Երիտասարդ երգիչ Գևորգ Մարտիրոսյանը կատարում է Էրիկի «Սիրահարված» երգը

17:15 • 19.11.18

 

Երիտասարդ երգիչ Գևորգ Մարտիրոսյանի մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։  23-ամյա Գևորգը երգում է մանկուց։  Առաջին քայլերն արել է «Մանկունք» երգչախմբում։ Ի սկզբանե հոգևորական երգեր կատարող երգիչն այսօր սկսել է էստրադային ստեղծագործություններ երգել։ Գևորգը ներկայացրել է Էրիկի «Սիրահարված» երգի cover տարբերակը։

 

«Մանկուց կապված եմ եղել երգի, երաժշտության հետ։ Երբ «Մակունք» խումբը ցրվեց, ես սկսեցի զբաղվել աշուղական երգեցողությամբ։ Ներկայումս շարունակում եմ պահպանել մերը, զուգահեռաբար կատարում եմ էստրադային երգեր: Փորձում եմ ինձ այդ ոճի մեջ, քանի որ այն նույնպես ինձ դուր է գալիս»,– ասաց նա ու շեշտեց` ստիպված չէ ոճային փոփոխության գնացել, երգում է այն, ինչն իր ցանկությունների տիրույթում է։

 

Էրիկի «Սիրահարված» երգի ընտրությունը Գևորգը հենց այնպես չի արել. «Առաջին անգամ այս երգը լսելուց հետո զգացի, որ կհամապատասխանի ձայնիս։ Բացի այդ, երգի մեջ կա սիրո մեծ էներգիա, որը միանգամից պարուրեց ինձ։ Հուսով եմ' կարողացել եմ վերցնել այդ էներգիան և փոխանցել այն լսողին»։

 

Գևորգը դասավանդում է Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում, սակայն միայն երգով չի զբաղվում, նա սպորտային լրագրող է, աշխատում է Armsport.am  կայքում։ Միաժամանակ երիտասարդ երգիչը շեշտեց` երգն իր հիմնական մասնագիտություն է, ինչու ոչ, նաև աշխատանք։ «Հաճելի է, երբ աշխատում ես այն մասնագիտությամբ, որը քեզ դուր է գալիս։ Քո էության մեջ դաջված է։ Այն պարզապես լինել հոբբի չի կարող»,– նկատեց նա։