Այսօրվանից «Արմնյուզ»-ի եթերում կմեկնարկի «Ընտրադարան» հաղորդումը
Այսօրվանից «Արմնյուզ» հեռուստաընկերությայն երեկոյան եթերում կլինի նոր՝ «Ընտրադարան» հաղորդումը: Այն իֆորմացիոն-տեղեկատվական հաղորդում է, որը կնպաստի քաղաքացիների տեղեկացվածության բարձրացմանն ու կդառնա հեռուստաուղեցույց՝ ընտրողի համար:
Tert.am Life-ի հետ զրույցում հաղորդման հեղինակ և վարող Արտակ Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել նոր նախագծի մասին:
Արտակը նշեց, որ հաղորդումը ստեղծվել է «Մեդիա նախաձաեռնությունների կենտրոնի», «Արմնյուզ» հեռուստաընկերության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործակցության արդյունքում Ամերիկայի միացյալ նահանգների զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվոր "Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար" ծրագրի շրջանակներում։ «Ընտրադարանը» եթերում կլինի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 13-ը, ամեն օր՝ 18:10-ին և կունենա օրվա մեջ երեք անգամ կրկնություն, իսկ կիրակի օրը եթեր կհեռարձակվի ժամը 18:00-ին:

«Ծրագիրը բացառապես նպատակ ունի այս ընտրությունների քարոզարշավի ժամանակ, բազմաթիվ թեկնածուների, քարոզչական գործընթացի, խառնաշփոթի մեջ բացատրել և իրազեկել ընտրողներին: Ընտրական համակարգը, գործընթացները, օրենքներն առավել պարզ ներկայացնելու համար մենք օգտագործում ենք բացատրական լրագրության ժանրը: Այդպես, ընթացիկ իրադարձությունները, ընտրական համակարգի բաղկացուցիչներն ու էլեմենտները կներկայացվեն ավելի հանրամատչելի՝ հասանելի յուրաքանչյուրին»,-ասաց Արտակը:
Ամեն օր 5 րոպեանոց ձևաչափով Արտակը կներկայացնի ամենակարևոր փաստերն ու տեղեկատվությունը, որը պետք է իմանա յուրաքանչյուր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի. «Մենք հատուկ չենք ընտրել ոչ ստանդարտ 20 րոպե կամ ավելի երկար եթերաժամանակը: 5 րոպեի ընթացքում ամեն օր մարդիկ հնարավորություն կունենան ընտրական գործընթացին առնչվող ինչ-որ նոր թեմա բացահայտել: Դա որոշակի առումով դառնում է ընտրությունների հանրագիտարան»,-եզրափակեց նա:








