպես կին, մայր, երգչուհի` երջանիկ եմ, որ այստեղ կանգնած եմ շնորհիվ իմ ամուսնու: Երանի երկու սիրտ ունենայի, էլի քեզ կտայի, Մարտին»։ Ի պատասխան` Մարտինն էլ ասաց. «Շնորհավոր, կյանքս, քո երազանքը կատարվեց, փառք Աստծուն և մեր հանդիսատեսին»: Այնուհետև ամուսինները կատարեցին իրենց զուգերգը։ 

 

 

Երեկոյի ընթացքում Հռիփսիմեն հատուկ հիշատակեց Երգի պետական թատրոնի դերն իր մասնագիտական ճանապարհին ու սիրելի ուսուցչուհուն՝ Վարդուհի Վարդանյանին: Երգչուհին համոզված է՝ Վարդուհին հիմա իրեն տեսնում է և ուրախանում։ «Հպարտ եմ, որ սովորել եմ Վարդուհի Վարդանյանի դասարանում: Նա իր մահով երկրաշարժ արեց մեր սրտերում: Շնորհակալ եմ իմ Արթուր Գրիգորյանին, որ պատվել է իմ համերգը և այստեղ է»,-ասաց նա և Արթուր Գրիգորիչի նվագակցությամբ կատարեց «Ասացեք ինձ» երգը:

 

Համերգի ժամանակ հնչեց նաև պրեմիերա: Հռիփսիմեն բեմ հրավիրեց Ռիչարդ Մադլենյանին, որն իր երգերից շատերի երաժշտությունն է հեղինակել, հատուկ այս համերգի համար էլ գրել է «Իմ երգը» ստեղծագործությունը, իսկ խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Երգչուհին Ռիչարդի նվագակցությամբ կատարեց նոր երգը:

 

Երգչուհին համերգը եզրափակեց շնորհակալությունների շարքով ու սիրո խոստովանությամբ՝ ուղղված իր հանդիստեսին: Արդեն հետնաբեմում նա իր տպավորություններով կիսվեց լրագրողների հետ:

 

 

«Շատ երջանիկ եմ, որովհետև շատ եմ սպասել այս օրվան, երազել եմ, թե երբ պետք է այս օրն իմ կյանքում լինի: Այն կայացավ: Չեմ հասկանում, թե ինչ եմ զգում հիմա: Հետաքրքիր է՝ ասում են, երբ բեմ ես բարձրանում, 2-3 երգից հետո հուզմունքն անցնում է, ինձ մոտ դեռ չի անցել: Անսահման շնորհակալ եմ հանդիսատեսիս, ընկերներիս, ընտանիքիս, ամուսնուս, բոլոր այն մարդկանց, որոնք մեկ տարի շարունակ աշխատել են այս նախագծի շուրջ: Շատ երկար աշխատանք ենք տարել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստի կյանքում ամենաթանկ ու երանելի պահը սա է: Իմ պատկերացրածից ավելին ստացա: Հավատացեք՝ ամեն մի ծափ ինձ համար ամենաթանկն էր»,- ասաց Հռիփսիմեն:

 

Խոսելով որդու հետ զուգերգի մասին` նա նկատեց, Լեոն իրենից անհամբեր է սպասել այս օրվան ու մեծի պես պահել է գաղտնիքը, որ ելույթ է ունենալու մայրիկի հետ.  «Ասում էր՝ մամ, ե՞րբ պիտի մենահամերգ ունենաս, որ ես բարձրանամ բեմ: Մոտ մեկ ամիս առաջ նրան հարցրի` կցանկանա՞ տատիկին նվիրված երգն ինձ հետ կատարել, ասաց՝ հա, շատ: Ասացի, որ պետք է խոստանա, որ տատիկին չի պատմելու, որ հենց այդ երգն ենք երգելու, որպեսզի անակնկալ անենք: Մինչև օրս ոչ ոքի չէր ասել, թե ինչ է երգելու ինձ հետ:)»,- պատմեց նա:

 

Հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ երգչուհու հայտնի երգերից որոշները չհնչեցին համերգի ժամանակ, Հռիփսիմեն պատասխանեց, որ ընտրել են հանդիսատեսի կողմից առավել սիրված կատարումները, քանի որ բոլորը ներառել հնարավոր չէր:

 

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի