Ջիվան Գասպարյանի 90-ամյակի հոբելյանական համերգն ու անակնկալ պարգևատրումը
Նոյեմբերի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: Անվանի դուդուկահարը 90 տարեկանը բոլորեց հոկտեմբերի 12-ին, սակայն լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահով պայմանավորված այդ օրը չնշեց տարեդարձը: Tert.am Life-ը ներկա է եղել հոբելյանական համերգին ու ֆիքսել հետաքրքիր դրվագները:
Համերգային ծրագիրն իր կատարմամբ ազդարարեց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Նրան էր վերապահված նաև համերգային երեկոն վարելը: Լեգենդ, որն ապրում է մեր օրերում. հենց այս կերպ երգչուհին բնորոշեց մեծանուն երաժշտին և նկատեց՝ մեծ պատիվ է վարել համերգային երեկոն:
«Կապուտաչյա մի տղա երևանյան կենտրոնից, փողոցային կռիվներում թրծված, աղջիկների պատվին կանգնած համառորեն խնդրում է անվանի վարպետ Մարգար Մարգարյանից իր դուդուկը: Նա ասում է՝ դու գնա դպրոց, ի՞նչ գործ ունես դուդուկի հետ, բայց այնուամենայնիվ նվիրում է փոքրիկ տղային կախարդական այդ գործիքը, նա նվագում է վարպետի համար, իսկ ավելի ուշ նա նվաճում է աշխարհը: Աշխարհը նվաճած տղան, մեր ծիրանափողի լեգենդար վարպետ Ջիվան Գասպարյանն է»,-ասաց երգչուհին՝ բեմ հրավիրելով Ջիվան Գասպարյանին:

Աշխարհահռչակ դուդուկահարը երկար վայելեց դահլիճի բարձր ծափահարությունները, հետո հարմար տեղավորվեց երաժիշտների կողքին ու ձեռքն առավ իր հարազատ գործիքը՝ նույն հուզմունքով և ոգով նվագելով իր ստեղծագործություններն հանդիսատեսի համար:
Երեկոյին առանձնահատուկ շունչ հաղորդեցին ավագ և կրտսեր Ջիվան Գասպարյանների կատարումները: Համերգային ծրագրին մասնակցում էին նաև Արտո Թունչբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը (ԱՄՆ), Գևորգ Հակոբյանը, Արմեն Բաբախանյանը, Աննա Մայիլյանը, Էդգար Խաչատրյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Ալթունյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Հ․ Չեքիջյան), Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Կ․ Օրբելյան) և այլ անվանի հայ երաժիշտներ։

1988-ից սկսվել է Ջիվան Գասպարյանի հաղթարշավը միջազգային ասպարեզում: Նա հանդես է եկել տարբեր հեղինակավոր բեմերում, բազմաթիվ հրավերներ ստացել աշխարհահռչակ կոմպոզիտորներից ու դիրիժորներից: Գասպարյանի դուդուկի հնչյունները գրավել են նաև հոլիվուդյան աստղերին: Բազմաթիվ ֆիլմերում նրա երաժշտությունն է հնչում:
Համերգի ընթացքում եղան նաև անակնկալ պարգևատրումներ: Դուդուկի հնչյունները աշխարհին լավագույնս մատուցելու և ճանաչելի դարձնելու համար ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը պարգևատրվեց Կոմիտաս հուշամեդալով, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական խորհրդի որոշմամբ և ռեկտորի հաստատումով՝ դուդուկի վարպետին շնորհվեց Կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչում:

















Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







