«Նռան հատիկի» բարեգործական նկարահանումները 4-ամյա Եվայի համար

18:41 • 21.11.18

 

«Նռան հատիկ» հեռուստասերիալն այս շաբաթ ոչ ստանդարտ նկարահանում է ունեցել։ Նախագծի պրդյուսեր Դիանա Գրիգորյանը Tert.am Life–ին հայտնեց, որ Անի պանդոկի տնօրեն Արևիկի նախաձեռնությամբ կազմակերպել են 4-ամյա Եվայի ծննդյան խնջույքը, որն առողջական խնդիրներ ունի և այդ հատվածը ներառել նաև հեռուստասերիալում։

 

«Արևիկը ցանկանում էր բարեգործական միջոցառում կազմակերպել։ Ասաց, որ երեխայի համար մեծ նվեր կլինի, եթե «Նռան հատիկի» դերասաններն էլ ներկա լինեն խնջույքին։ Ես էլ առաջարկեցի, որ այդ ամենը նկարահանենք և ներառենք սերիալում։ Երեխաի համար մեծ նվեր կլինի, եթե ինքն էլ լինի եթերում, նկարահանվի իր սիրած հեռուստասերիալում` իր սիրելի դերասանների հետ»,– ասաց Դիանան։

 

4 ամյա Եվան հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդություն ունի, նրա մոտ ախտորոշվել է հիստիոցիտոզ։ Երեխան Երևանում արդեն քիմիաթերապիայի կուրս է անցնում։ Հիվանդության և դեղորայքային բուժման հետևանքով ախտահարվել են փոքրիկի կարևոր օրգանները՝ լյարդը, ոսկրային համակարգը, հատկապես գլխոսկրը, ոսկրածուծը, էնդոկրին համակարգը, ծոծրակային մասում առաջացել է զարգացող գոյացություն:

 

Դիանան ասաց, որ փոքրիկի մասնակցությունը բարդ էր կապել հեռուստասերիալի հետ, սակայն փորձել է լուծում գտնել։ «Կապող միակ օղակն «Անի» պանդոկն էր, քանի որ մեր գլխավոր հերոսուհին այնտեղ է աշխատում։ Սյուժեով դա տնօրենի նախաձեռնությունն է։ Իհարկե, խորապես չի կապվում սյուժեին, բայց ինչ–որ կերպ փորձել եմ կապել, որպեսզի երեխան լինի եթերում։ Փոքրիկ տեսարան էլ ունենք, որ Արևիկը երեխային տանում է կինո։ Շատ կցանկանայի, որ հետագայում էլ կարողանանք  երեխաների ցանկությունն իրականացնել։ Սա առաջին նման փորձն էր։ Եթե կարողանանք հաջորդիվ էլ նմանատիպ բաներ կազմակերպել, շատ լավ կլինի»,– ասաց Դիանան ու հավելեց, որ եթերը կլինի հաջորդ շաբաթ։

 

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի

«Նռան հատիկի» բարեգործական նկարահանումները 4-ամյա Եվայի համար