«Փորձել ենք ևս մեկ անգամ նոր շունչ տալ երգին». Աստղիկ Սաֆարյանը «Օ քամի, քամի» երգի իր տարբերակը կներկայացնի տեսահոլովակով

13:37 • 29.11.18

 

Աստղիկ Սաֆարյանն այսօր լսարանին կհանձնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահնվել է Ռուբեն Հախվերդյանի հեղինակած,  «Օ քամի քամի» երգի հիման վրա: Տարիներ առաջ երգչուհին ներկայացրել էր այս երգի իր տարբերակը: Թե ինչու որոշեց այն նաև տեսահոլովակով ներկայացնել, այս ու այլ մանրամասներ Աստղիկը պատմել է Tert.am Life-ին և տրամադրել լուսանկարներ տեսահոլովակի նկարահանման հրապարակից:

 

Երգչուհին նշեց, որ սա այն դեպքերից է, երբ տեսահոլովակի ստեղծման հարցում առաջնորդվել է ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ երկրպագուների ցանկությամբ:

 

«Երգն արդեն երկար տարիներ է սիրված է և իմ բոլոր համերգների ամենասպասված երգերից մեկն է միշտ եղել, քանի որ այն ակամայից դարձել էր ինձ համար այցեքարտ։ Ամեն համերգից հետո ինձ միշտ մոտեցել են շատ շատերը և խնդրել, որ երգը ներկայացնեմ նաև տեսահոլովակով: Միշտ ստանում եմ նաև նամակներ նմանատիպ խնդրանքներով, որոշներն անգամ զարմանում էին՝ իմանալով, որ այն լինելով այդքան սիրված, այդպես էլ տեսահոլովակ չէր ունեցել։ Սա կարելի է ասել ավելի շատ իմ լսարանի ցանկության իրականացումն էր և խոստովանում եմ, որ նրանք երևի թե իրավացի էին, քանի որ այսօր ինքս էլ ուրախ եմ, որ երգն այսուհետ կներկայանա նաև տեսահոլովակով»,-ասաց նա:

 

 

Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Փիրիմասիհին է,  գլխավոր օպերատորը՝  Հովհաննես Պողոսյանը, սյուժետային գծով զբաղվել է Վարուժան Գալտակյանը: Իր կերպարների ոճաբանությամբ այս անգամ նույնպես Աստղիկն է զբաղվել, իսկ դիմահարդարումն արել է Մարի Աբելյանը. «Անկեղծ ասած, փակագծերը բացելով՝ նշեմ, որ իրականում երգի համար դեռ 2017-ին նկարահանվել էր մեկ ուրիշ տեսահոլովակ, բայց քանի որ ընթացքում առաջ եկավ նաև իմ «Դու ուժեղ ես» երգի տեսահոլովակը՝ նկարահանված Փարիզում , «Օ Քամի Քամի»-ի այդ տեսահոլովակը դեռ սպասեց, բայց անցավ ժամանակ և ռեժիսորի հետ եկանք համաձայնության, որ ավելի ճիշտ կլինի նոր նկարահանումներ անենք և ստեղծենք նոր տեսահոլովակ այս երգի համար, որը կունենար ավելի թարմ և աշնանային տրամադրություն։ Աշխատեցինք նոր ու ավելի երիտասարդ թիմով»:

 

Տեսահոլովակը նկարահանվել է Երևանում: Աստղիկի խոսքով, հատուկ սցենար կամ այլ դեմքեր այնտեղ չկան. Չենք փորձել նման մոտեցումներով ծանրացնել տեսահոլովակը, ավելի շատ փորձել ենք աշնանային գունեղ տրամադրություն ստանալ, մերօրյա երիտասարդական կերպարներով և ոգով փոխանցել երգի ուժը և ևս մեկ անգամ նոր շունչ տալ երգին արդեն տեսահոլովակի միջոցով։ Արդյունքն ինձ դուր է եկել, հուսամ այն դուր կգա նաև իմ լսարանին և նորովի կվերհիշեն ու ավելի կսիրեն երգն ու տեսահոլովակը»,-եզրափակեց երգչուհին:

 

Լուսանկարները՝ Հովհաննես Պողոսյանի