«Իմ երազանքները կատարվում են». Լուիզա Մելքոնյանը՝ 22-ամյակին ստացած անակնկալի մասին
Դերասանուհի Լուիզա Մելքոնյանն այսօր նշում է ծննդյան 22-ամյակը: Տարեդարձի առթիվ դերասանուհուն արդեն հասցրել են անակնկալ մատուցել ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է ինչպես անակնկալի, այնպես էլ այս տարի տարեդարձը նշելու տարբերակի և ընթացիկ տարում ունեցած ձեռքբերումների մասին:
Լուիզան իրեն չի դասում այն մարդկանց շարքին, որոնք ողջ տարին անհամբեր սպասում են ու հատուկ պատրաստվում են տարեդաձի օրվան: Դերասանուհին նկատեց, որ հարազատ մարդկանց մատուցած անակնկալների շնորհիվ, ինքնըստինքյան, ամեն տարի այս օրը վերածվում է տոնի:
«Այս տարի նույնպես առաջին շնորհավորանքը ստացել եմ եղբորս ու ընտանիքիս մյուս անդամների կողմից: Սկզբում իրենք ինձ դիմավորեցին անակնկալ շնորհավորանքով, հետո մտերիմ ընկերներս եկան մեր տուն տոնական տորթով ու փուչիկներով»,-ասաց նա և ավելացրեց, որ ամենալավ անակնկալն իր համար Թատերական ինստիտուտի ուսանողներն էին պատրաստել,- Իրոք չէի սպասում: Իմ ուսանողները գեղեցիկ վիդեոհոլովակ էին պատրաստել, որում կուրսի բոլոր երեխաներն ինձ շնորհավորում էին, իմ վարժանքներն էին անում, որոնք իրենց հետ աշխատելիս ցուցադրում եմ:)»:

Լուիզան նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ծննդյան օրը կանցկացնի առավել մտերիմ մարդկանց միջավայրում. «Շատ մտերմիկ շրջապատում կնշեմ տարեդարձս սրճարաններից մեկում,-ասաց նա և ավելացրեց, որ կեսգիշերին արդեն փչել է տոնական տորթի մոմերն ու երազանք մտապահել,- Անկեղծ կասեմ, որ իմ երազանքները կատարվում են: Եթե սրտանց ցանկանում ես, միաժամանակ նպատակ դնում քո առաջ, գործում և ոչ թե միայն երազում, ապա իրոք կատարվում է»:
Դերասանուհու խոսքով, ևս մեկ տարով մեծանալն իր համար տխրելու առիթ չէ, քանի որ ամեն բան դեռ առջևում է: Ամփոփելով ընթացիկ տարին՝ Լուիզան նկատեց, որ այն դրական իմաստով բավականին հագեցած է եղել: «Ես ամեն օր եմ վերլուծում, բայց երբ գալիս է տարին ամփոփելու ժամանակը, վերանայում եմ, թե ինչ հաջողություններ, ձեռքբերումներ և կորուստներ եմ ունեցել: Այս տարին էլ ինձ համար բավականաչափ ձեռքբերումների տարի եղավ թե՛ գործնական, թե՛ անձնական առումով: Ես ունեմ հստակ ուղի և այդ ուղղությամբ գնում եմ»,-եզրափակեց նա:










