Աղաս Մանուկյանը, Գոռ Հակոբյանն ու Մոսո Կարապետյանը բացահայտում են մարզերի երիտասարդ հումորիստներին

18:09 • 08.04.19

Դերասան Աղաս Մանուկյանը Վանաձորում անցկացնում է ՈւՀԱ առաջնություն՝ «Ա՜ Լա Լիգա», որի շրջանակում  Հայաստանի բոլոր մարզերից ուրախներն ու հնարամիտները թիմերով մրցում են իրար դեմ՝ պայքարելով «հումորի չեմպիոն» տիտղոսի համար։ Աղաս Մանուկյանը, Գոռ Հակոբյանն ու Մոսո Կարապետյանը բացահայտում են մարզերի երիտասարդ հումորիստներին` Աղասը` որպես նախագծի ղեկավար, Գոռն ու Մոսոն` որպես ժյուրի։

Առաջնության երեք խաղ արդեն կայացել է, առջևում է եզրափակիչը։ Նրանց կատակները գնահատում է ժյուրին։ Աղասը Tert.am Life-ի հետ զրուցել է նախագծի ստեղծման, դրա նպատակի ու հեռանկարների մասին։  

«Նախագիծը ստեղծելու միտքն իմն է, գեղարվեստական հարցերով ինձ հետ աշխատում է ընկերս՝ Աղաս Ղարագյոզյանը։ Ես պրոդյուսերական հարցերով եմ զբաղվում, գործընկերս զբաղվում է սցենարով և աշխատում թիմերի հետ։ Անվան մի հատվածը նույնացրել ենք Իսպանիայի ֆուտբոլի առաջնության՝ «Լա Լիգայի» հետ ու  ավելացրել  «Ա՜»-ն, Վանաձորի բարբառով շատ հետաքրքիր է հնչում «Ա՜ Լա Լիգա», քանի որ այնտեղ էլ սովորություն կա բառերից առաջ դնել «Ա՜ Լա»։ Հետաքրքիր բառախաղով անուն ստացանք»,– պատմեց Աղասը` նշելով, որ իրենց նպատակն է մարզի երիտասարդենրին ներքաշել հետաքրքիր ու ակտիվ առօրյայի մեջ։

«Սա նախագիծ է, որը կարող է համախմբել Վանաձորի երիտասարդությանը։ Շատ կարևոր է, որ մարզերից երիտասարդները նույնպես ակտիվ լինեն, հնարավորություն ու հարթակ ունենան։ Վանաձորում շատ վաղուցմի եղել է  ՈւՀԱ առաջնություն, բայց թող մեծամիտ չհնչի, նման մասշտաբի առաջնություն դեռ չէր եղել։ Մեզ համար նպատակ է նաև, որ ՈւՀԱ-ն կենտրոնացնենք Վանաձորում»,- ասաց Աղասը։

Նրա խոսքով` առաջնության շրջանակներում անցկացված երեք խաղից հետո արձագանքները շատ մեծ են,  արդեն հաջորդ խաղաշրջանում հայտեր ունեն Նոյեմբերյանից, Գյումրիից, Երևանից ու Մասիսից։ «Կիսաեզրափակչի ժամանակ ես հրավիրել էի հյուրեր տարբեր քաղաքներից, որոնք ցանկություն էին հայտնել երկրորդ խաղաշրջանում իրենց թիմերն ունենալ։ Իրենք էլ շատ տպավորված էին։ Այս խաղաշրջանին մենք երկու թիմ ունեինք, որոնք Վանաձորից չէին՝ մեկը Մասիսից էր, մյուսը Երևանից, բայց նրանք չհասան եզրափակիչ ու եզրափակչում կմրցեն Վանաձորից երեք թիմ»,- ասաց Աղասն ու հավելեց, որ իրենց լիգան տարիքային սահմանափակում չունի՝ կարող են մասնակցել թե՛ դպրոցականները, թե՛ ուսանողները, թե՛ ավելի մեծ տարիքի հավաքական թիմերը։  

«Ա՜ Լա Լիգա»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին, նույն օրն էլ կպարզեն խաղաշրջանի չեմպիոնին։ «Եզրափակիչ խաղին որոշեցի փոքրիկ էքսպերիմենտ անել։ Ժյուրիում բացի հիմնական երկու անդամներից՝ Գոռից ու Մոսոյից, կլինեն նաև հոմորիստ Հովհաննես Դավթյանը, «Հումորի Լիգա» նախագծից հայտնի Լևոն Խաչատրյանը և ևս երկու ժյուրի, որոնց մասին չեմ խոսի, որովհետև մասնակիցների համար անակնկալ է լինելու»,- ասաց Աղասն ու հավելեց, որ «Ա՜ Լա Լիգա»-ի երիտասարդներից կազմված հավաքական թիմը մասնակցում է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հումորի Լիգա» նախագծին։

Զառա Ղազարյան

Աղաս Մանուկյանը, Գոռ Հակոբյանն ու Մոսո Կարապետյանը բացահայտում են մարզերի երիտասարդ հումորիստներին