Պատմություն առաջնագծից. Սարգիս Գրիգորյանի սպասված ներկայացման պրեմիերան, հուզմունքն ու հայտնի հյուրերը
Երևանում հաճախ են պատկերացնում, թե ինչպիսին է դրությունն առաջնագծում։ Այստեղից ավելի բարձր են գոռում հայրենասիրության մասին, քան առաջնագծում կանգնած տղաները։ Միայն իր պատկերացումներով էլ երիտասարդ օպերատորը գնում է առաջնագիծ` ֆիլմ նկարահանելու նպատակով, իսկ իր երազանքներն իրեն տանում են Ամերիկա։
Սարգիս Գրիգորյանը, Գեորգի Հովակիմյանը, Աշոտ Հակոբյանը, Հայկ Սարգսյանը, Իշխան Ղարիբյանը, Հովհաննես Հաջինյանը Ապրիլի 2–ին Պատանի հանդիսատեսի թատրոնում խաղացին «Անմահների երկիրը» ներկայացումը։ Օրը պատասխանատու էր. առաջնախաղին հրավիրված էին զինվորականներ, Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, որոնք կարող են ներկայացման ամենախիստ քննադատը դառնալ։
Ներկայացման ռեժիսոր Դավիթ Հարությունյանն է, պրոդյուսերն ու տնօրենը` Արմեն Միրզոյանը։ Սարգիս Գրիգորյանն ասաց, որ գաղափարն իր մոտ ծնվել է մեկ տարի առաջ, պիեսի հեղինակն Էդուարդ Զորիկյանն է։ Ներկայացման նկարիչը Կարեն Գրիգորյանն է, կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը: Tert.am Life–ը ներկայացնում է առաջնախաղի մանրամասներն ու հետաքրքիր դրվագները։
Սահմանի մասին զրոյական պատկերացմամբ օպերատորն իրականում կհայտնվե՞ր առաջնագծում ու գործողությունների ազատություն կունենա՞ր, թե՞ ոչ, հարցի մյուս կողմն է, ստեղծագործական թիմն էլ ներկայացումը բեմադրել է իր պատկերացումներով։ Սարգիսն ասաց, որ քննարկումներ ունեցել են, բայց ոչ առաջնագծում ծառայող մարդկանց հետ, 39-ամյա դերասանը շեշտեց, որ տարիներ առաջ ինքն էլ ծառայել առաջնագծում և լավ է պատկերացնում` ինչ է այնտեղ կատարվում։
«Ես էլ եմ եղել առաջնագծում։ Մեկուկես տարի Նախիջևանի սահմանն եմ պահել։ Հիմա յուրաքանչյուր երեխայի հետ ինֆորմացիան ծնվում է։ Կարիք չկա լինել 1915 թվականի մեջ, որպեսզի զգաս ցեղասպանությունը։ Մեր նախնիները ժառանգաբար փոխանցել են մեզ դա։ Մեր տխուր աչքերը դրա վառ ապացույցն են։ Այս դեպքում էլ պարտադիր չէ հասնել առաջնագիծ, որ իմանաս, թե ինչպիսի տղա պիտի դառնաս կամ ինչ է կատարվում առաջնագծում»,– կարծում է Սարգիսը։
Նրա խոսքով` իր հերոսին`Երևանից սահման եկած Գարեգինին, մեղադրել պետք չէ, նա իրական պատկերացում չունի, թե ինչ է կատարվում առաջնագծում։ «Նա քաղաքից եկած սովորական տղա է, որը տեղյակ չէ` այդ ամենից։ Եկել է ֆիլմ նկարահանի ու գնա իր ճանապարհով։ Իհարկե, երբ նման պատասխանատու տեղ ես գնում, որտեղ կյանքն ու մահը մի բարակ թելի վրա են, պիտի շատ զգույշ լինես ու հասկանաս, թե ուր ես եկել, ինչ հարցեր ես տալիս։ Սակայն տղերքը կարողացան իրեն ճիշտ ուղու վրա դնել, ու նա դարձավ այն շատ տղերքից մեկը, որոնք հիմա սահմանին կանգնած են։ Տղերք, որոնք հիմա չկան, բայց ապրում են, որովհետև մեր սրտերում են,– ասաց նա ու հավելեց, որ առաջնախաղին և՛ հուզմունք կա, և՛ պարտավորվածություն։ –Այսօրվա հանդիսատեսի մեծ մասը զինվորներն ու զոհված տղերքի ծնողներն են։ Դահլիճից քար լռություն էի զգում։ Այս հանդիսատեսից ծափեր չէի ակնկալում։ Սա քննություն էր։ Անհամբեր սպասում եմ՝ նայելու իրենց աչքերին՝ հասկանալու գոհունակություն կա՞, թե՞ ոչ»։ Ըստ Սարգսի` ներկայացման մասին արդեն հասցրել է լսել և՛ լավ կարծիքներ, և՛ քննադատություններ, որոնց նորմալ է վերաբերում։
2019–ի գարունը դերասանի համար բեղմնավոր էր, ներկայացրեց ֆիլմ, որտեղ միայն որպես դերասան չէր հանդես գալիս, խաղաց ներկայացման մեջ, որի շրջանակում հանդիսատեսը, ի վերջո, նրան կտեսնի բեմում։ Ասում է` խաղի ընթացքում լարված էր. «Եթե ռեժիսորն ասում է` շնորհավորում եմ, ուրեմն ինչ–որ բան ստացվել է։ Չի կարող չստացվել, եթե մի բանի մեջ սեր ես դնում։ Ներկայացման ամբողջ ընթացքում լարված էի, սակայն դա այն լարվածությունը չէր, որ ես չսխալվեմ։ Ավելի շատ սրտացավություն էր, որ խաղընկերս չսխալվի։ Սա թիմային աշխատանք է։ Սա այնպիսի ներկայացում է, որ եթե 2-3 նախադասություն սխալվեինք, դժվար կլիներ հետ բերել»։
Ըստ նրա` նման ներկայացումներ շատ պիտի լինեն. «Ժամանակի հրամայականն է. մենք մեր երիտասարդներին պետք է պատրաստենք, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել։ Մենք պարտավոր ենք գնալ ու պաշտպանել մեր մայրերին, քույրերին»։
Ի տարբերություն Սարգսի հերոսի` դերասան Աշոտ Հակոբյանը կերպարն առաջնագծում ծառայող զինվոր է, որը սահմանում ծառայությունը շարունակելու ցանկություն է հայտնում։ Դերասանը երկար տարիներ բեմում խաղալու փորձ ունի, սակայն երեկ հուզմունքը մեծ էր, օրվա հանդիսատեսն էր պարտադրող. «Ես խոնարհվում եմ տղերքի առաջ, որոնք կռվել են, վիրավորվել, զոհվել։ Տղերքն անմահ են, իրենք կան ու կլինեն։ Խոնարհվում եմ բոլոր զինծառայողների առաջ։ Չգիտեմ` ինչքանով կարողացանք արդարացնել սպասելիքները, բայց ամենայն պատասխանատվությամբ ենք պատրաստվել այս ամենին։ Այս ամենի ֆենոմենն այն է, որ հավաքվել են մարդիկ տարբեր թատրոններից ու ոչ մի խնդիր չեն ունեցել։ Տա Աստված, ներկայացումը երկար կյանք ունենա»,– ասաց նա։























Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







