«Այնքան եմ քեզնով հպարտանում». Սերենա Ուիլյամսն ամուսնու նոր բիզնես նախագծի՝ հայկական կոնյակի բրենդ ստեղծելու վերաբերյալ

18:39 • 14.11.18

 

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը՝ աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկը համարվող Սերենա Ուիլյամսը, իր թվիթերյան էջում գրառում է արել ամուսնու նոր բիզնես նախագծի՝ հայկական կոնյակի նոր բրենդի ստեղծման վերաբերյալ:

 

«Այնքան եմ քեզնով հպարտանում»,-գրել է մարզուհին՝ կից հրապարակելով «Շակմատ» կոնյակի մասին ուշագրավ տեսանյութը:

 

Դրան ի պատասխան հայազգի միլիոնատերը խոստացել է կնոջը հայկական կոնյակի սիրահար դարձնել: Բացի այդ, Օհանյանը կնոջը շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

 

Հիշեցնենք, որ օրերս Օհանյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում պատմել էր հայկական կոնյակի նոր բրենդի՝ «Շակմատ»-ի ստեղծման մասին: Նա մանրամասնել էր, որ կոնյակի առաջին խմբաքանակը կազմված է 2.400 օրինակից: Օհանյանի խոսքով՝ «Շակմատ» կոնյակը 23 տարվա հնեցում ունի:

 

Նա նկատել էր, որ հայերն իսկապես հպարտանում են իրենց կոնյակով, սակայն Հայաստանի ու հայկական համայնքի սահմաններից դուրս այն այդքան էլ ճանաչված չէ, ինչն «իսկապես ամոթ է»:

 

Օհանյանը նաև նշել է, որ կոնյակի արտադրության հարցում համագործակցել է Flaviar ընկերության հետ:

 

Մինչդեռ ԱՄՆ Հայ դատի արևմտյան շրջանի գրասենյակի պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ծոռը մտադիր է կոնյակի վաճառքից ստացած գումարի մի մասն ուղղել Հայաստանում անտառների վերականգնման նախագծին:

«Այնքան եմ քեզնով հպարտանում». Սերենա Ուիլյամսն ամուսնու նոր բիզնես նախագծի՝ հայկական կոնյակի բրենդ ստեղծելու վերաբերյալ