«Պանարմենիան մեդիա դպրոցի» սաների ավարտական միջոցառման մանրամասները

18:20 • 12.11.18

 

«Պանարմենիան մեդիա դպրոցն» այսօր ճանապարհեց իր սաների երրորդ սերնդին: Հաղորդավարական աշխատանք, մոնտաժ, օպերատորություն, սպորտային մեկնաբան, ձայնային ռեժիսուրա, պրոդյուսերական աշխատանք, ռեժիսուրա, հեռուստատեսային դիմահարդարում և երգարվեստի ստուդիա բաժինների շրջանավարտները ստացան իրենց ավարտական վկայականները:

 

Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանը, ֆիքսել հետաքրքիր պահերն ու զրուցել դպրոցի սաների հետ:

 

Շրջանավարտները փաստում են՝ մեդիադպրոցը հնարավորություն է տալիս բացահայտել հեռուստատեսային աշխարհը: Երրորդ սերունդը ներառյալ՝ դպրոցն ունեցել է մոտ 200 շրջանավարտ: Մեդիադպրոցի տնօրեն Նաիրա Իսահակյանի խոսքով` դպրոցում ներառված են մեդիային առնչվող բոլոր մասնագիտություններն ու արդիական ուղղությունները: Այստեղ սովորում են նաև կոմերցիա, PR, Digital Marketing:  Դպրոցում դասավանդում են «Պանարմենիան Մեդիա Գրուպի» համապատասխան մասնագետները, կան նաև հրավիրյալ դասախոսներ:

 

 

«Երրորդ սերունդն է ավարտում մեզ մոտ: Չորրորդ սերունդն ուսումնական պրոցեսում է, իսկ հինգերորդ սերնդի հավաքագրումն ընթացքի մեջ է: Բավականին զարմանալի և ուրախալի արդյունքներ ունենք, մեր 50-ից ավելի շրջանավարտ այսօր աշխատում են իրենց մասնագիտությամբ ոչ միայն մեր ընկերությունում, այլև մեդիալոորտի այլ ընկերություններում՝ «Առաջին ալիքում», «Արարատ» TV-ում, «Շանթ»–ում: 6–ամսյա դասընթացներին հաջորդում է գործնական փուլը: Նրանք երկու ամիս պրակտիկա են անցնում մեր մեդիագրուպի հեռուստաընկերություններում»,-ասաց Նաիրան:

 

«Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը նկատեց, որ հեռուստատեսությունը երիտասարդների համար է. «Երիտասարդներն են շարժում այդ ուժը: Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ եք լրացնելու այդ աշխատատեղերը, նոր ճաշակ տալու մեր աշխատանքներին, մեր եթերում հայտնված նախագծերին: Ձեզ ցանկանում եմ ամենակարևոր բանը՝ սովորեք, քանի երիտասարդ եք»:

 

«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն էլ փաստեց, որ ի տարբերություն այսօրվա շրջանավարտների, հեռուստատեսությունում աշխատող իր սերնդակիցները  ժամանակին հնարավորություն չեն ունեցել շատ բան իմանալ հեռուստատեսային աշխարհի մասին: «Դուք ունեցել եք այդ լավ հնարավորությունը և ձեզ սովորեցրել են լավագույն մասնագետները: Այո՛, ես հպարոտրեն կարող եմ փաստել, որ իմ բոլոր գործընկերները, որոնք դասավանդել են ձեզ, այս պահին հանդիսանում են  ոլորտի լավագույն մասնագետները»,-ասաց նա:

 

 

«Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդավար, մեդիադպրոցի դասախոս Համլետ Առաքելյանի խոսքով` դպրոցի երրորդ սերունդն ամենից աշխատասերն ու կրեատիվն է եղել: Չորրորդի մասին կարծիք հայտնել դեռ չի շտապում. «Մենք տալիս ենք բազային գիտելիքներ, որի հիման վրա պրակտիկայի ընթացքում նրանք  կարողանում են կառուցել այն, ինչ հակառակ դեպքում անհնար կլիներ: Մենք իսկապես շատ գոհ ենք արդյունքներից, որովեհտև հետագայում մեր ուսանողները դառնում են մեր գործընկերները։ Մենք իրենց հետ աշխատում ենք: Այն, ինչ սովորեցրել ենք աշխատանքային գործընթացում իրենց հետ կիսում  ենք»:

 

Մեդիադպրոցի շրջանավարտներից շատերի համար դպրոցում ստացած մասնագիտությունը երկրորդն է, բայց առաջինից ոչ պակաս կարևոր։ «Առաջին մասնագիտությամբ իրավաբան եմ: Մեդիադպրոցը, մասնավորապես, հաղորդավարություն բաժինը, առաջին հերթին տալիս է հնարավորություն ավելի վստահ, անկաշկանդ խոսելու: Այն կօգնի նաև իմ առաջին մասնագիտությանը, որպեսզի ավելի ճիշտ արտահայտեմ բառերն ու վստահ լինեմ դատարանում»,- ասաց դպորցի շրջանավարտ Նաիրան:

 

«Կարծում եմ՝ սա շատ լավ հնարավորություն է յուրաքանչյուրի համար անկախ տարիքից, սեռից ու մասնագիտությունից թե՛ հետաքրքրությունների շրջանակը ընդլայնելու, թե՛ գիտելիքների պաշարը հարստացնելու և, ինչու ոչ, աշխարհայացքի զարգացման համար: Անձամբ ինձ համար արդեն իսկ  մեծ պատիվ և հնարավորություն էր մասնակցել այնպիսի մասնագետների վարպետության դասընթացներին, ինչպիսիք են Արտակ Ալեքսանյանը, Գնել Նալբանդյանը, Հրաչ Քեշիշյանը»,-ասաց դպրոցի շրջանավարտ Մանեն:

 

 

«Պանարմենիան մեդիա դպրոցի» սաների ավարտական միջոցառման մանրամասները