«Միսս աշխարհում» կարևորվում է մասնակցի ներքին արժեքները, «Միսս տիեզերքում»` մարմինը. Գոհար Հարությունյանը` այս տարի Գեղեցկության 2 մրցույթ և փառատոն կազմակերպելու մասին

13:13 • 02.04.19

«Մենք շատ ռազմական ենք տրամադրված, որպեսզի Հայաստանում մեր միջոցառումները կկայանան ամեն տարի` առանց ընդմիջման». չնայած բոլոր դժվարություններին ու դատական հայցերին` Գոհար Հարությունյանը շարունակում է մարտական տրամադրվածությամբ կազմակերպել Գեղեցկության ազգային մրցույթ, որի հաղթողները կներկայացնեն Հայաստանը «Միսս տիեզերք» և «Միսս աշխարհ» մրցույթներում։

Ավելին, Գոհարը հայտնեց, որ այս տարի մրցույթն անցկացնելու են փառատոնի տեսքով և առաջին մանրամասները պատմեց Tert.am Life–ին։

«Քանի որ «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» մրցույթների ղեկավարները գոհ էին մեր համատեղ աշխատանքից և գեղեցկուհիների անթերի ելույթից, այս և, համոզված եմ, հաջորդ տարիներին նույնպես, «Միսս Արմենիա» հիմնադրամին է պատկանելու այս երկու ամենահեղինակավոր մրցույթներին Հայաստանը ներկայացնելու բացառիկ իրավունքը»,– ասաց Գոհարը` նշելով, որ Հայաստանում իրենց կազմակերպությունը  միակն է, որն իրավասու է ընտրելու միջազգային այս մրցույթների հայ ներկայացուցիչներին։

Գեղեցկուհու տիտղոսակիրը հայտնեց, որ այս տարի մրցույթն այլ ձևաչափով են անցկացնելու։ «Այս տարի անցկացնելու ենք մրցույթ-փառատոն, որը կկայանա հուլիսի առաջին երկու շաբաթվա ընթացքում: Այս տարվա միջոցառումն է՛լ ավելի կատարելագործված և կրեատիվ է լինելու: Առաջին տարին դասական տարբերակով էինք կազմակերպել ամեն ինչ, նախորդ տարի ավելացավ ժողովրդական պարը` մասնակիցների կատարմամբ: Այս տարի շատ հետաքրքիր միջոցառումներ են սպասվում և շեշտը դրվելու է ոչ թե ճոխության, այլ հետաքրքիր մտահղացումների և մաքուր ելույթի վրա»,– խոստացավ Գոհարը։

Կազմակերպչի խոսքով` դիմորդների քանակն այս տարի ավելի մեծ է, քան նախորդ տարի էր: Գոհարը դա պայմանավորում է նախորդ տարվա հաղթողների` Էլիզա Մուրադյանի և Արենա Զեյնալյանի հաջող ճանապարհ անցնելով։

«Կարծում եմ` դա պայմանավորված է նրանով, որ աղջիկները հետևել են միջազգային մրցույթներում Էլիզայի և Արենայի` Հայաստանը ներկայացնելու ընթացքին և ավելի ոգևորությամբ են ցանկանում լինել մեր միջոցառման մի մասը։ Բացի այդ, «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի լավագույն 15 մասնակիցները կստանան ԱՄՆ Վերջինիա նահանգի «Հոլլինս» համալսարանում 2-4 տարով անվճար ուսանելու հնարավորություն: Այս նվերի արժեքը կազմում է տարեկան 23,000 դոլար»,– ասաց նա։

«Միսս Արմենիա», «Միսս հայուհի», իսկ հիմա «Միսս տիեզերք Արմենիա» և «Միսս աշխարհ Արմենիա». մրցույթն այս տարի ևս անվան փոփոխություն է կրել։ Գոհարի խոսքով` սա վերջնական անվանումն է։ «Քանի որ մենք ունենք «Միսս տիեզերքի» և «Միսս աշխարհի» լիցենզիաները, այս երկու մրցույթները մեր երկրում ներկայացնելու և ճանաչումը ուժեղացնելու համար, հետևեցինք այլ երկրների օրինակին և որպես մրցույթի անվանում որդեգրեցինք այս տարբերակները»,– փոփոխությունը բացատրեց Գոհարը։

«Միսս Արմենիա» հիմնադրամն այս տարի ևս անցկացնելու է 2 մրցույթ։ Պատճառն այն է, որ միջազգային մրցույթները, որոնց մասնակցելու են հաղթողները, տարբեր չափորոշիչներ ունեն։  «Միսս աշխարհը» չի պարտադրում, որ հաղթողը լինի Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ, և մրցույթին կարող են մասնակցել նաև արտերկրում բնակվող հայուհիները, իսկ ահա «Միսս Տիեզերքը» պարտադրում է, որ մասնակիցները լինեն ՀՀ քաղաքացիներ, ովքեր առնվազն վեց ամիս բնակվել են ՀՀ-ում: Ընտրության չափորոշիչները ևս տարբեր են։

««Միսս աշխարհը» տարբերվում է նաև իր գաղափարախոսությամբ և նախընտրությունը տալիս է մասնակցի ներքին արժեքներին, բարությանը, մարդկանց բարեգործության շուրջ համախմբելու ընդունակությանը: Այդ իսկ պատճառով, արդեն երկար տարիներ է` «Միսս աշխարհի», արդեն նաև «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի մասնակիցները չեն ունենալու լողազգեստով ելույթ: «Միսս տիեզերքում» լողազգեստով ելույթը պարտադիր է, քանի որ այն գեղեցիկ և համարձակ աղջիկների համար է: Հետևելով առողջ ապրելակերպին` աղջիկներն ակտիվորեն զբաղվում են սպորտով և համարձակորեն ցուցադրում իրենց ֆիթնես հաջողությունները» ,– ընդգծեց Գոհարը։