«Կարծում եմ՝ արդեն ժամանակն էր հանդես գալ նաև այս ձևաչափում». Շուշաննա Թովմասյանի առաջին գեղարվեստական ֆիլմն ու հեքիաթային կերպարը

17:04 • 28.11.18

 

Դեկտեմբերի 13-ին մեծ էկրան կբարձրանա «Ձյունանուշ» մանկական հեքիաթ ֆիլմը, որի մասին Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է: Ձյունանուշի կերպարը մարմնավորում է դերասանուհի Շուշաննա Թովմասյանը: Սա Շուշաննայի առաջին դերակատարումն է գեղարվեստական ֆիլմում:

 

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր հերոսուհու և փոքրիկ խաղընկերների հետ աշխատանքի մասին:

 

Մանկական լսարանին հասցեագրված ֆիլմն ամանորյա հրաշքի ու դրան հավատալու մասին է: Ըստ սցենարի երեխաները, որոնք սպասում են ամանորյա հրաշքին, նամակ են գրում Ձմեռ պապին, որպեսզի ստանան իրենց նվերները: Նրանց ընկերներից մեկը չի հասցնում իր նամակն ուղարկել և օգնության է հասնում Ձյունանուշը: Շուշաննայի խոսքով թե՛ իր կերպարը, թե՛ ֆիլմի սցենարն իրեն գրավել են և նպաստել առաջարկն ընդունելու հարցում:

 

 

«Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ ռեժիսոր Արմեն Սիմոնյանից: Միասին քննարկել ենք, փորձել ենք հասկանալ կերպարի առանձնահատկությունները: Սիրով համաձայնեցի, քանի որ առաջին հերթին լավ թիմ էր աշխատում, կար շատ հետաքրքիր լուծումներով սցենար, հավանեցի նաև իմ կերպարը: Դրանք ինձ համար ամենից կարևոր նախադրյալներ են: Սա իմ առաջին աշխատանքն է գեղարվեստական ֆիլմում և կարծում եմ՝ արդեն ժամանակն էր հանդես գալ նաև այս ձևաչափում: Ես վստահ եմ՝ չեմ ափսոսի, որ ներգրավված եմ եղել այս կազմում, որովհետև ամբողջ պրոցեսը ցույց է տվել, որ հետագայում պտուղները պետք է լավը լինեն, դրա համար մեծ անհամբերությամբ ինքս էլ սպասում եմ ֆիլմի պրեմիերային»,-ասաց Շուշաննան:

 

Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են երեխաները՝ Էլեն Կարապետյանն ու Ալեքսանդր Մանուկյանը, որոնք և Շուշաննայի հիմնական խաղընկերներն են եղել: Դերասանուհին նկատեց, որ փոքրիկների հետ աշխատանքը առանձնապես դժվարություններ չի առաջացրել. «Երեխաները նկարահանման հրապարակում աշխատելու փորձ ունեին, բացի դրանից շատ տաղանդավոր են: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը իր կերպարին շատ համապատասխանում էր, իսկ ինձ իրենց հետ աշխատանքում օգնեց նաև այն, որ ժամանակին խաղացել եմ մանկական՝ «Կարմիր գլխարկ» ներկայացման մեջ, որտեղ երեխաների հետ ինտերակտիվ շփման փորձ էի ձեռք բերել: Դրա համար շատ հեշտ ստացվեց մեր աշխատանքը»:

 

 

Շուշաննայի խոսքով փոքրիկ հանդիսատեսն առավել բծախնդիր է և պահանջկոտ, ուստի այդ տեսանկյունից թե՛ ինքը, թե՛ ստեղծագործական թիմի մյուս անդամներն աշխատանքին մեծ պատասխանատվությամբ են մոտեցել: «Երեխան որպես հանդիսատես բծախնդիր է ու շատ ազնիվ, ուստի նրանց համար աշխատանք ստեղծելիս պետք լինել առավել ուշադիր, որպեսզի ոչ մի գռեհկություն չներկայացնես, ամեն բան արվի ճաշակով և գեղեցիկ: Կարծում եմ, այսօրվա երեխաներին խաբել հնարավոր չէ, թեև պետք է նշեմ, որ անկախ նրանից լսարանը մանուկներն են թե մեծերը, հանդիսատեսը մեկն է, թե մի քանիսը, դու պետք է կատարես մաքսիմալը»,-ասաց նա:

 

Դերասանուհին նշեց, որ «Ձյունանուշ» ֆիլմում հեքիաթային ու իրական աշխարհների համադրություն է և կան ինչպես հորինված, այնպես էլ իրական կերպարներ. «Ընդհանուր առմամբ կարելի է ասել այս ֆիլմով ուսուցանվում է այն, որ լինես փոքր թե մեծ, յուրաքանչյուր տարիքում էլ պիտի հավատաս հրաշքների, քանի որ դրանք իսկապես տեղի են ունենում՝ հատկապես ամանորի գիշերը»,-եզրափակեց  նա:

 

 

«Կարծում եմ՝ արդեն ժամանակն էր հանդես գալ նաև այս ձևաչափում». Շուշաննա Թովմասյանի առաջին գեղարվեստական ֆիլմն ու հեքիաթային կերպարը