Լիլիթ Բլեյանի նոր ձայնասկավառակի շնորհանդեսն ու լավագույն համերգներից մեկը

15:57 • 17.12.18

 

Երգչուհի Լիլիթ Բլեյանն օրերս երկրպագուներին ներկայացրեց իր նոր ձայնասկավառակը, որի շնորհանդեսն ուղեկցվեց համերգային հանդիպմամբ։ Կամերային թատրոնի փոքրիկ դահլիճում երգչուհին մտերմիկ հանդիպում ունեցավ իր լսարանի հետ, ներկայացրեց ոչ միայն նոր ալբոմի երգերը, այլև հին ու սիրված ստեղծագործությունները։

 

Tert.am Life–ը  ներկա է եղել երեկոյին և ներկայացնում է օրվա հետաքրքիր մանրամասները։

 

«Թափանցիկ երգեր» խորագրով ալբոմում ընդգրկված են Լիլիթի վերջին մեկ–մեկուկես տարվա ստեղծագործությունները։ Լիլիթի այս ձայնասկավառակն առանձնանում է, քանի որ հեղինակն ընդգրկել է բացառապես հայերեն ստեղծագործություններ։

 

«Կարծում եմ` շատ կարևոր է ներկայացնել ժամանակակից հայ երգը` մեր լեզվով։ Ինքս ունեմ երգեր տարբեր լեզուներով, սակայն հասկացա, որ ուզում եմ ստեղծել ժամանակակից երգ, որը կարտացոլի ժամանակակից մշակույթը։ Հիմա շատ են անդրադարձեր արվում ժողովրդական, աշուղական երգերին, սակայն կարևոր է, թե ինչ երգեր են ստեղծվում մեր օրերում,– ասաց Լիլիթը, ապա նկատեց, որ նոր ալբոմում միայն մի երգ ունի, որը ֆրանսերենից է թարգմանված։ – Այդ երգը շատ եմ սիրում, չկարողացա ինձ զսպել, բայց մյուս դեպքերում չշեղվեցի հիմնական ուղղությունից»։

 

 

Ալբոմում ներառված են նաև այն ստեղծագործությունները, որոնք երգչուհին ցանկացել է մատուցել նոր հնչողությամբ և ակուստիկ գործիքավորում է արել։ Երգչուհու նոր ալբոմի ստեղծագործություններից մի քանիսը կենդանիների անուններ են ստացել։ Լիլիթը սա պայմանավորում է այն հանգամանքով, որ վերջին շրջանում ավելի մոտ է բնությանը, քան քաղաքային կյանքին։

 

«Այս ալբոմի երգերից մի քանիսում կենդանիներ կային։ Որոշեցի տվյալ երգերը հենց տվյալ կենդանիների անունով կոչել։ Ենթադրում եմ, որ դա պայմանավորված է վերջին շրջանում բնությանն ավելի մոտ լինելուս հանգամանքով, սակայն երբ նոր երգ է գալիս, ես հարցեր չեմ տալիս, թե ինչու այդպես ստացվեց»,– նկատեց նա։

 

Լիլիթի հետ բեմում կիթառահար Տիգրան Տեր–Ստեփանյանն ու թավջութակահար Անժելա Սարգսյանն էին։ Կամերային թատրոնի փոքրիկ դահլիճում Լիլիթի հանդիպումն իր երգերի երկրպագուների հետ մտերմիկ էր։ Իրեն հատուկ մեղմություն ու նրբություն կար, որով ուղեկցվեց երեկոն ու դարձավ  լավագույններից մեկը Լիլիթի համար։

 

 

«Առաջին անգամ էի այս դահլիճում համերգ ունենում։ Շատ ուրախ եմ, որ հենց այստեղ անցավ երեկոն։ Կարող եմ ասել, որ մինչև այս ունեցածս լավագույն համերգներից մեկն էր։ Մենք շատ լավ տպավորություններ ստացանք, ուրախ եմ, որ մտերմիկ մթնոլորտը զգաց նաև հանդիսատեսը։ Կարծում եմ` կկրկնենք հանդիպումները Կամերայինում»,– ասաց հեղինակ–կատարողը։

 

Լիլիթը համարվում է այն երգչուհիներից մեկը, որը պահպանում է իր ոճը և ընդառաջ չի գնում կոմերցիային։ Աշխատանքի տեսանկյունից, սակայն, նրա երաժշտությունը շահութաբեր չէ։ Երգչուհին նկատում է, որ այս խնդիրը միայն Հայաստանում չէ, եվրոպական շատ երկրներում էլ կատարողները խնդիր ունեն։

 

«Մեզանում ավելի մեծ նշանակություն է տրվում մշակութային ժառանգության պահպանմանը, քան ներկայումս ստեղծվող գործերը ներկայացնելուն։ Խոսքս միայն իմ մասին չէ։ Ես կարևորում եմ տվյալ ժամանակաշրջանի գործերը հավուր պատշաճի ուշադրության արժանացնելը։ Դրա համար պետք է ստեղծվեն համապատասխան պրոդյուսերական կենտրոնները։ Գուցե, 2019–ը նպաստավոր լինի այդ առումով»,– ասաց երգչուհին։

 

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Լիլիթ Բլեյանի նոր ձայնասկավառակի շնորհանդեսն ու լավագույն համերգներից մեկը