«Արմքոմեդիի» «Մեծ, չաղ, հայկական սթենդ–ափն» ու պատասխանատու ելույթը

14:01 • 19.11.18

 

Գյումրի, Վանաձոր, Երևան. հեղափոխության հետքերով «Արմքոմեդի» նախագծի Նարեկն ու Սերգեյը հասան Երևան և ներկայացրեցին իրենց «Մեծ, չաղ, հայկական սթենդ–ափը»։ Ներկայացումը բաղկացած էր Սերգեյի և Նարեկի առանձին ելույթներից և համատեղ ելույթի մի հատվածից։

 

Tert.am Life-–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները։

 

Այս սթենդ–ափը տղաները պետք է անեին դեռևս մայիսին, սակայն հեղափոխությունը նրանց վրա էլ ազդեց։ Նարեկն ու Սերգեյը ստիպված էին նոր սցենար գրել` նոր իրավիճակի մասին։ Այնուամենայնիվ, տղաների ներկայացումը միայն քաղաքական ուղղվածություն չուներ։

 

Գյումրի–Վանաձոր–Երևան ճանապարհին էլ Նարեկն ու Սերգեյը հասցրել են նաև փոփոխել ներկայացումը։

 

 

«Ամեն քաղաքում փորձել ենք մտցնել տեղական կոլորիտն ու առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեղական հումորներին։ Քանի որ Երևանում հավաքված են մարդիկ տարբեր մարզերից, այստեղ ծրագիրն ավելի  բազմազան էր»,– ասաց Սերգեյը։

 

Նարեկն էլ նկատեց, որ 2018–ը հագեցած էր տարբեր իրադարձություններով, իրենք փորձել են ներկայացնել իրենց տեսլականն ու ցույց տալ` ինչպիսին էր իրավիճակն առաջ, ինչպիսին է հիմա։

 

Բացի ամեն քաղաքում իրենց բնորոշ հումորներ ընդգրկելը, տղաները հասկացել են նաև, թե  որ կատակներն ինչպես են ընդունվում հանդիսատեսի կողմից, որտեղ ինչ խմբագրումներ կարելի է անել։

 

 

«Արդեն հասցրել ենք սրել սցենարն ու զգալ, թե որ կատակի վրա մարդիկ ինչ ուշադրութուն են  դարձնում, դրա համար այստեղ ամեն ինչ իդեալական էր»,– իրեն բնորոշ հումորով ասաց Սերգեյն ու նկատեց` իրենք գոհ են ու երջանիկ։

 

Նարեկն էլ հավելեց, որ այս ընթացքում բազմաթիվ փորձեր են արել, փոփոխել սցենարը, շտկումներ արել։ «Սա ամենապատասխանատու դահլիճն էր մեզ համար, որովհետև նաև ամենամեծն էր։ 1200-ից ավելի հանդիսատես կար, երբեք այսքան մարդու առաջ ելույթ չէին ունեցել»,– ասաց Նարեկն ու նկատեց, որ դա բավականին բարդ էր։

 

Տղաները մտադիր են իրենց սթենդափը խաղալ նաև ԱՄՆ–ում, սակայն այս ծրագիրը դեռ նախնական փուլում է։ Կատակում են, որ Հայաստանի մյուս մարզեր էլ են գնալու Գլենդել, Տորոնտո, և այլուր։

 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

«Արմքոմեդիի» «Մեծ, չաղ, հայկական սթենդ–ափն» ու պատասխանատու ելույթը