Կարեն Ասլանյանի ու Մաշ Իսրայելյանի տեսահոլովակի նկարահանումը չեղարկվել է. պրոդյուսերը մեկնաբանում է
Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ դերասան Կարեն Ասլանյանն ու երգչուհի Մաշ Իսրայելյանը պատրաստվում են զուգերգով հանդես գալ և նկարահանելու են տեսահոլովակ: Երեկ պետք է կայանար նրանց տեսահոլովակի նկարահանումը, սակայն մեզ հայտնի դարձավ, որ այն չեղարկվել է, երգիչներն իրենց զուգերգը կներկայացնեն ֆոտոշարքով:
Tert.am Life-ը ներկա է եղել ֆոտոնկարահանմանը և տեսահոլովակի չեղարկման պատճառի մասին զրուցել նրանց երաժշտական պրոդյուսեր Արման Անտոնյանի հետ, որը նաև երգի հեղինակն է:
Արմանի խոսքով, տեսահոլովակի նկարահանումը չեղարկել են վերջին պահին, երբ ամեն բան պատրաստ էր նկարահանման համար։ Ըստ նրա` դրա հիմնական պատճառն այն էր, որ երգն անհասկանալի կերպով հայտնվել է համացանցում ու լայն տարածում գտել։
«Վերջին պահին իմացանք, որ երգն արդեն տարածվել է ամբողջ քաղաքում, չգիտենք, թե որտեղից, բայց մեր ընկերները հերթով սկսեցին մեզ ուղարկել այն»,– ասաց նա ու նկատեց, որ տեսահոլովակի նկարահանման համար ֆինանսական մեծ միջոցներ էին ներդրել։

«Մենք լավ նախապատրաստվել էինք տեսահոլովակի համար, ահռելի ծախսերով ու շատ լուրջ, գեղեցիկ, մի փոքր էլ հումորային տեսահոլովակ պետք է լիներ, բայց չստացվեց։ Մոնտաժային աշխատանքը լավագույն դեպքում 20 օրից կավարտեինք, իսկ 20 օր հետո երգն ամբողջ քաղաքում արդեն այնքան լսած կլինեին, որ տեսահոլովակն անիմաստ կդառնար: Այդ պատճառով վերջին վայրկյանին որոշեցինք, որ ամենաօպտիմալ տարբերակը երգը լուսանկարներով տեղադրելն է: Արագ կազմակերպեցինք ֆոտոշարքը»,– ասաց նա:
Պրոդյուսերը նշեց, որ այս հանգամանքը տխրելու առիթ է տվել Կարենին ու Մաշին, քանի որ ոգևորված սպասում էին նոր աշխատանքը տեսահոլովակով ներկայացնելուն. «Երկուսն էլ շատ տխուր էին, շատ էին ուզում տեսահոլովակ լինի, բայց իրենց մեղքով չէ, որ այսպես ստացվեց»:
Արմանը չբացառեց, որ գուցե երգն այնքան սիրվի լսարանի կողմից, որ ավելի ուշ որոշեն տեսահոլովակ նկարահանել. «Եթե մեկնաբանություններում տեսնենք, որ երգն այդ աստիճան սիրվել է կամ մարդիկ պահանջում են նաև տեսահոլովակ, գուցե և նկարահանենք»:














Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







